«Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունն ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի բացահայտած խնդիրները ներկայացվեցին  Ռոմանոս Պետրոսյանին

«Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունն ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի բացահայտած խնդիրները ներկայացվեցին  Ռոմանոս Պետրոսյանին

Սույն թվականի ապրիլի 30-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում «ԷկոԼուր» տեղեկավական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունն ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի որոշակի արդյունքներ հանքարդյունաբերական խնդիրների վերաբերյալ:

Այդ խնդիրներն են.

Արմանիսի ոսկի բազմամետաղային հանքավայրի մասին

«Սագամար» ՓԲԸ-ն Լոռու մարզի Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրը  պետք է շահագործեր 2012-2049թթ. ընթացքում: Հանքը չի շահագործվում 2015թ-ից: Թթվային ջրերը հոսում են Չքնաղ գետ: Լցակույտերով աղտոտված են Ստեփանավան համայնքի վարելահողերը: Հանքարդյունաբերական թափոնները լցված են Չքնաղ գետի կիրճ:

Ըստ ԱՃԹՆ կայքում հրապարակված ՀՀ բնապահպանության նախարարության 2016-2018թթ. հաշվետվությունների՝ մշտադիտարկումների իրականացման վճարի բազային չափ ՀՀ բնապահպանության նախարարությունը «Սագամար» ՓԲԸ-ի համար չի սահմանել, ընկերությունն այդ նպատակով գումարներ չի վճարել: Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հաշվարկման բազային չափը նախարարությունը սահմանել է 46500450 դրամ: Դրամագլխի համալրման համար 2016-2018թթ. ընկերությունը գումարներ չի վճարել: Բնապահպանական հարկեր չի վճարել:

Առաջարկներ

Սահմանել օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման մշտադիտարկումների համար բազային հաշվարկման չափ այն ընկերությունների համար, որոնց համար ժամանակին չի սահմանվել նման վճար:

Վճարների սահմանման համար լիազոր մարմինը կարող է օգտվել ընդերքօգտագործման պայմանագրերի փոփոխությունների (պաշարների վերահաշվարկ, հատկացված տարածքների կոորդինատների փոփոխություն) գործընթացի ժամանակ:
Միջնորդել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին ընկերությունում իրականացնելու համալիր ստուգումներ և հաշվարկելու շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը, օրենքով սահմանված կարգով վերականգնել հաշվարկված գումարները: 

Խորհրդային տարիներին շահագործված Դաստակերտի պոչամբարի, լցակույտերի ու հանքախորշերի մասին

Դաստակերտի պոչամբարը համարվում է կոնսերվացված, սակայն շարունակում է աղտոտել շրջակա միջավայրը: Պոչամբարն անգամ ներառված չէ ՇՄ նախարարության մշակած «Մետաղական օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում գոյացած ընդերքօգտագործման թափոնների, լքված/տիրազուրկ արտադրական լցակույտերի և փակված օբյեկտների վերաբերյալ տեղեկատվական բազա» փաստաթղթում:

Խորհրդային տարիներին շահագործված Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրի լցակույտերը չեն ռեկուլտիվացվել, հանքախորշերը չեն փակվել՝ շարունակելով աղտոտել շրջակա միջավայրը:

Առաջարկներ

Գտնել ֆինանսական միջոցներ պետական սեփականություն համարվող Դաստակերտի պոչամբարի հիմնովին ռեկուլտիվացման, լցակույտերի չեզոքացման, հանքախորշերի կոնսերվացման համար:

«Բողաքար» արգելավայրը հանքարդյունաբերության ճնշման տակ

«Արևիք» ազգային պարկի «Բողաքար» արգելավայրի տարածքով «Լիճքվազ» ՓԲԸ-ն (նոր անվանումը - «ԷՅՋԻԱՐՍԻ» (Արմենիան Գոլդ Րիսորս Քորփորեյշն) ՍՊԸ) Կապանի լեռնահարստացման կոմբինատ է տեղափոխում Լիքվազ-Թեյի ոսկու հանքավայրից  արդյունահանված հանքաքարը՝ անտեսելով արգելավայր մուտքն արգելող ցուցանակը:

Գեղանուշի պոչամբարի խնդիր

Սյունիքի մարզի Գեղանուշ բնակավայրի տարածքում է գտնվում Գեղանուշի պոչամբարը՝ ծավալը՝ 11 միլիոն խմ, մակերեսը՝ 45 հեկտար: Գեղանուշի պոչամբարի ՇՄԱԳ-ը ստացել է բնապահպանական փորձաքննական դրական եզրակացություն Կապանի լեռնահարստացման կոմբինատի արտադրական թափոնների տեղակայման համար: 2018թ-ին «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ն փորձաքննության ներկայացրեց «Գեղանուշի պոչամբարի անվտանգությունն ու հուսալիությունը բարձրացնելու աշխատանքների» ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը, որի փորձաքննության հայտը նախարարությունը հետ է ուղարկել: Ըստ հայտի՝ 8.5 բալը գերազանցող սեյսմիկ ազդեցության դեպքում պոչամբարի պատվարի ստորին բիեֆում հնարավոր է պատվարի փլուզում և պուլպայի արտահոսք, որը կարող է ծածկել պատվարից ներքև տարածքները, ներառյալ արտադրական և այլ շինություններ, հաղորդակցության և այլ ենթակառուցվածքներ:

Մինչ օրս գնահատված չէ Գեղանուշի պոչամբարի վրա Լիճքվազ-Թեյի հանքավայրից հանքաքարի վերամշակման արդյունքում պոչանքների ծավալը, որոնք իրենց հերթին ծանրաբեռնում են պոչամբարը:

Առաջարկ

Գնահատել պոչամբարի վրա կումուլիատիվ ազդեցությունը:

Պարտադրել ընկերությանը ամրացնել պատվարը՝ վթարներից խուսափելու համար:

Տերտերասարի ոսկու հանքի մասին

Սյունիքի մարզի Տերտերասարի ոսկու հանքի շահագործման ծրագիրը չի իրականացվում, սակայն Մեղրի գետը շարունակում է աղտոտվել հանքի տարածքից եկած ջրերով, փոշով: Պոչամբարը դեռ ծածկված չէ, անձրևաջրերը ներթափանցում են Մեղրի գետ:

Առաջարկ

Քանի որ Տերտերասարի հանքի ընդերքօգտագործող ընկերությունն առկա չէ ԱՃԹՆ-ի ընկերությունների ցանկում, հստակեցնել հանքի ընդերքօգտագործող ընկերության տվյալները և սեփականատերերին, հստակեցնել նրանց պատասխանատվությունը ընդերքօգտագործման պայմանագրով ստանձնած պարտավորությունների վերաբերյալ:

Թուխմանուկի ոսկու հանքավայրի մասին

«Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն, որը տիրապետում էր Թուխմանուկի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը, չի աշխատել 2015թ-ից: Սնանկ է ճանաչված: Ռեկուլտիվացված չեն հանքի 3 պոչամբարները: Ընկերությունը 2016-2018թթ. չի կատարել վճարումներ Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին, մշտադիտարկումների համար, չի վճարել բնապահպանական հարկեր:

Ազդակիր համայնքի կարգավիճակ

Արարատի ցիանային պոչամբարը գտնվում է Արարատի մարզի Արարատ համայնքի վարչական տարածքում: Համայնքը կրում է պոչամբարի բացասական ազդեցությունը, սակայն չունի ազդակիր համայնքի կարգավիճակ:

Առաջարկ

Վերանայել բոլոր ընկերությունների ՇՄԱԳ-երը, այնտեղ ներառել իրական բացասական ազդեցություն կրող համայնքներին, որպեսզի նրանք կարողանան օգտվել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» օրենքով նախատեսվող պետական սուբսիդիաներից բնապահպանական ծրագրերի իրականացման համար:

Զեկույցից հետո նախարարի պաշտոնակատար Պետրոսյանը խնդրեց պաշտոնական նամակով Շրջակա միջավայրի նախարարությանը տրամադրել ուսումնասիրության արդյունքները և ողջ փաստական տվյալները՝ դրանց հետագա ընթացք տալու նպատակով։

Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ շուտով ամփոփվելու են ծրագրի արդյունքները, որոնք կներկայացվեն նախարարությանը:

ԷկոԼուրը  նախարարությանն արդեն իսկ ուղարկել է բոլոր այն ընկերությունների ցանկը, որոնց համար մշտադիտարկման վճարներ չեն սահմանվել:

Մայիս 04, 2021 at 17:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր