

2021թ. մայիսի 3-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Կլիմայական կարգավորիչ դեր ունեցող Հայաստանի անտառների խնդիրները և լուծումները» փորձագիտական կլոր սեղանը: Քննարկվեցին անտառների կառավարմանը վերաբերող խնդիրները, Հայաստանում անտառի պահպանությանն ուղղված ծրագրերը, ներկայացվեցին անտառային ոլորտում իրականացված իրավախախտումներն ու օրենսդրական դաշտում առկա բացերն ու դրանց կարգավորման ուղիները:
Ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին՝ ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը նշեց, որ Հայաստանի անտառային ռեսուրսների վերականգնման և բարելավման հարցը կարևորվում է Փարիզի համաձայնագրի նպատակների ներքո Հայաստանի կողմից վերցրած պարտավորությունների շրջանակներում և մեծ աշխատանք է տարվում՝ ներգրավելու համար միջազգային համայնքի աջակցությունը: «Ապրիլի 22-ին Հայաստանը Փարիզի համաձայնագրի ներքո ներկայացրեց իր թարմացված դիրքորոշումը մինչև 2030թ.: Այդ դիրքորոշման մեջ հստակ է, որ վերցնում ենք պարտավորություններ՝ ավելացնելու անտառապատ տարածքները: Կարևոր է հասկանալ, որ ունենք պարտավորություններ ինչպես մեր բնակչության և կայուն ապագայի, այնպես էլ միջազգային համայնքի առաջ: Մեզ մոտ անտառը փայտ չէ, անտառը՝ կենսաբազմանություն է, ունի ջրային ռեսուրսների հոսքի կառավարման, հողապաշտպան և արտակարգ իրավիճակները մեղմող ֆունկցիա»,- ասաց նա:
«Անտառների կառավարում՝ խնդիրներ և լուծումներ» զեկույցով հանդես եկավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանը: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետ Իրինա Ղափլանյանը ներկայացրեց «Հայաստանի անտառների կայունություն` գյուղական համայնքներում կանաչ աճի մեղման և հարմարվողականության խթանում» ծրագիրը: ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության բուսական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Միքայել Սանթրոսյանն անդրադարձավ անտառային ոլորտում տեսչության հայտնաբերած խախտումներին, օրենսդրական բարեփոխումներին: «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը հանդես եկավ «Անտառի վիճակի վերաբերյալ հասարակական գնահատական» զեկույցով:
Արուսյակ Սիրադեղյանն իր ելույթում նշեց, որ անտառային կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու համար 2018թ. ստեղծվել է Անտառային կոմիտեն, իսկ ներկայումս Անտառային օրենսգրքում փոփոխություն է կատարվելու՝ անտառային ծառայություն ստեղծելու համար, որպեսզի անտառի պահպանությունն օգտագործումից տարանջատվի, և անտառների պահպանությունն իրականացվի առավել արդյունավետ:

Բանախոսը նշեց, որ 2019-2020թթ. պետական բյուջեի ֆինանսավորմամբ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում՝ 1264 հա տարածքում կատարվել են անտառվերականգնման ու անտառապատման աշխատանքներ, որից 273 հա տարածքում՝ ցանքի ու տնկման միջոցով, 991 հա տարածքում՝ անտառի բնական վերաճի օժանդակման միջոցով: ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի աջակցությամբ 2018-2020թթ. ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում կատարվել են ավելի քան 5000 հա անտառվերականգնման աշխատանքներ՝ անտառի բնական վերաճի օժանդակման միջոցով:
Արուսյակ Սիրադեղյանը նշեց, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնկարաններում աճեցվել է անտառ կազմող տարբեր ծառատեսակների շուրջ 2 միլիոն տնկանյութ: Իսկ այս տարի մեկնարկող և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) կողմից ֆինանսավորվող «Հայաստանի անտառային կայունություն» ծրագրի շրջանակներում Հայաստանի Լոռու և Սյունիքի մարզերի անտառային հողերում և համայնքային տարածքներում առաջիկա տարիներին նախատեսվում է կատարել լայնածավալ անտառվերականգնման ու անտառապատման աշխատանքներ, ինչպես նաև հիմնադրել փակ արմատային համակարգով տնկանյութի աճեցման ժամանակակից տնկարանային համալիրներ:
Անդրադառնալով անտառկառավարման պլանների խնդրին` բանախոսը նշեց, որ պետական բյուջեի ֆինանսավորմամբ 2020թ. մշակվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սիսիանի և Ճամբարակի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառկառավարման պլանները, որոնք ներկայումս գտնվում են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության փուլում: «Մշակման փուլում է «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառկառավարման պլանը, որը կավարտվի 2021թ. առաջին կիսամյակում: ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի գրասենյակի կողմից «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում 2018-2020թթ. ընթացքում մշակվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի, Տաշիրի, Ջիլիզայի, Վանաձորի, Իջևանի և Նոյեմբերյանի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառկառավարման պլանները, որոնք ներկայումս գտնվում են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության փուլում»,- նշեց նա:
Ըստ Սիրադեղյանի՝ անտառների կադաստրի վարման նպատակով 2019 թվականից պետական բյուջեից հատկացվում է տարեկան 15 միլիոն դրամ: 2019-2020թթ. անտառների կադաստրի վարման նպատակով ձեռք են բերվել ամենագնաց մեքենա, անօդաչու սարք, համակարգչային տեխնիկա ու սարքավորումներ: Իսկ 2021թ. նախատեսվում է ձեռք բերել անտառների կադաստրի վարման համակարգչային ծրագիր, ինչպես նաև որոշ տեխնիկական միջոցներ ու սարքավորումներ:
Որպես դրական արդյունք Արուսյակ Սիրադեղյանը նշեց, որ անտառպահպանության աշխատողների համար պետական բյուջեի ֆինանսավորմամբ 2019թ. ձեռք է բերվել ամառային և ձմեռային արտահագուստ, իսկ արդեն 2021թ. միջինում 30 տոկոսով բարձրացվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ու մասնաճյուղերի աշխատողների աշխատավարձերը:
Մայիս 12, 2021 at 17:21
