Հայաստանում մեկնարկել են ջրային ռեսուրսների հարմարվողականության ծրագրի պլանավորման աշխատանքները

Հայաստանում մեկնարկել են ջրային ռեսուրսների հարմարվողականության ծրագրի պլանավորման աշխատանքները

Հայաստանում մեկնարկել են «Հարմարվողականության ազգային ծրագիր` Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում ջրային ռեսուրսների հարմարվողականության ծրագրի պլանավորման աշխատանքները:

Ապրիլի 27-ին տեղի ունեցած աշխատաժողովին Հայաստանում Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակի թիմի ղեկավար Ֆլորենս Պինտուսը ներկայացրեց Հայաստանի ջրային ոլորտի հարմարվողականության ծրագրի մշակման նպատակը, աշխատանքի շրջանակն ու ակնկալվող արդյունքները: Նա նշեց, որ նախատեսվում են հստակ միջոցառումներ՝ խթանելու կլիմայի փոփոխության պայմաններում ջրային սեկտորի կայունության բարձրացումը:

Ջրային ռեսուրսների հարմարվողականության ծրագրի պլանի հաստատման երեք տարբերակ է նախատեսվում: Ըստ տիկին Պինտուսի՝ առաջին տարբերակով հարմարվողկանության պլանը կհաստատվի ՀՀ կառավարության որոշմամբ, որին կհետևի ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների կատարումը: «Այն կունենա նորմատիվային բնույթ և հետագայում իրավաբանորեն պարտադիր ազդեցություն կունենա բոլոր պետական և մասնավոր սուբյեկտների վրա»,- նշեց նա: 

Երկրորդ տարբերակով պլանը կհաստատվի Կառավարության որոշմամբ՝ առանց շաղկապելու Ջրային օրենսգրքին: «Այս դեպքում այն կունենա տեղական բնույթ և իրավաբանորեն պարտադիր կլինի միայն դրանում նշված պետական մարմինների համար»,- նշեց նա:

Երրորդ տարբերակով պլանը կհաստատվի Շրջակա միջավայրի նախարարի հրամանով՝ առանց ջրային օրենսգրքի հետ կապելու: «Այս դեպքում այն կունենա տեղական բնույթ և իրավաբանորեն պարտադիր կլինի միայն Շրջակա միջավայրի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների համար»,- ասաց Ֆլորենս Պինտուսը:

«Պետք է հետևել  ջրային ոլորտի քաղաքականության մարտահրավերներին կլիմայի փոփոխության հետ կապված, վերլուծել կառավարության պատասխանատվությունը կլիմայի փոփոխությանը հարմարվելու գործում: Պետք է որոշվեն ռազմավարական նպատակները, գերակայությունների վերագրումով քայլերն ու ակնկալվող արդյունքները, ներկայացվեն առաջարկություններ միջոլորտային համակարգման համար»,- նշեց նա:

Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակի ազգային փորձագետ Օլիմպիա Գեղամյանը ներկայացրեց կլիմայի փոփոխության քաղաքանությունը Հայաստանում և դրա համադրումը ջրային ոլորտի քաղաքականության հետ: Օլիմպիա Գեղամյանը նշեց. «Եթե մենք ունենք պետական կառավարման մարմինների իրավասությունների հստակ շրջանակ, դա նշանակում է, որ իրենք կիրականացնեն արդյունավետ կառավարում: Պետք է հաշվի առնենք միջազգային գործընթացները և այն բոլոր նախաձեռնությունները, որոնք առկա են տվյալ երկրում, և դա բաժանվում է երկու ուղղությունների՝ միջազգային և ներպետական»:

Լուսանկարը՝ ՄԱԶԾ֊ԿԿՀ ՀԱԾ ծրագրի

Բանախոսն անդրադարձավ մի քանի միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների, որոնց անդամ-երկիր է նաև ՀՀ-ը և որոնց հիման վրա էլ համապատասխան քաղաքականություն են իրականացնում մեր երկրում: Մասնավորապես դրանք են՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան, Ազգային մակարդակով  նախատեսված գործողությունները (NDC) Փարիզյան համաձայնագիրը, Կենսաբազմազանության մասին կոնվենցիան և սկզբունքները, Կայուն զարգացման սկզբունքները, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիան, Եվրոպական Միության դիրեկտիվները, Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Ըստ նրա՝ ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են և պետք է հաշվի առնել, որ ունենք օբյեկտիվ իրականություն և կլիմայի փոփոխությունը անվտանգության տեսանկյունից մարդկանց առերեսված ամենամեծ մարտահրավերն է: «Ճիշտ կլինի թե՛ օրենսդրության, թե՛ միջազգային ոլորտներում հասնենք նրան, որ մեր երկրի քաղաքականությունը ոչ թե լինի դրվագային, առանձին միջոցառումների տեսքով, այլ մեկ միասնական նպատակի ծառայի և պետական կամք դրսևորվի: Պետք է ունենանք կայուն օրենսդրություն, որը հնարավորինս մեղմում է ջրային ռեսուրսների խոցելիությունը և ավելացնում է հարմարվողականությունն այս ոլորտում»,- նշեց նա: 

Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակի Կլիմայի փոփոխության և ջրային ոլորտի հարմարվողականության փորձագետ Ալեքսանդր Առաքելյանն անդրադարձավ դիտվող և կանխատեսվող կլիմայական և հիդրոլոգիական ցիկլի փոոխություններին, նշելով, որ պետք է մաքսիմալ հստակեցնել ջրապահանջարկը կլիմայի փոփոխության համատեքստում:

Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակի գենդերային հարցերով փորձագետ Արմենուհի Բուրմանյանը ներկայացրեց Կլիմայի փոփոխության գենդերային դիտարկումը և սոցիալական ազդեցությունը: Նա նշեց. «Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, թե ինչպես է կլիմայի փոփոխությունն ազդում գենդերային անհավասարության վրա և կյանքի որակի վրա, խորացնում աղքատությունը: Կլիմայի փոփոխության ազդեցությունները մեղմելու ծրագրեր մշակելիս պետք է հաշվի առնենք նաև այս հետևանքները»,- ասաց Արմենուհի Բուրմանյանը:

Ըստ բանախոսի՝ կլիմայի փոփոխությունը մեծացնում է գենդերային անհավասարությունը, նվազեցնում կանանց ֆինանսական անկախ լինելու կարողությունը և ընդհանուր բացասական ազդեցություն է ունենում կանանց սոցիալական և քաղաքական իրավունքների վրա, հատկապես այն տնտեսություններում, որոնք մեծապես հիմնված են գյուղատնտեսության վրա: Կանայք տնային տնտեսություններում ջրի հիմնական օգտագործողներն են, ինչը կապված է ավանդաբար կանանց վրա դրված պարտականությունների իրականացման հետ։ «Տղամարդկանց աճող միգրացիայի պայմաններում կանանց ներգրավվածությունը գյուղատնտեսական աշխատանքում ավելի է մեծանում»,- նշեց նա։

Ըստ բանախոսի՝ Հայաստանը զգալիորեն բարելավել է խմելու ջրի մատակարարումը: «Քաղաքային բնակչության ավելի քան 96%-ն ունի անվտանգ կառավարվող սանիտարական ծառայություններ: 2012թ.-ից ի վեր Հայաստանի մարզերում կառուցվել են կեղտաջրերի մաքրման երեք նոր մեխանիկական կայաններ և վերականգնվել՝ գոյություն ունեցող երկու կայաններ: Հայաստանում բնակչության 23.4%-ին հասանելի չեն բարելավված ջրահեռացման, կեղտաջրերի հավաքման և մաքրման ծառայությունները: Անվտանգորեն կառավարվող սանիտարական ծառայությունների մատչելիություն ունեցող քաղաքային և գյուղական բնակչության միջև խզումը կազմում է 47.5%: 579 բնակավայրում (որից միայն երկուսն են քաղաքային)` 680 հազար բնակչությամբ, ջրամատակարարումն իրականացվում է համայնքապետարանների կողմից, այլ ոչ թե ջրային օպերատորների կողմից: Այս համայնքներում ջրի սպառման վերաբերյալ տվյալներ գոյություն չունեն, քանի որ չկա ջրի օգտագործման չափում»,- ասաց նա։

Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակի ջրային ռեսուրսների կառավարման փորձագետ Լիանա Մարգարյանն խոսեց այն մասին, թե ջրային ոլորտի հարմարվողականության ծրագրերում ինչ ենթաոլորտներ են ներառելու և ինչպես են տեսնում միջոլորտային խնդիրներն ու դրանց լուծումները: 

Նա նշեց, որ Հայաստանում տարեկան օգտագործելի մակերևութային ջրերը կազմում են 8.1 մլրդ մ3 ,իսկ ստորերկրյա ջրերը՝ 1 մլրդ մ3 : «Հայաստանն իր 3 միլիոն մշտական բնակչությամբ տարեկան մեկ անձի հաշվով շուրջ 3100 մ3 ջուր կարող է մատակարարել։ Թվում է, թե մեծ քանակություն է, և խնդիր չունենք, սակայն ջրային ռեսուրսների տարածական և ժամանակային բաշխումն անհամաչափ է և չի ապահովում ջրապահանջն ըստ ջրօգտագործման տարբեր ոլորտների։ Հայաստանը ցածր ջրի մատչելիություն ունեցող երկիր է և ենթակա է ջրի սթրեսի՝ 45% ջրօգտագործմամբ: Ապագայում ինչպե՞ս կլինի: Ըստ կանխատեսումների, 2030-2040թթ ՀՀ կենտրոնական և հարավային մասերում ջրի սթրեսի ինդեքսը կաճի մինչև 80%»,- նշեց նա:

Լիանա Մարգարյանը ասաց, որ տարբեր միջոցառումներով հնարավոր է ապահովել ջրի որոշակի քանակություն և հասանելիություն, ապա հարց է առաջանում՝ այդ ջրի քանակությունը արդյո՞ք պիտանի կլինի տարբեր ոլորտներում օգտագործելու համար:

Ըստ Լիանա Մարգարյանի՝ ոլորտի զարգացման ռազմավարության և հայեցակարգերում ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը հաշվի չի առնվում և գնահատված չէ: «Նախատեսվում է մշակել ջրային ոլորտի հարմարվողականության ծրագիր, որը թույլ կտա դիտարկել ջրօգտագործման ենթաոլորտներն ազգային մակարդակով: Ծրագրում հաշվի կառնվեն ջրային հաշվեկշռի, ջրի քանակի և որակի, բնապահպանական հոսքի, ջրի մատչելիության, պահանջարկի ներկայիս և կանխատեսվող փոփոխությունները: Կիրականացվեն ջրային ակտիվների գույքագրում և տնտեսական վերլուծություններ: Հաշվի կառնվի նաև տարբեր ջրօգտագործողների և հողօգտագործողների աշխարհագրական տեղադիրքը, ինչպես նաև՝ ջրի դերը կլիմայի փոփոխության նկատմամբ 6 առավել խոցելի ոլորտներում՝, մարդու առողջություն, գյուղատնտեսություն, ներառյալ՝ ձկնաբուծություն, էներգետիկա, բնակավայրեր ու ենթակառուցվածքներ և զբոսաշրջություն»,- նշեց նա։

Անդրադառնալով ջրի ոլորտի՝ կլիմայի փոփոխության նկատմամբ 6 առավել խոցելի ոլորտներին, բանախոսը ընդգծեց, որ դրանք ընտրվել են հիմնվելով «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո ՀՀ ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններին/ներդրումին» հավանություն տալու և «Փարիզյան Համաձայնագրի ներքո ՀՀ 2021-2030թթ ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» կառավարության որոշումների վրա:

Մայիս 18, 2021 at 11:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր