Հայաստանը պարտավորվել է մինչև 2030թ-ը 50 հազար հա անտառ տնկել

Հայաստանը պարտավորվել է մինչև 2030թ-ը 50 հազար հա անտառ տնկել

Հայաստանի Կառավարությունը 2021թ. ապրիլի 22-ին հաստատեց Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի 2021-2030թթ․ վերանայված «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները»: 

Վերանայված գործողությունների համաձայն՝ Հայաստանը վերցրել է պարտավորություն մինչև 2030թ. երկրի անտառապատվածությունը հասցնել 12,9%-ի:

«50 հազար հա նոր անտառ պետք է ավելանա: Եթե այս տարվանից սկսենք, պետք է տարեկան 5000 հա նոր անտառ տնկենք: Մասնագիտական կարողություները պետք է բարելավվեն, տնկարանային տնտեսություն զարգանա, փակ արմատային համակարգով տնկանյութ աճեցնենք: Ներկայում երկու ջերմոց ունենք, շուտով ևս վեցը կլինի: Երկրին պետք է լինելու տարեկան աճեցնել 15 միլիոն տնկանյութ: Իսկ դա հնարավոր է՝ եթե լծվենք և սկսենք աշխատել»,- ասաց Անտառային կոմիտեի խորհրդական Ռուբեն Պետրոսյանը 2021թ. մայիսի 3-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Կլիմայական կարգավորիչ դեր ունեցող Հայաստանի անտառների խնդիրները և լուծումները» փորձագիտական կլոր սեղանի ժամանակ:

Անտառները և անտառային հողերը 1993թ. անտառների պետական հաշվառման արդյունքներով կազմում են երկրի տարածքի շուրջ 11.2 %-ը՝ 460 հազար հա, որից 334.1 հազար հա-ն անտառածածկ տարածքներ են: Մինչդեռ անկախ փորձագետների հաշվարկներով՝ Հայաստանում անտառահատումների հետևանքով անտառածածկը կրճատվել է` հասնելով մինչև 7-10%-ի: Հետագա տարիներին անտառային տարածքներում տեղի ունեցած փոփոխությունների մասին տեղեկատվությունը բացակայում է պաշտոնական փաստաթղթերում:

ԷկոԼուրի փորձագետ Վիկտորյա Բուռնազյանի հարցին, թե արդյոք 12,9% անտառպատվածության հասնելու են՝ հիմք ընդունելով 11,2 % անտառապատվածության ցուցանիշը, թե փորձագիտական հաշվարկները, ըստ որոնց անտառածածկը 11,2 %-ից պակաս է: Ռուբեն Պետրոսյանը պատասխանեց, որ 2030թ. անտառապատվածության 12,9%-ին հասնելու համար հիմք է ընդունվել 11,2 %-ը: Այսինքն՝ անտառածածկը կավելանա 1,7%-ով:

Անտառածածկ տարածքների ծավալների անճշտության մեկ պատճառն էլ ժամանակին անտառային հողերը համայնքային հողեր փոխադրելու և հակառակն իրականացված գործողությունների հետևանքն է: «2004թ. համայնքների կադաստր էր արվում, որի ժամանակ պարզվեց, որ մոտ 25 հազար հա անտառային հող և անտառ գնացել է համայնքին որպես ոչ անտառ և համայնքից եկել է ինչ-որ հող, որպեսզի անտառային հեկտարը պահպանվի: Հիմա ունենք համայնքում անտառ, որը նշված է որպես արոտ: Եղել է հնարավորություն, և որպես արոտ վաճառել են, սկսել են կտրել կամ չկտրել ծառերը: Հիմա շտկելով գնում ենք: Անտառտնտեսությունների կառավարման պլանները հաստատելու դեպքում արդեն հստակ կլինի, թե ինչ է եկել հետ և ինչ է գնացել»,- ասաց Ռուբեն Պետրոսյանը:

Մայիս 19, 2021 at 13:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր