Նոր ծրագիրը նախատեսում է 2,5%-ով ընդլայնել Հայաստանի անտառածածկը, 30%-ով նվազեցնել վառելափայտի պահանջը

Նոր ծրագիրը նախատեսում է 2,5%-ով ընդլայնել Հայաստանի անտառածածկը, 30%-ով նվազեցնել վառելափայտի պահանջը

2021թ-ի աշնանը կմեկնարկի «Հայաստանի անտառների կայունություն` գյուղական համայնքներում կանաչ աճի մեղմման և հարմարվողականության խթանում» ծրագիրը: Այն կիրականացվի ՀՀ Լոռու և Սյունիքի մարզերում, որտեղ տեղակայված է Հայաստանի անտառային ֆոնդի 49%-ը: Ծրագրով նախատեսվում է 2,5%-ով ընդլայնել Հայաստանի անտառածածկը, վառարանների արդյունավետության բարձրացման միջոցով նվազեցնել վառելափայտի պահանջը 30%-ով, ուժեղացնել կայուն և կլիմայի տեսանկյունից հարմարվողական անտառկառավարման գործիքակազմը: Ծրագրի բուն տևողությունը կկազմի ութ տարի, սակայն ծրագրի իրականացման արդյունքում հետծրագրային ընթացքը նախատեսված է քսան տարի: Այս մասին ասաց Ծրագրի՝ կլիմայի փոփոխության գծով միջազգային փորձագետ Իրինա Ղափլանյանը 2021թ. մայիսի 3-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Կլիմայական կարգավորիչ դեր ունեցող Հայաստանի անտառների խնդիրները և լուծումները» փորձագիտական կլոր սեղանի ժամանակ:

Ծրագիրն ունի ֆինանսավորման մի քանի աղբյուր: Ըստ Իրինա Ղափլանյանի՝ Կանաչ կլիմայի հիմնադրամը նախատեսել է ուղիղ դրամաշնորհով տրամադրել 10 միլիոն դոլար, իսկ մի քանի կազմակերպություններ ներգրավված են որպես համաֆինանսավորողներ: Դրանք են՝ Ավստրիայի զարգացման գործակալությունը, WWF-ը,  Իտալիայի Տորցիանո համայնքը: Հայաստանի կառավարությունը մասնակցում է բնեղեն ներդրմամբ: «Ընդհանուր ծրագրի գումարը հասնում է մոտ 18 միլիոն դոլարի»,- նշեց Իրինա Ղափլանյանը: Ըստ նրա՝ իրականացնող մարմինները լինելու են FAO-ի տեղական գրասենյակն ու Շրջակա միջավայրի նախարարության Ծրագրերի իրականացման գրասենյակը: 

Անդրադառնալով Ծրագրի հիմնավորմանը՝ բանախոսը նշեց. «Հայաստանի անտառները շատ խոցելի են: Ծրագրի բոլոր բաղադրիչները կապված են կլիմայի փոփոխության և կլիմայի փոփոխության տեսանկյունից Հայաստանի խոցելության հետ: Ըստ հետազոտությունների և  վերլուծությունների՝ Հայաստանի էներգիայի գլխավոր աղբյուրը հատկապես՝ գյուղական համայքներում, վառելափայտն է: Գյուղական համայնքներում բնակչության 74%-ը սպառում է վառելափայտ: Գյուղական համայնքներում օգտագործվող վառարանները էներգարդյունավետության շատ ցածր տոկոս ունեն՝ ընդամենը 40%: Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով ծրագիրը թիրախավորում է և՛ մեղմման, և՛ հարմարվողականության գործողություններ»,- նշեց նա:

Ըստ Իրինա Ղափլանյանի՝ ծրագիրն ունի մի շարք բաղադրիչներ: «Մի բաղադրիչի արդյունքում կստեղծվեն երեք տնկարաններ առաջին տարվա ընթացքում և մինչև տարեվերջ: Այդ տնկարաններում կարտադրեն կլիմայի փոփոխության տեսանկյունից դիմացկուն տնկանյութ, կհամագործակցեն «Հայանտառի» աշխատակազմի հետ և կբարձրացնեն նրանց կարողությունները: Վեցերորդ տարում նախատեսվում է, որ մոտ 1700 մարդ՝ «Հայանտառի» աշխատակից, տեղական համայնքների, մասնավոր սեկտորի և ՀԿ-ների ներկայացուցիչներ, կանցնեն որոշակի դասընթանցեր կլիմայի փոփոխության և անտառվերականգնման թեմաներով: Յոթերորդ տարվա ընթացքում և մինչև տարեվերջ պետք է ունենալ 7300 հա անտառային տարածքներում ներդրումներ, որից 5700 հա տարածքում՝ բուն  անտառտնկման աշխատանքներ»,- ասաց նա:

Մեկ այլ բաղադրիչով նախատեսվում է երկրորդ տարվա ընթացքում և մինչև տարեվերջ մշակել էներգաարդյունավետության ազգային ստանդարտներ, որոնք կվերաբերեն վառարաններին: «Հինգերորդ տարում և մինչև տարեվերջ էներգաարդյունավետության տարբեր գործառույթներում մասնագիտացված 15 մասնավոր կազմակերպություններ պետք է արտադրեն վառելափայտ այրող վառարաններ: Վեցերորդ տարում առնվազն 9 հազար ընտանիք կունենա էներգաարդյունավետ վառելափայտի վառարաններից Սյունիքի և Լոռու մարզերում»,- նշեց Իրինա Ղափլանյանը:

Հաջորդ բաղադրիչով նախատեսվում է հինգերորդ տարվա ընթացքում ունենալ ուղեցույց, որը հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ մասնակցություն համայնքների կողմից անտառային կառավարման և էկոհակարգերի կառավարման գործընթացում: «Յոթերորդ տարվա ընթացքում նախատեսվում է ծրագրի ավարտ և 300 հազար անձ 207 համայնքից կլինի իրազեկված, տեղեկացված և կկարողանա պատշաճ կիրառել այն գիտելիքները, որոնք նախատեսվում է փոխանցել նրանց ծրագրի ընթացքում: Ութերորդ տարվա ընթացքում կստեղծվի ազգային անտառի մշտադիտարկման և գնահատման համակարգ»,- ասաց Իրինա Ղափլանյանը: 



Մայիս 20, 2021 at 15:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր