«Հայաստանում անհապաղ պետք է կատարել անտառների գույքագրում, մենք այսօր չգիտենք՝ ինչ ունենք». էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյան

«Հայաստանում անհապաղ պետք է կատարել անտառների գույքագրում, մենք այսօր չգիտենք՝ ինչ ունենք». էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյան

Հայաստանում անհապաղ պետք է կատարել անտառների գույքագրում, հակառակ դեպքում ոլորտում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները որևէ արդյունք չեն ունենա: Այս մասին 2021թ. մայիսի 3-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Կլիմայական կարգավորիչ դեր ունեցող Հայաստանի անտառների խնդիրները և լուծումները» փորձագիտական կլոր սեղանի ժամանակ ասաց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը «Անտառի վիճակի վերաբերյալ հասարակական գնահատական» զեկույցի ներկայացման ժամանակ:

«Բոլոր խնդիրների մեխը հաշվառումն է: Տարբեր կազմակերպություններ տարբեր թվեր են նշում: Անտառների վերջին գյուքագրումը տեղի է ունեցել 1993թ.: Համաձայն դրա՝ անտառային ֆոնդը կազմել է 459,9 հազար հա, ինչը կազմում է Հայաստանի տարածքի 11,2%-ը: 2001թ. NASA-ի տիեզերքից կատարած տվյալների համաձայն՝ Հայաստանի տարածքում անտառը զբաղեցնում է 246,099 հա` անտառածածկ է երկրի 7-8%-ը: FAO-ի 2008թ. հաշվետվության համաձայն՝ 6,8% է կազմում անտառածածկը, չնայած պետական մարմինները շարունակում են նշել 11,2%-ը: Մենք այսօր հստակ չգիտենք, թե որքան է անտառածածկ տարածքների մակերեսը»,- ասաց Նազելի Վարդանյանը:

Ըստ Նազելի Վարդանյանի՝ անտառների որակական հատկանիշները վերջին տարիներին նկատելիորեն վատացել են: «Անտառների արդյունավետության միջին ցուցանիշը եղել է 3,6, հիմա` 3-ից ցածր է: Անտառների միջին լրիվությունը եղել է 0,55, այժմ՝ 0,3: Դա արդեն անտառ չէ՝ նոսրուտներ են: Փոխվել է անտառների տեսակային կազմը՝ բարձրատեսակ հաճարենու ու կաղնու անտառները վերածվել են ցածրատեսակ բոխուտների և ղաժուտների»,- նշեց նա:

Ըստ միջազգային չափանիշների՝ մեկ մարդու լիարժեք գործունեությունն ապահովող անտառային կենսատարածքի մակերեսը 0,67 հա է, իսկ Հայաստանում՝ 0,1 հա:

Վերջին տարիներին սանիտարական և խնամքի հատումների նպատակով տարեկան 35-45 հազար խմ-ի թույլտվություն է տրամադրվում: Նազելի Վարդանյանը սակայն, նշեց, որ փաստացի յուրաքանչյուր տարի ապօրինի հատվում է թույլատրածից 15-20 անգամ ավելի: «Չեն հայտնաբերվում բոլոր ապօրինի անտառահատումների դեպքերը և պատասխանատվության չեն ենթարկվում մեղավորները»,- նշեց բանախոսը: 

Այսօր Հայաստանում անտառների զանգվածային ապօրինի հատումները հանգեցրել են մի շարք խնդիրների, ինչպիսիք են` անտառային էկոհամակարգի ոչնչացումը, կլիմայի փոփոխությունը, թթվածնի պաշարի նվազումը, հողերի դեգրադացիան, երկրի շուրջ 80%-ի անապատացման նպաստելը, էկոհամակարգերի ջրակարգավորիչ ֆունկցիաների կորուստը, աղբուրների, վտակների, փոքր լճակների ու ջրաճահճային այլ տարածքների չորացումը, կենդանիների ապրելավայրերի և բույսերի աճելավայրերի վատթարացումն ու կորուստը, կենսաբազմազանության նվազումը: Ըստ Նազելի Վարդանյանի՝ այս ամենին զուգահեռ անտառների ոչնչացումն առաջացրել է նաև սոցիալական, տնտեսական, դեմոգրաֆիական և մարդու առողջության լուրջ խնդիրներ:

Որպես անտառների կայուն կառավարման և անտառօգտագործման խնդիրներ բանախոսը նշեց անտառային հողերի և անտառածածկ տարածքների կադաստրային տվյալների անճշտությունները, անտառվերականգնման ու անտառային տարածքների դեգրադացիայի կանխարգելմանն ուղղված աշխատանքների անբավարար վիճակը, ապօրինի անտառհատումների դեմ պայքարում և դրանց կանխարգելմանն ուղղված գործընթացներում ներգրավված պատկան մարմինների գործողությունների անարդյունավետությունը,  ՀՀ կառավարության կողմից անտառային հողերի կատեգորիաների բավարար չափով փոփոխության չհիմնավորվածությունը, անտառային ոլորտի վերաբերյալ տեղեկատվության ոչ թափանցիկ լինելը:

Անդրադառնալով անտառային հողերի կատեգորիայի փոփոխման խնդրին՝ Նազելի Վարդանյանը նշեց. «ՀՀ կառավարությունն անտառային հողերի կատեգորիայի փոփոխությունների անվան տակ, տարիներ շարունակ նպաստել է ՀՀ անտառների ոչնչացմանը»: Մասնավորապես, բանախոսը բերեց Թեղուտի օրինակը: ««Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից` Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման և ենթակառուցվածքների կառուցման համար գերակա պետական շահի հիմնավորմամբ պաշտոնապես թույլ է տրվել 357 հա մակերեսով անտառի հատում, փոխարենն ընկերությունը պարտավորվել էր տնկել 714 հա անտառ, ինչն իրականում չի կատարել»,- նշեց նա: 

Նման օրինակներ են եղել նաև «Հայանտառի» և «Արևիք» ազգային պարկի տարածքներում: «ՀՀ կառավարության որոշմամբ «Էրեբունու» անտառապետության 51 հա-ից 24.42 հա հողամասը «Հայանտառ» ՊՈԱԿ-ից հանձնվել է Երևան համայնքին Նուբարաշենի նոր աղբավայրի կառուցման համար: Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործման համար «Արևիք» ազգային պարկի տարածքից 186.4 հա հատկացվել է հանքշագործող ընկերությանը: Իրան-Հայաստան 400կվ 3-րդ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման համար «Արևիք» ազգային պարկից հատկացվել է 4.26 հա անտառային տարածք»,- նշեց նա։ 

Նազելի Վարդանյանը նշեց, որ անտառային հողերի կատեգորիաները փոխվում են նաև փոքր ՀԷԿ-երի կառուցման գործընթացներում, մասնավորապես, միայն Սյունիքի մարզի Լիճք համայնքի 0.425 հա պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերից 0.15 հա հողերի կատեգորիան փոխվել է 2 փոքր ՀԷԿ-եր կառուցելու համար: Անտառածածկ տարածքների կրճատման մյուս պատճառն էլ հրդեհներն են: «Պաշտոնական տվյալներով 2018թ. ընթացքում Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 19 «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում գրանցվել է հրդեհի բռնկման 40 դեպք, ինչի արդյունքում ոչնչացվել է 232,4 հա անտառային տարածք»,- նշեց նա:

Անդրադառնալով անտառների ինստիտուցիոնալ խնդիրներին՝ Նազելի Վարդանյանը նշեց, որ Անտառի պետական կոմիտեն պետք է անկախ մարմին լինի կառավարության կազմում։ «Անտառային կոմիտեն ձևական դեր ունի, այն անկախ չէ և ի վիճակի չէ ինքնուրույն անտառային քաղաքականություն վարել և անտառկառավարում իրականացնել։ «Հայանտառ»-ը, հանդիսանալով ՊՈԱԿ, ի վիճակի չէ իրականացնել անտառների արդյունավետ կառավարում և պահպանություն: Անտառտնտեսություններն իրավաբանական անձ չեն, ինչը նույնպես խոչընդոտում է արդյունավետ տնտեսավարում և կառավարում իրականացնելուն: Իսկ Շրջակա միջավայրի նախարարության հետ առկա է շահերի բախում»,- նշեց նա։

Բանախոսն իր ելույթի ավարտին անտառային ոլորտի բարելավման ուղղությամբ առաջարկություններ ներկայացրեց, որոնք հրապարակված են «Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ» բնապահպանական հանրային գործի վերաբերյալ Բնապահպանական հանրային դատարանի վճռում:



Մայիս 21, 2021 at 17:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր