

2021թ. մայիսի 7-ին կայացավ «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի մեկնարկային աշխատաժողովը:
ՀՀ կառավարությունը՝ որպես Կողմ երկիր, Փարիզյան համաձայնագրի թիվ 13 հոդվածի 7-10 պարբերությունների համաձայն, ստանձնել է պարտավորություն պարբերաբար ներկայացնել ջերմոցային գազերի մարդածին արտանետումների ազգային կադաստրի և Ազգային մակարդակով սահմանված ներդրումների (ԱՍՆ) իրականացման առաջընթացին հետևելու, հարմարվողականության գործողությունների և ստացված աջակցության տնօրինման մասին հավաքագրված տեղեկությունների մասին զեկույցներ: Այս տեսանկյունից ծրագիրը կօժանդակի ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունների հզորացմանը՝ Փարիզյան համաձայնագրի հոդված 13-ով հատկորոշված ընդլայնված թափանցիկության պահանջներին բավարարելու համար: Ծրագիրը թույլ կտա անցնել շարունակական Չափումների, հաշվետվայնության և հավաստագրման համակարգի (ՉՀՀ), ինչը կօգնի համակարգված եղանակով գրանցել թափանցիկության ընդլայնման համար նախաձեռնվող գործողությունները և հնարավորություն կտա երկրին հետևել իր առաջընթացին՝ ԱՍՆ-ի պահանջով ստանձնած պարտավորությունների կատարման հարցում: Ծրագրի ազգային իրականացնող մարմինը Շրջակա միջավայրի նախարարությունն (ՇՄՆ) է, իրականացնող գործակալությունը՝ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիրը, իսկ ֆինանսավորումը կհատկացնի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը (ԳԷՀ): Մասնավորապես, ԳԷՀ-ի կողմից տրամադրվելու է 990 հազար ԱՄՆ դոլար, իսկ ՇՄՆ-ի և Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի համաֆինանսավորումը (բնեղեն) կկազմի համապատասխանաբար՝ 400 հազար և 170 հազար ԱՄՆ դոլար: Ծրագրի տևողությունը երեք տարի է:
Աշխատաժողովի ընթացքում ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանն ընդգծեց, որ Ծրագրի նպատակն է դարձնել ցուցանիշներն առավել վստահելի և բացառել ցուցանիշների հավաքագրման անհամապատասխանություններն ու տարբերությունները:
Դիանա Հարությունյանը նշեց, որ ծրագրի պատրաստման ընթացքում քննարկվել են Հայաստանի կողմից ստորագրված բոլոր համաձայնագրերն ու կոնվենցիաները: «Ծրագիրն ունի 4 բաղադրիչ: Ըստ առաջինի՝ պետք է հստակեցվեն ֆորմալ դերերն ու պարտականությունները, հիմնական ցուցանիշները: Իրավական և թափանցիկության կարգավորոմները պետք է մշակված և ընդունված լինեն: Երկրորդ բաղադրիչը վերաբերում է տեխնիկական և ծրագրային խնդիրներին, թե ինչպես պետք է չափումներն ու հաշվետվողականության մեխանիզմն իրականացվի: Ինչպես գործարկվեն, որպեսզի հասանելի լինեն մեկ տեղում: Երրորդ ամենախոշոր բաղադրիչի իրականացումը միտված է լինելու ազգային կադաստրի բարելավմանը: Պետք է մշակված լինեն հստակ ձևաչափեր: Չորրորդ բաղադրիչով ծրագիրը պետք է անցնի անկախ վերահսկողության մեխանիզմ, բայց նաև ընթացքում ենթարկվի մոնիթորինգի գնահատման և եռամսյակը մեկ զեկուցվի առաջընթացի մասին»,- նշեց նա:
ՄԱԶԾ միջազգային փորձագետ Սյուզան Լեգրոն ներկայացրեց Փարիզի համաձայնագրի ընդլայնված թափանցիկության շրջանակին ներկայացվող պահանջները: Նա նշեց, որ այս ծրագիրն ու արդյունքում փորձառությունը կարևոր ներդրում կարող են հանդիսանալ Հայաստանի համար: «Ունենք ընդհանուր ուղեցույց, ընդհանուր գաղափարներ: Կողմերից ակնկալվում է իրականացնել ինստիտուցիոնալ աշխատանքներ: Ինչ վերաբերում է ջերմոցային գազերի գույքագրմանը, ապա շատ ցուցանիշներ արդեն իսկ ներկայացվել են Հայաստանի կողմից, մասնավորպես, ազգային ջերմոցային գազերի գույքագրումն ու մեղմման գործողությունները»,- նշեց նա:
Տարածաշրջանային տեխնիկական խորհրդատու Էսթեր Բարիցն անդրադարձավ ԳԷՀ-ի մոնիթորինգի և գնահատման պահանջներին, ռիսկերի կառավարման ռազմավարությանը: Նա նշեց, որ աշխատանքների նպատակն է ներկայացնել ընկալումներն ու արդյունքները, ստեղծել աջակցության թիմ, հստակեցնել դերերն ու ծրագրի արդյունքների շրջանակը, պլանավորել և ավարտին հասցնել առաջին տարվա տարեկան պլանը: Ներկայացնելով հաշվետվությունների մեջ ներառվող բաղադրիչները՝ Էսթեր Բարիցն ընդգծեց, որ առաջին հերթին դրանք եռամսյակային հաշվետվություններն են ու ռիկսերի կառավարման վերաբերյալ հարցերը:
Ծրագրի ակնկալվող արդյունքներն են
- Հայաստանում թափանցիկության գործողությունները կառավարվում են հստակ և ֆորմալ դերերով և պատասխանատվություններով
- Հայաստանն օգտագործում է ինտեգրված ՉՀՀ համակարգ՝ հոդված 13-ի համաձայն տվյալների շարունակական հավաքագրման և զեկուցման համար
- Հայաստանը կարող է կառավարել տվյալները՝ ջերմոցային գազերի աղբյուրների և կլանիչների մասին արդյունավետ թափանցիկությամբ զեկուցելու համար
- Հայաստանը կարող է կառավարել տվյալները՝ համաձայն հոդված 13-ի թափանցիկության գործողության շրջանակի և թափանցիկությանը օժանդակող շրջանակի
- Հայաստանը կարող է հետևել Ազգային մակարդակով սահմանված ներդրուների պահանջի ապահովման ընթացքին և միջազգային մակարդակում կիսվել իր մոտեցումներով և արդյունքներով:
Մայիս 17, 2021 at 11:17
