ԱՃԹՆ կայքում հրապարակված տվյալները նպաստել են խնդիրների բացահայտմանը. ԷկոԼուրի փոխնախագահ

ԱՃԹՆ կայքում հրապարակված տվյալները նպաստել են խնդիրների բացահայտմանը. ԷկոԼուրի փոխնախագահ

Հայաստանի Արդյունաբերող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) 2019թ. ազգային զեկույցն այլևս հասանելի է լայն հանրությանը: 2021թ. հուլիսի 23-ին տեղի ունեցած համաժողովին ներկայացվեց զեկույցն ու իրական սեփականատերերի հայտարարագրման էլեկտրոնային համակարգը, որոնք կարևոր հարթակ են թափանցիկության, մատչելիության և պատասխանատվության տեսանկյունից

Զեկույցը կազմվել է «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության կողմից՝ եկամուտների և վճարումների վերաբերյալ պետական գերատեսչություններից և  ընկերություններից ստացված տեղեկատվության համադրմամբ: Ընկերությունը համադրել է 2019թ․ համար 9 ընկերության՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի, «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի, «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի, «Թեղուտ» ՓԲԸ-ի, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի, «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի և «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի հրապարակային հաշվետվություններով ներկայացված ֆինանսական տվյալները։

«Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության ներկայացուցիչները համաժողովի ընթացքում անդրադարձան ԱՃԹՆ նոր զեկույցի կազմման աշխատանքներին, ինչպես է իրականացվել տեղեկատվության հավաքագրումը, ինչ մեթոդաբանություն են կիրառել, որքան արտադրանք է արտադրվել ու արտահանվել 2019թ., որքան են կազմել ոլորտից պետական բյուջե ուղղվող եկամուտները, ինչպես են տեղաբաշխվել այդ եկամուտները, ինչ ներդրում է ապահովել ոլորտը ՀՀ տնտեսության մեջ և ովքեր են այդ գործընթացի շահառուները:

Համաժողովին տեղեկատվություն տրամադրվեց Հայաստանում իրական սեփականատերերի (շահառուների) բացահայտման գործընթացի, ինչպես նաև իրական սեփականատերերի հայտարարագրման էլեկտրոնային համակարգի մասին, թե ովքեր են դրանից օգտվողները, ինչ տեղեկատվություն է հրապարակվում ռեգիստրում, ինչպես է իրական սեփականատերերի բացահայտումը մեծացնում ոլորտի թափանցիկությունն ու վերահսկողությունը:

Համաժողովի պանելային քննարկման ընթացքում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ, ԱՃԹՆ-ի բազմաշառու խմբի (ԲՇԽ) այլընտրանքային անդամ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց որոշ արդյունքներ և առաջարկներ, որոնք բացահայտվել են «ԷկոԼուրի» կողմից իրականացված «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունն ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Ըստ նրա՝ ԱՃԹՆ-ի կայքում հրապարակային դարձած տվյալները նպաստել են մետաղական հանքարդյունաբերական ոլորտում խնդիրների բացահայտմանն ու բիզնեսի պատասխատվության բարձրացմանը համայնքների նկատմամբ:

Ծրագրի շրջանակներում հրապարակվել է շուրջ 135 նյութ, 20 տեսանյութ և 22 հաշվետվություն:

«Մենք օգտագործել ենք ԱՃԹՆ կայքում հրապարակված ազգային զեկույցների տվյալները, արդեն իսկ հրապարակային դարձած ընդերքօգտագործման պայմանագրերի տվյալները և նշված պարտավորությունները: Այցելել ենք Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի և Արագածոտնի 30 ազդակիր համայնք և բնակավայր, ներկայացրել այդ տվյալները տեղական ինքնակառավարման մարմիններին և բնակչությանը: Նրանց հետ պարզել, թե որքանով են կատարվել ընդերքօգտագործողների բնապահպանական, սոցիալական և ֆինանսական պարտավորությունները: Պարզվեց, որ համայնքների գերակշիռ մասը տեղյակ չի եղել ընկերությունների սոցիալ-տնտեսական պարտավորությունների մասին, նաև այն, որ ընդերքօգտագործողներից մեկը առ 2020թ. չէր կատարել սոցիալ-տնտեսական գծով պարտավորությունները: Համայնքային խոշորացումից հետո ազդակիր բնակավայրերը զրկվել են ընդերքօգտագործողի հետ անմիջական երկխոսության հնարավորությունից և հիմնականում տեղյակ չեն, թե իրենց բնակավայրում արդյոք որևէ աշխատանք կատարվել է ընդերքօգտագործողի տրամադրած գումարներով, թե՝ ոչ: Մի խնդիրն էլ այն է, որ պայմանագում նշված սոցիալ-տնտեսական պարտավորությունները չեն համապատասխանել համայնքների կարիքներին, համայնքները չեն մասնակցել այդ փաստաթղթերի քննարկման գործընթացին: Համայնքներն իրազեկված չէին օրենսդրական բարեփոխումների մասին, մասնավորապես, որ ստանում են հնարավորություն բնապահպանական ծրագրեր ներկայացնել կառավարությանը և դրանց իրականացման համար օգտվել ընկերությունների վճարած բնապահպանական հարկերից»,- ասաց նա: 

Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց ազդակիր համայնքների տեղական ինքակառավարման մարմինների ներկայացուցիչների և բնակչության առաջարկները. 

-Ընդերքօգտագործման պայմանագրեր կնքելիս՝ մասնակից դարձնել ազդակիր համայնքներին, որպեսզի պայմանագրերում ընդգրկեն համայնքի իրական խնդիրների լուծմանը նպաստող ծրագրեր: 

-Ընկերությունները հաճախակի հանդիպումներ ունենան բնակչության հետ՝ ներկայացնելով իրենց կատարած աշխատանքների, անլեիքների մասին տեղեկատվություն:

-Ընդերքօգտագործողները պահպանեն բնապահպանական նորմերը:

-Աշխատանքի ընդունեն առաջնահերթ ազդակիր համայնքների բնակիչներին:

-Մարդիկ պետք է ունենան երաշխիքներ իրենց առողջության և բարեկեցիկ կյանքի համար, առողջ շրջակա միջավայրի համար: Դիտարկել նման երաշխիքների տրման մեխանիզմներ, օրինակ, ապահովագրություն, փոխհատուցում և այլն: 

Պանելային քննարկմանը մասնակցել են նաև ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության Ասիայի թիմի ավագ խորհրդատու Մարկ Բըրնեթը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ,  ԱՃԹՆ ԲՇԽ անդամ Լիլիա Շուշանյանը, «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի նախագահ, ԲՇԽ անդամ Օլեգ Դուլգարյանն ու Համաշխարհային բանկի հանքարդյունաբերության կառավարման փորձագետ  Նարինե Թադևոսյանը:

Օլեգ Դուլգարյանը ներկայացրեց համայնքային մակարդակում ԱՃԹՆ գործընթացի դրական ազդեցության հնարավորություները տեղական մասնակցության խթանման և ՏԻՄ կարողությունների զարգացման պարագայում։

Համաժողովին ելույթներով հանդես եկան նաև Հայաստանի ԱՃԹՆ քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ներկայացուցիչ Անի Վարդերեսյանը,  ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության և Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցիչներ, «Open ownership» կազմակերպության ներկայացուցիչ Փիթեր Լոուն, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»  ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը, «Սիվիլնեթ»-ի լրագրող Մկրտիչ Կարապետյանը:

Հուլիս 26, 2021 at 19:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր