

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղարկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանին՝ պարզելու համար, թե ներկայում ինչ խնդիրներ կան Արարատի և Արմավիրի մարզերում խմելու և ոռոգման ջրի հասանելության ու որակի հետ կապված, ինչ փուլում են գտնվում ոլորտը կարգավորելուն միտված պետական ծրագրերը:
Հարցման մեջ մասնավորապես նշված է.
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարութունից մենք ստացել ենք պատասխան, որն ամփոփում է պետական մի քանի մարմինների պատասխանները:
Քանի որ արդեն բավականին ժամանակ է անցել այս նամակագրությունից, մենք ցանկանում ենք տեղեկանալ, թե այս ընթացքում ինչ աշխատանքներ են իրականացվել խնդիրների կարգավորման ուղղությամբ:
-
Ջրային կոմիտեն իր 2019թ. պատասխանում, մասնավորապես, նշել էր. «ՀՀ Արմավիրի մարզի Արտաշար համայնքում ստեղծված հակասանիտարական վիճակի հետ կապված խնդիրը կկարգավորվի «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր (ՀԵԾ) II Փուլ 3» ծրագրի շրջանակներում Արմավիրի (Մեծամոր) կեղտաջրերի մաքրման կայանի կառուցումից հետո: Ներկա դրությամբ ավարտվել են նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները»: Խնդրում ենք տեղեկացնել, արդյո՞ք կառուցվել է մաքրման կայանը, եթե ոչ, ապա ե՞րբ է նախատեսվում կառուցել և ընդհանրապես ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվել, որպեսզի Արմավիր և Մեծամոր քաղաքների կոյուղաջրերը չհոսեն Տարոնիկի և Արտաշարի ջրհան կայանների ոռոգման համակարգ և մատակարարվեն ջրօգտագործողներին որպես ոռոգման ջուր:
-
Տեղի բնակիչները խորքային հորեր են խփել իրենց հողամասերի մոտ, որպեսզի կոյուղաջրերով ոռոգում չիրականացնեն: Արդյո՞ք ընդհանրապես վերահսկվում է, թե որքան ջուր են գյուղացիները խորքային հորերով դուրս հանում, և արդյո՞ք այդ ջուրը չի նպաստի հողի կրկնակի աղակալման:
-
Ջրային կոմիտեի նամակում նշված է. «Խմելու ջրի մասին» ՀՀ օրենք մշակելու վերաբերյալ հայտնում եմ, որ ՀՀ կառավարության 06.09.2018թ. N 1030-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված՝ ՀՀ կառավարության 2018-2022թթ. գործունեության միջոցառումների ծրագրով, Ջրային կոմիտեի կողմից նախատեսվող աշխատանքներում նախատեսված չէ: Անհրաժեշտության դեպքում, բավարար հիմնավորումների առկայության պարագայում, հարցը կքննարկվի 2022թ-ից հետո»: Նշենք նաև, որ ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N666-Լ որոշման հավելվածով հաստատվել է «Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի և դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմամբ ճանապարհային քարտեզը», որով նախատեսվում է վերանայել խմելու ջրի ստանդարտները՝ համապատասխանեցնելով դրանք միջազգային ստանդարտներին։ Խնդրում ենք տեղեկացնել, արդյո՞ք «Խմելու ջրի մասին» օրենքի մշակման, ինչպես նաև խմելու ջրի ստանդարտները միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու հարցերն այսօր օրակարգում են և ի՞նչ քայլեր են արվում այս ուղղությամբ:
-
Ջրային կոմիտեի նամակում նշված է. «Ջրային կոմիտեի ու ՀՀ Արարատի մարզպետարանի աջակցությամբ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և ՀՀ Արարատի մարզի Հայանիստ համայնքի միջև կնքվել է մեծածախ ջրամատակարարման պայմանագիր, սակայն Հայանիստի Գետաշեն թաղամասի ջրամատակարարման համակարգերի շինարարական թերությունների պատճառով հնարավոր չի եղել ապահովել թաղամասի բնականոն ջրամատակարարումը: Հայտնաբերված թերությունների վերացումից հետո «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն չի առարկում Հայանիստ համայնքի Գետաշեն թաղամասի ընդգրկումը ընկերության սպասարկման տարածք»: Խնդրում ենք տեղեկացնել, արդյո՞ք Գետաշենում թերությունները վերացված են և թաղամասն ընդգրկվա՞ծ է «Վեոլիա ջրի» սպասարկման տարածքում:
-
«Արմավիր» ՋՕԸ-ի նամակում նշված է. «2018թ-ին ՀՀ կառավարությունը նախաձեռնել է Սև ջուր գետի սակավջրության խնդրի, որպես այլընտրանքային լուծում, չգործող խորքային հորերի վերականգնում և նոր հորերի հորատման աշխատանքների կատարման ծրագիր: Պատրաստ են նախագծանախահաշվային փաստաթղթերը: Ծրագրվում է 2020թ-ին իրականացնել շինարարական աշխատանքները»: Արդյո՞ք իրականացվել են այդ աշխատանքները, որքա՞ն չգործող խորքային հորեր են վերականգնվել և նոր հորեր հորատվել:
-
«Էջմիածնի» ՋՕԸ-ի նամակի համաձայն՝ «Էջմիածնի» ՋՕԸ-ն առաջարկել է ուսումնասիրել Ակնա լճի մակարդակի իջեցման պատճառները և կիրառել միջոցառումներ այն շտկելու համար, ինչպես նաև հորատել նոր խորքային հորեր: Ի՞նչ աշխատանքներ են տարվել այս ուղղությամբ:
-
Արդյո՞ք իրականացվում են աշխատանքներ հողային հուները ոռոգման երեսապատված ներքին ցանցով փոխարինելու և արդյունքում ջրակորուստները նվազեցնելու ուղղությամբ: Եթե նման աշխատանքներ իրականացվել են, խնդրում ենք նշել՝ Արարատյան դաշտի ո՞ր բնակավայրերում և որքա՞ն հողային հուն է փոխարինվել: Արարատյան դաշտի համայնքների մշակելի հողատարածքներից քանի՞ հեկտարը չունի ոռոգման ցանց և ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ հողատարածքներում ոռոգման ցանցեր անցկացնելու ուղղությամբ:
-
«Մելորացիա» ՓԲԸ-ն նամակով հայտնել է. «Արարատյան հարթավայրում ստեղծված ձկնաբուծական տնտեսությունների ջրերը հեռացվում են հիմնականում կոլեկտրադրենաժային ցանցի միջոցով: Ստեղծված պայմաններում բարձրանում են գրունտային ջրերի մակարդակները հարթավայրի ցածրադիր հատվածներում և բարդանում են Կոլեկտրադրենաժային ցանցերի մաքրման և շահագործման աշխատանքները, հետևապես նաև ծախսերը:... Անհրաժեշտ ենք համարում նաև նշել, որ «Մելորացիա» ՓԲԸ-ի կողմից Արարատյան հարթավայրի կոլեկտրադրենաժային ցանցերից հեռացվող ջրերի չափագրման արդյունքները ցույց են տվել, որ ձկնաբուծական տնտեսությունների հիմնական մասը /շուրջ 90%/, խախտելով ջրօգտագործման թույլտվություններով նախատեսված ջրահեռացման պայմանները, հետադարձի ջրերը լցնում են կոլեկտրադրենաժային ցանցեր՝ խաթարելով նրանց բնականոն աշխատանքը:
Համաձայն մոնիտորինգի տվյալների՝ կոլեկտրադրենաժային ցանցերը մինչև 2002թ. աշխատում էին արդյունավետ, նախագծային թողտվությամբ, ապահովելով շուրջ 36,3խմ/վրկ կամ 1144,8 միլիոն խմ/տարի ջրերի հեռացումը Մեծամոր, Հրազդան և Արաքս գետեր: Սկսած 2003թ-ից (Արարատյան դաշտում ձկնաբուծության տարածման զարգացման սկիզբ) կոլեկտրադրենաժային ցանցերով հեռացվող ջրերի ծավալները սկզբում աստիճանաբար, իսկ 2009թ. կտրուկ աճեցին՝ 2013թ. կազմելով 58.11 խմ/վրկ կամ 1832,6 միլիոն խմ/տարի, ինչը շուրջ 60 %-ով գերազանցում է ցանցերի նախագծային թողունակությունը»: ՀՀ կառավարության 2021թ. հուլիսի 22-ի 1201–Ա որոշմամբ Հայաստանի դրենաժային համակարգերից օգտվողները հետադարձ ջրերի 1 խմ-ի տեղափոխման համար պետք է վճարեն 0.11 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը և պետք է ունենան համապատասխան պայմանագիր, հակառակ դեպքում ջրօգտագործման թույլտվություն չեն ստանա: Խնդրում ենք տեղեկացնել, թե որքանով է այս որոշումը նպաստել դրենաժային համակարգերի շահագործման հետ կապված խնդրի կարգավորմանը, արդյոք միայն գումար վճարելով հնարավոր է դրենաժային համակարգերի լիարժեք թողունակությունն ապահովել, ինչ միջոցառումներ են արվում այս համակարգի բնականոն աշխատանքի ապահովման համար»:
Հունիս 04, 2022 at 13:37