ՀՀ առողջապահության նախարարությունը հաշվարկել է ՀԱԷԿ-ի ազդակիր գոտիներում յոդի պատրաստուկների պահանջվող քանակը, սակայն չի բաշխել

ՀՀ առողջապահության նախարարությունը հաշվարկել է ՀԱԷԿ-ի ազդակիր գոտիներում յոդի պատրաստուկների պահանջվող քանակը, սակայն չի բաշխել

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղարկել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին պարզելու համար` բաշխվում է արդյոք Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) ազդակիր       նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման (ՆՊՄԻ) և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման (ՇՊՄՊ) գոտիների համայնքների բնակչությանը կայուն յոդի պատրաստուկներ:

ԷկոԼուրի հարցման մեջ նշված է.

«ՀՀ կառավարության 2005թ․ դեկտեմբերի 22-ի N 2328-Ն «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության (հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան)»   որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 8-րդ կետում ամրագրված է, որ  վահանաձև գեղձի արգելափակման համար նախատեսված կայուն յոդի պատրաստուկների անհրաժեշտ քանակությունը նախօրոք տրվում է  նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման (ՆՊՄԻ) և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման (ՇՊՄՊ) գոտիների համայնքների բնակչությանը և պահպանվում նրանց մոտ։ Նույն հավելվածի 30-րդ կետի համաձայն` ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտիներում գտնվող համայնքների բնակչությանը կայուն յոդի պատրաստուկների անհրաժեշտ քանակությունը ՀՀ առողջապահության նախարարությունն ստանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալությունից և տրամադրում ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտիներում գտնվող բուժհիմնարկներին, որոնք էլ իրենց հերթին բաշխում են ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտիներում գտնվող համայնքների բնակչությանը:

Ելնելով վերոգրյալից և առաջնորդվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով՝ խնդրում ենք տրամադրել տեղեկատվություն հետևյալի մասին.

  1. Վերջին անգամ ե՞րբ է ՀՀ առողջապահության նախարարությունը ՀԱԷԿ-ի ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտիներում գտնվող Արմավիրի և Արագածոտնի մարզերի համայնքների բնակչությանը բաշխել կայուն յոդի պատրաստուկներ:
  2. Եթե բաշխվել է, ապա ո՞ր համայնքներին, ի՞նչ քանակությամբ և ի՞նչ պիտանելիության ժամկետով:
  3. Արդյո՞ք կա հաշվարկ, թե ՀԱԷԿ-ի ազդեցության գոտու բնակչությանը որքան կայուն յոդի պատրաստուկ պետք է հատկացնել, և արդյո՞ք նախարարությունն առաջնորդվում ըստ այդ հաշվարկի:
  4. Առողջապահության նախարարության ո՞ր ենթակառուցվածքն է պատասխանատու կայուն յոդի պատրաստուկների տրամադրման համար»:

Ի պատասխան ՀՀ առողջապահության նախարարությունը նամակով հայտնում է, որ հաշվարկել է ՀԱԷԿ-ի ազդակիր գոտիներում յոդի պատրաստուկների պահանջվող քանակը, սակայն չի բաշխել:

««Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (Հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան)» հաստատելու մասին ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 2328 որոշման պահանջների կատարման ուղղությամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ հայտնում եմ, որ`

1-ին և 2-րդ հացապնդումների վերաբերյալ.

Կալիումի յոդի դեղահաբերն օգտագործվում են վահանաձև գեղձի ախտահարման կանխարգելման նպատակով, բացառապես արտանետումով ուղեկցվող ԱԷԿ-ի վթարների դեպքում, վթարից հետո, 6 ժամվա ընթացքում: Որպես կալիումի յոդի այլընտրանքային եղանակ կարող է օգտագործվել նաև 5 տոկոսանոց յոդի ոգեթուրմի 44 կաթիլ կամ Լյուգոլի լուծույթի 22 կաթիլ` դրանք լուծելով կաթի կամ ջրի մեջ։

Արգելվում է Կալիումի յոդի դեղահաբն օգտագործել առանց վերոշյալ ցուցումների, քանի որ այն կարող է առաջացնել վահանաձև գեղձի ֆունկցիայի խիստ խանգարում։

Ելնելով վերոգրյալից՝ Կալիումի յոդի դեղահաբեր չեն բաշխվել:

3-րդ հարցապնդման վերաբերյալ.

ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 2328 որոշմամբ սահմանված կարգի համաձայն իրականացվել է Կալիումի յոդի դեղահաբերի պահանջվող քանակի հաշվարկ։

4-րդ հարցապնդման վերաբերյալ.

ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 2328 որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ կարիքի դեպքում Կալիումի յոդի դեղահաբերի  բաշխում իրականացվում է ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտիներում գտնվող բժշկական կազմակերպությունների միջոցով», - նշված է ՀՀ առողջապահության նախարարության նամակում։

Սեպտեմբեր 26, 2022 at 11:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր