ԷկոԼուրը «Մասրիկ-1» արևային կայանի կառուցման ծրագրի ռիսկերի մասին նամակ է ուղարկել FRV ընկերությանը

ԷկոԼուրը «Մասրիկ-1» արևային կայանի կառուցման ծրագրի ռիսկերի մասին նամակ է ուղարկել FRV ընկերությանը

ԷկոԼուրը «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի ռիսկերի մասին նամակ է ուղարկել ծրագիրն իրականացնող FRV ընկերության ներկայացուցիչ Բրունո Մարինհոյին:

Նամակում նշված է.

«Հարգելի պարոն Բրունո Մարինհո,

2020թ. սկսած հայ-ադրբեջանական ռազմական կոնֆլիկտի պատճառով «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցումը դադարեցվել է արդեն երկու տարի, քանի որ տարածքը գտնվում է վտանգավոր, սահմանամերձ գոտում, որը ենթարկվում է կրակոցների: Կայանի կառուցումը պետք է ավարտվեր 2022թ-ի հուլիսի 1-ին: ՀՀ կառավարության 2022թ-ի հունիսի 30-ի N 997-Ա որոշմամբ երկարաձգվել է կայանի կառուցման ժամկետը մինչև 2023թ-ի սեպտեմբերի 1-ը: Սակայն «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականին տրված բնապահպանական փորձաքննական եզրակացությունը կորցրել է իր ուժը: Այս մասին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը 05.10.2022թ. N 3/07.4/13313 նամակով:

Հետևաբար, «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի իրականացման համար, ՀՀ օրենսդրության համաձայն, պահանջվում է նոր ՇՄԱԳ: 

ԷկոԼուրն ուսումնասիրել է FRV ընկերության ներկայացրած ԲՍԱԳ-ը, ՇՄԱԳ-ը, բնապահպանական փորձաքննական եզրակացությունը, որը տրվել է 2019թ.: Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել հետևյալը.

  • Երկու փաստաթղթերում նշված են նախագծի տարբեր կատեգորիաներ: ԲՍԱԳ-ում նախագծի կատեգորիան Բ է, իսկ փորձաքննական եզրակացության մեջ նշված է ավելի խիստ Ա կատեգորիա: Ֆոտովոլտային վահանակների թվերը ևս տարբեր են: ԲՍԱԳ-ում նշված է. «180,000 ՖՎ վահանակներից մի փոքր ավելի», իսկ ՇՄԱԳ-ում՝ 165,368:
  • ՇՄԱԳ-ում նշվում է, որ կայանը կառուցվելու է բերրի հողի վրա, որտեղ հումուսի հաստությունը 70 սմ-ից 1 մ-ի է հասնում, սակայն որևէ փաստաթղթում գնահատված չէ այդ հողի կորստի տնտեսական արժեքը և փոխհատուցման հնարավորությունը: Երկու փաստաթղթերում բացակայում է լիարժեք տեղեկատվությունը, թե ինչ է արվելու կամ ինչպես են կառավարվելու էլեկտրոնային թափոնները, ինչը մեծ խնդիր է, քանի որ Հայաստանը դեռևս չունի նորմատիվ բազա արևային էներգետիկայի առաջացրած թափոնների կառավարման վերաբերյալ:
  • ՇՄԱԳ հաշվետվության մեջ «Մասրիկ-1» արևային կայանի շահագործման դեպքում էլեկտրական և մագնիսական դաշտի ազդեցությունը հանրության և աշխատակիցների վրա գնահատվել է երկարաժամկետ, անուղղակի: Նշված չէ, թե այդ դաշտն ինչ ազդեցություն կարող է ունենալ մարդու առողջության վրա:
  • Բեռնի կոնվենցիայի կայքում «Էմերալդ» ցանցի թեկնածու տարածք է ամբողջ «Սևան» ազգային պարկի տարածքը 489,839.8 հեկտարով, որի մեջ մտնում է նաև «Մասրիկ-1» կայանի կառուցման տարածքը:

Դեռևս ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Բեռնի կոնվենցիայի բյուրո չի ներկայացրել Հայաստանի «Էմերալդ» ցանցի թեկնածու տարածքի նորացված, կրճատված ցանկը, ինչը նշանակում է, որ «Մասրիկ-1» կայանը կառուցվելու է «Էմերալդ» ցանցի թեկնածու տարածքում: Այս մասին FRV-ի ներկայացրած փաստաթղթերում անդրադարձ չկա:

  • Մեծ Մասրիկ համայնքը, որտեղ կառուցվելու է կայանը, համայնքային խոշորացման արդյունքում 2021թ-ից ներառվել է Վարդենիս խոշորացված համայնքի կազմում: Դա նշանակում է, որ նոր ՇՄԱԳ գործընթացում անհրաժեշտ է հաշվի առնել այս հանգամանքը և ապահովել շահագրգիռ բնակչության լիարժեք մասնակցությունը հանրային լսումներին:

Հարգելի պարոն Բրունո Մարինհո, հավաստիացնում ենք Ձեզ, որ մենք ողջունում ենք Հայաստանում արևային էներգետիկայի զարգացումը, այդ թվում «Մասրիկ-1» արևային կայանի կառուցումը: Կարծում ենք, որ այն պետք է կառուցվի ոչ գյուղատնեսական նշանակության հողերի վրա, և ծրագրիը պետք է հաշվի առնի բոլոր ռիսկերը և միջոցառումներ նախատեսի դրանց վերացման համար՝ այդպիսով բարձր պահելով ինչպես FRV ընկերության, այդպես էլ Ծրագրի ներդրող հանդիսացող միջազգային ֆինանսական ինստիտուտների բնապահպանական և սոցիալական ստանդարտները և հեղինակությունը:

Առաջարկում ենք  նոր ՇՄԱԳ իրականացնելիս հաշվի առնել մեր ներկայացրած խնդիրները: Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության, խնդիրների քննարկման»:

Դեկտեմբեր 05, 2022 at 15:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր