«Մասրիկ-1» արևային կայանի կառուցման աշխատանքներ չեն իրականացվում. Մեծ Մասրիկի վարչական ղեկավար

«Մասրիկ-1» արևային կայանի կառուցման աշխատանքներ չեն իրականացվում. Մեծ Մասրիկի վարչական ղեկավար

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում նախատեսվող «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքներ չեն իրականացվում: Այս մասին «ԷկոԼուրի» հետ զրույցում ասաց Մեծ Մասրիկի վարչական ղեկավար Արմեն Ասատրյանը: «2-3 ամիս է` աշխատանքները կանգնած են, բացարձակ գործ չի արվում, ոչ մի բան չկա: Այցեր չեն եղել, չգիտեմ՝ ինչ են մտածում, ում կարելի է դիմել, ով է դրանով զբաղվում»,- տարակուսեց նա: 

«Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագիրն իրականացնում է «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Բի.Վի. (Fotowatio Renewable Ventures B.V., FRV) (Նիդերլանդներ) – «ԷֆԷսԷլ Սոլար» Էս. էլ. (FSL Solar S.L.) (Իսպանիայի Թագավորություն) ընկերությունների կոնսորցիումը: Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայից (ՄՖԿ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) և Եվրամիությունից (ԵՄ) ծրագրի իրականացման տարբեր փուլերում կտրամադրվի ընդհանուր մինչև 38․4 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում:

Արևային կայանի կառուցման վերջնաժամկետը 2023թ. սեպտեմբերի 1-ն է: ՀՀ կառավարության 2022թ. հունիսի 30-ի N 997-Ա որոշմամբ կայանի կառուցման ժամկետը երկարաձգվել է ավելի քան մեկ տարով: Կառուցապատող «ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ն կայանը պետք է ավարտին հասցներ 2022թ. հուլիսի 1-ին, սակայն ըստ ընկերության ներկայացրած պատճառաբանության՝ COVID-19 համավարակն ու պատերազմական գործողությունները խոչընդոտել են աշխատանքները սահմանված ժամկետում կատարելուն: Եթե ընկերությունն այս ժամկետում էլ ավարտին չհասցնի աշխատանքները, ապա ստիպված կլինի վճարել 1 միլիոն դոլար լրացուցիչ երաշխիքային անհետկանչելի գումար:

Կայանի շինարարության համար նաև անհրաժեշտ է, որ ընկերությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) նոր գործընթաց անցնի: «Մասրիկ-1» արևային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության ԲՓ 000061 փորձաքննական դրական եզրակացությունը տրվել է 17.07.2019թ.: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի  20-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: ԷկոԼուրը ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին ուղղված նամակում առաջարկել էր «Մասրիկ-1» արևայի էլեկտրակայանի կառուցման փորձաքննական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչել, միևնույն ժամանակ ներկայացվել էր, որ կայանի ՇՄԱԳ հաշվետվության մեջ հաշվի չեն առնվել կայանի շահագործման ընթացքում շրջակա միջավայրի համար լուրջ սպառնալիք հանդիսացող մի շարք ռիսկեր: Մասնավորապես, բարձրացվել էին էլեկտրոնային թափոնների, կայանը բերրի հողերի վրա տեղակայելու և «Էմերալդ» ցանցի թեկնածու տարածքների սահմաններում կառուցելու խնդիրները: 

ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը 05.10.2022թ. N 3/07.4/13313 նամակով «ԷկոԼուրին» հայտնել էր. «Ի պատասխան Ձեր 2022թ. սեպտեմբերի 9-ի գրության՝ տեղեկացնում եմ, որ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 20-րդ հոդվածի 7-րդ մասի՝ փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: Փորձաքննական եզրակացություն օրենքի ուժով համարվում է ուժը կորցրած: Համաձայն օրենքի նույն հոդվածի 6-րդ կետի՝ առանց փորձաքննական դրական եզրակացության արգելվում է հիմնադրութային փաստաթղթի ընդունումը կամ նախատեսվող գործունեության իրականացումը»:

ԷկոԼուրը կայանի կառուցման համար անհրաժեշտ նոր ՇՄԱԳ գործընթացի, կայանի կառուցման ռիսկերի մասին նամակներ է ուղարկել նաև «Մասրիկ-1» կայանի կառուցումը ֆինանսավորող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ ու Միջազգային ֆինանսական կորպորացիա և FRV ընկերություն:

ԷկոԼուրը «Մասրիկ-1» արևային կայանի կառուցման ծրագրի մշտադիտարկման արդյունքները և նամակագրությունը ներկայացրել է Վարդենիսի համայնքապետարանին: 

Դեկտեմբեր 15, 2022 at 15:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր