Ժամանակին «Մասրիկ-1» արևային կայանը չկառուցելու դեպքում կառուցապատողը 1 միլիոն դոլարի երաշխիքային, անհետկանչելի գումար կվճարի

Ժամանակին «Մասրիկ-1» արևային կայանը չկառուցելու դեպքում կառուցապատողը 1 միլիոն դոլարի երաշխիքային, անհետկանչելի գումար կվճարի

«Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ավարտի ժամկետը երկարաձգվել է ավելի քան մեկ տարով: Կայանի կառուցումը պետք է ավարտվեր 2022թ-ի հուլիսի 1-ին: Սակայն այն դեռ չի կառուցվել: ՀՀ կառավարության 2022թ-ի հունիսի 30-ի N 997-Ա որոշմամբ երկարաձգվել է կայանի կառուցման ժամկետը մինչև 2023թ-ի սեպտեմբերի 1-ը:

«Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագիրն իրականացնում է «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Բի.Վի. (Fotowatio Renewable Ventures B.V.) (Նիդերլանդներ) – «ԷֆԷսԷլ Սոլար» Էս. էլ. (FSL Solar S.L.) (Իսպանիայի Թագավորություն) ընկերությունների կոնսորցիումը: Կառուցապատող կազմակերպությունը «ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ն է:

2022թ-ի հունիսի 30-ի N 997-Ա որոշման հիմնավորման համաձայն՝ կառուցապատողը ծրագրի իրականացման ձգձգումը պայմանավորել է COVID-19 համավարակով, ինչպես նաև պատերազմական գործողություններով և առաջարկել է կայանի նախատեսված կոմերցիոն շահագործման ամսաթիվը երկարացնել անհաղթահարելի ուժի և անբարենպաստ պայմանի հիմքով։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ընդունելի և հիմնավոր չի համարել «անհաղթահարելի ուժի» ճանաչումը կառուցապատողի կողմից կատարման անհնարինությունն ապացուցող հանգամանքների բացակայության պատճառով:

Սակայն, կարևորելով «Մասրիկ-1» արևային կայանի կառուցման ծրագրի իրականացումը՝ կառուցապատողի հետ գործադիրը պայմանավորվածություն է ձեռք բերել «Մասրիկ-1» արևային էլեկտրակայանի կառուցման` ՀՀ կառավարության աջակցության համաձայնագրում փոփոխություններ կատարել նոր պայմաններով: Ըստ այդմ, կառուցապատողի կողմից կվճարվի 1 միլիոն դոլար լրացուցիչ երաշխիքային, անհետկանչելի գումար: Այն գանձվելու է  անկախ պատճառներից նոր ժամկետներում ծրագիրը չավարտելու դեպքում: Կայանից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցվել է 1 կՎտժ-ի դիմաց 0.0415 ԱՄՆ դոլարի առանց ԱԱՀ-ի գործող 0.0419 ԱՄՆ դոլարի փոխարեն: Կայանի կառուցման ժամանակահատվածը երկարացվել է 14 ամսով՝ մինչև 2023թ-ի սեպտեմբերի 1-ը։

Նոր սակագինը համաձայնեցվել է «ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ի հետ քննարկումների արդյունքում: Ինչպես նշված է որոշման ամփոփաթերթում, դրանից ցածր սակագնի դեպքում ընկերությունը կհրաժարվեր ծրագրի իրականացումից։

Նշենք, որ «Մասրիկ-1» արևային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության ԲՓ 000061 փորձաքննական դրական եզրակացությունը տրվել է 17.07.2019թ-ին: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի  20-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

Սեպտեմբեր 07, 2022 at 18:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր