«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն դիմել է ՀՀ շրջակա միջավայրի (ՇՄ) նախարար Հակոբ Սիմիդյանին՝ առաջարկելով ուժը կորցրած ճանաչել «Մասրիկ-1» արևային կայանի կառուցման համար տրված փորձաքննական դրական եզրակացությունը՝ վերջինիս ժամկետը լրանալու և կայանի ՇՄԱԳ հաշվետվության մեջ մի շարք ռիսկերի վերաբերյալ լուծումներ չներառելու հետ կապված: Կայանը կառուցվում է «ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ի կողմից՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի խոշորացված համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում:
ԷկոԼուրի նամակում նշված է.
«Շրջակա միջավայրի նախարարությունը 17.07.2019թ-ին տվել է «Մասրիկ-1» արևային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության ԲՓ 000061 փորձաքննական դրական եզրակացությունը:
«Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի կառուցման ծրագիրը նախատեսվում է իրականացնել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում՝ Սևանա լճի ափին, Մասրիկի դաշտում, Մեծ Մասրիկ բնակավայրի տարածքում: Սակայն, COVID-19 համավարակով և 44-օրյա պատերազմով պայմանավորված, կայանի կառուցման աշխատանքները չեն իրականացվել մինչ 2022 թվականը: «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ավարտի ժամկետը երկարաձգվել է ավելի քան մեկ տարով: Կայանի կառուցումը պետք է ավարտվեր 2022թ-ի հուլիսի 1-ին: Սակայն այն դեռ չի կառուցվել: ՀՀ կառավարության 2022թ-ի հունիսի 30-ի N 997-Ա որոշմամբ երկարաձգվել է կայանի կառուցման ժամկետը մինչև 2023թ-ի սեպտեմբերի 1-ը: Այս պարագայում չի գործել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջը, համաձայն որի՝ փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
Նշենք, որ «Մասրիկ-1» արևային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության մեջ հաշվի չեն առնվել մի շարք ռիսկեր, որոնք կարող են շրջակա միջավայրի համար լուրջ սպառնալիք դառնալ կայանի շահագործման ընթացքում:
«Մասրիկ-1» արևային կայանի ՇՄԱԳ հաշվետվության համաձայն՝ կայանում տեղադրվելու է յուրաքանչյուրը 375 ՎՏ դրվածքային հզորությամբ 165368 հատ ֆոտովոլտային վահանակ, 12 տրանսֆորմատոր: Որևէ միջոցառում նախատեսված չէ շահագործումից դուրս եկած ֆոտովոլտային վահանակների՝ որպես էլեկտրոնային վտանգավոր թափոնների պահման, վերամշակման կամ տեղափոխման համար: Նշված չեն նաև բնական երևույթների՝ հնարավոր ձնաբքերի, կարկուտների, փոթորիկների, երկրաշարժերի ռիսկերից վահանակների պահպանության միջոցառումները: Նշված չէ, թե շահագործումից հանված վահանակները, կրիչները որքան թափոն կառաջացնեն: Մինչդեռ հենց նախագծողները ՇՄԱԳ-ում գրում են, թե ինչ թունավոր միացություններ է պարունակում ֆոտովոլտային (ՖՎ) տեխնոլոգիան. «ՖՎ տեխնոլոգիան հիմնված է որոշ նյութերի մոլեկուլյար կառուցվածքի վրա արևի լույսի (ֆոտոներ) ազդեցության վրա: Այդ նյութերը պետք է լինեն կիսահաղորդիչներ, ինչպես օրինակ՝ Սիլիկոնը, Կադմիումի տելուրիդը, Պղնձի ինդիում դիսելենիդը, Գալիումի արսենիդը և այլ օրգանական նյութեր»:
ՇՄԱԳ հաշվետվության համաձայն՝ կայանը տեղադրվելու է Մասրիկի դաշտի կենտրոնական մասում: ««Մասրիկ 1» կայանի համար հայցվող հողի հիմնական մասը զբաղեցնում են մարգագետնասևահողերը:… «Մասրիկ-1» կայանի համար հայցվող տարածքի հողի բերրի շերտի հզորությունը մեծ է՝ երբեմն հատում է 1 մետրը»,- նշված է հաշվետվության մեջ: Ընկերությունը հողի բերրի շերտն ամբողջությամբ չի հանելու կայանի տարածքից հետևյալ պատճառաբանությամբ. «Քանի որ օգտահանման ենթակա բերրի հողաշերտի հզորությունը մեծ է՝ միջինը 70սմ, ստացվում է, որ օգտահանված մեծ ծավալի բերրի հող, որի պահեստավորման և պահպանման համար մեծ մակերեսներ են պետք: Բացի այդ, արևային կայանի շինարարության համար խախտվող հողերի մակերեսները հիմնականում մնում են կառուցապատման տակ, և այսպիսով օգտահանված բերրի հողի հիմնական զանգվածը տեղում չի օգտագործվելու ռեկուլտիվացիոն նպատակներով: Օգտահանված բերրի հողի պահեստավորման և պահեստավորված բերրի հողի պահպանության ծախսերից խուսափելու նպատակով որոշվել է արևային վահանակների տեղադրման ժամանակ հանել միայն կոնստրուկցիոն հիմքերի տակ մնացող հողը»: Ընդհանուր հանվելու է 18129 մ3 հող: Այն պահեստավորվելու է արևային կայանի տարածքի եզրամասում:
Անընդունելի է նման բերրի հողի վրա՝ 128,3 հա տարածքում, արևային կայանի կառուցումը և բերրի հողի կորուստը, որը խիստ անհրաժեշտ է հողագործության համար: Գնահատված չէ այդ բերրի հողի կորստի տնտեսական վնասը, և որքանով է այդ տարածքում արևային կայանի կառուցման տնտեսական օգուտը գերազանցելու պատճառված վնասը:
ՇՄԱԳ հաշվետվության մեջ «Մասրիկ-1» արևային կայանի շահագործման դեպքում էլեկտրական և մագնիսական դաշտի ազդեցությունը հանրության և աշխատակիցների վրա գնահատվել է երկարաժամկետ, անուղղակի: Նշված չէ, թե այդ դաշտն ինչ ազդեցության կարող է ունենալ մարդու առողջության վրա:
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության 17.07.2019թ. «Մասրիկ-1» արևային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության ԲՓ 000061 փորձաքննական դրական եզրակացության մեջ որևէ փորձաքննական պահանջ չկա այս խնդիրների կարգավորման վերաբերյալ: Առկա է 2 փորձաքննական պահանջ: Մեկով նախատեսվում է շրջակա միջավայրի բաղադրիչների մշտադիտարկում, մյուսով՝ նախատեսվող գործունեության համար հատկացված տարածքների և «Էմերալդ» էկոլոգիական ցանցի մեջ ընդգրկված տարածքների համընկման դեպքում նշված տարածքներում աշխատանքների իրականացման բացառում:
«Էմերալդ» էկոլոգիական ցանցի մեջ ընդգրկված տարածքների վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունը 13.05.2021թ. N 5/07.6/6644 նամակով «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հարցմանն ի պատասխան հայտնել է. «Հիմք ընդունելով կողմ երկրների և ցանցի տարածքների գնահատումն իրականացնող միջազգային փորձագետների հետ կայացած քննարկումների արդյունքները` 2017թ. որոշում է կայացվել փորձագիտական խմբի միջոցով կատարել լրացուցիչ ուսումնասիրություններ՝ առաջարկված պոտենցիալ տարածքների սահմանների վերանայման ուղղությամբ: Աշխատանքային խումբը 2019թ. Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել «Էմերալդ» ցանցի օպտիմալացման վերաբերյալ առաջարկներ: Համաձայն այդ առաջարկների՝ Գեղարքունիքի մարզն ընդգրկում է «Էմերալդ» ցանցի 4 պոտենցիալ տարածքներ՝ 82421,8 հա ընդհանուր մակերեսով, հետևաբար արևային էլեկտրակայանին հատկացված տարածքը դուրս է Գեղարքունիքի մարզի «Էմերալդ» ցանցի սահմաններից»:
Նշենք, որ այդ առաջարկները Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնելը դեռ չի նշանակում, որ դրանք հաստատված են Բեռնի կոնվենցիայի Բյուրոյի կողմից, միայն հաստատվելուց հետո դրանք կարող են հանված լինել «Էմերալդ» ցանցի սահմաններից: Բեռնի կոնվենցիայի կայքում «Էմերալդ» ցանցի թեկնածու տարածք է ամբողջ «Սևան» ազգային պարկի տարածքը 489,839.8 հեկտարով: Որպես տվյալների հավաքագրման տարի նշված է 2021 թվականը:
Հաշվի առնելով այս խնդիրները և այն, որ լրացել է «Մասրիկ-1» արևային կայանի կառուցման համար ԲՓ 000061 փորձաքննական դրական եզրակացության ժամկետը, առաջարկում ենք ուժը կորցրած ճանաչել ԲՓ 000061 փորձաքննական եզրակացությունը: «Մասրիկ-1» արևային կայանի կառուցման ծրագիրը պետք է անցնի նոր փորձաքննություն, որտեղ հաշվի կառնվեն բոլոր ռիսկերը և կտրվեն համապատասխան լուծումներ»:
Սեպտեմբեր 12, 2022 at 11:44