

Սևան-Հրազդան հիդրոկասկադի անվտանգ շահագործման և արդյունավետության բարձրացման համար Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ/IFC) ֆինանսավորմամբ իրականացվում են ուսումնասիրություններ: Այդ աշխատանքների համար ՄՖԿ-ն և «Միջազգային էներգետիկ կորպորացիա» («ՄԷԿ») ՓԲԸ-ն 2021թ-ի փետրվարին պայմանագիր են ստորագրել: Ինչպես նշված է «ՄԷԿ»-ի կայքում, «ՄԷԿ» ՓԲԸ-ի պատվերով ՄՖԿ-ն կիրականացնի համապարփակ ուսումնասիրություն Սևան-Հրազդան կասկադում անհրաժեշտ ներդրումների ծավալի գնահատման, դրանց առաջնահերթության որոշման, տեխնիկատնտեսական հիմնավորվածության գնահատման համար։ Ուսումնասիրության շրջանակը կընդգրկի նաև ոռոգման համակարգում առկա ջրի կորուստների կրճատման հնարավորությունների հետազոտումը, դրանց կրճատմանն ուղղված գործողությունների տեխնիկատնտեսական հիմնավորվածության հաշվարկը, ինչպես նաև «ՄԷԿ» ՓԲԸ արտադրության արդյունավետության բարձրացման հնարավորությունների բացահայտումը։ Աշխատանքների արդյունքում կկազմվի «ՄԷԿ» ՓԲԸ-ի միջնաժամկետ ներդրումային ծրագիրը։
ՄՖԿ-ի կայքի համաձայն՝ «Սևան-Հրազդան ՀԷԿ-երի վերականգնում» ծրագրի բյուջեն 185,000.00 դոլար է: «Ջրային կորուստների նվազեցման և արտադրության ավելացմանն ուղղված մի քանի այլընտրանքներ վերլուծելով՝ ՄՖԿ-ն կօգնի հաճախորդին սահմանել լավագույն տարբերակը՝ բարելավելու Սևան-Հրազդան ՀԷԿ-երի շահագործման արդյունավետությունը՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան»,- նշված է ՄՖԿ-ի կայքում:
Նշենք, որ «ՄԷԿ»-ը Սևան-Հրազդան հիդրոկասկադի վիճակի գնահատման նպատակով 2020թ. միջազգային հանրահայտ Ֆիխտներ խորհրդատվական ընկերությանը պատվիրել էր իրականացնել մանրակրկիտ ուսումնասիրություն։ Ուսումնասիրությամբ հաստատվել է, որ Կասկադի կայաններից լավ վիճակում է «Երևան-1» ՀԷԿ-ը, մինչդեռ մյուս բոլոր հիդրոէլեկտրակայանները պահանջում են հատուկ միջոցառումներ և ներդրումներ՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ աշխատանքներով իրենց նախագծային կարողությամբ հուսալի, անվտանգ և կայուն գործունեություն ապահովելու համար։ Յոթ կայաններից երկուսը՝ «Արգել ՀԷԿ-ը» և «Երևան-3»-ը խիստ կրիտիկական վիճակում են, շուտափույտ հիմնանորոգման և ներդրումների կարիք ունեն հիմնականում անվտանգ շահագործումն ապահովելու համար։ Ինչպես նշված է ՄԷԿ-ի կայքում, հիդրոկայանների կասկադի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով անհրաժեշտ ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվել է մինչև 182 միլիոն ԱՄՆ դոլար։ Հաշվի առնելով այս ներդրումների չափազանց մեծ ծավալը՝ այս գնահատականը նվազեցվել է «ՄԷԿ» ՓԲԸ տեխնիկական անձնակազմի կողմից՝ ներառելով միայն առավել հրատապ աշխատանքները, ինչպես նաև սեփական ռեսուրսներով աշխատանքների մի մասը անելու կարողությունները։ Արդյունքում ՄԷԿ-ի անձնակազմի կողմից հաշվարկվել է 2020-2027թթ. միջակայքում անհրաժեշտ է 83.5 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումների առավել իրատեսական գումար, ինչը թույլ կտա ապահովել Կասկադի անխափան գործունեությունը։
«Ընկերության աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու համար 2020 թվականին մշակվել, կարգավորող մարմին է ներկայացվել և վերջինիս կողմից հաստատվել է ընկերության 2020-2022 թվականների ներդրումային ծրագիրը՝ 21.9 մլրդ դրամ (շուրջ 42 մլն դոլար) ընդհանուր արժեքով ներառյալ ԱԱՀ-ն։
Նշված ծրագիրն իր մեջ ներառել է 94 միջոցառում, որից 8-ը հիդրոտուրբինային, հիդրոմեխանիկական և օժանդակ սարքավորումներ, 27-ը էլեկտրատեխնիկական սարքավորումների ձեռքբերում, փոխարինում, մոնտաժում, 10-ը ռելեական պաշտպանության սարքավորումների ձեռք բերում, փոխարինում, մոնտաժում, 33-ը հիդրոտեխնիկական կառույցների կապիտալ վերանորոգումներ և սարքավորումների տեղադրում, 10-ը տրանսպորտային միջոցների և մեխանիզմների ձեռք բերում և 6-ը ընկերության բնականոն աշխատանքների ապահովման համար հիմնական միջոցների ձեռքբերում։
Ներդրումային այս ծրագրում հատկանշական են 2.8 կմ երկարություն ունեցող Հրազդանի թիվ 2 դերիվացիոն ջրանցքի կապիտալ նորոգումը (շահագործման է հանձնվել 1959 թվականին), «Հրազդան» ՀԷԿ-ի թիվ 1, թիվ 2 ուժային տրանսֆորմատորների փոխարինումը (շահագործվում են համապատասխանաբար 1959 և 1960 թթ.), «Արգել» ՀԷԿ-ի թիվ 1, թիվ 2 ուժային տրանսֆորմատորների փոխարինումը (շահագործվում են 1953 թվականից), «Արզնի» ՀԷԿ-ի թիվ 1, թիվ 2 ուժային տրանսֆորմատորների փոխարինումը (շահագործվում են համապատասխանաբար 1956 և 1957 թթ.), ընդ որում տվյալ աշխատանքները ներառում են յուղընդունիչ և յուղահավաք համակարգերի տեղակայում, որն առանձին նախատեսվել է նաև «Քանաքեռ» ՀԷԿ-ի համար։
Տաշիր ընկերությունների խումբը հանձն է առել ֆինանսավորել ներդրումային ծրագրի զգալի մասը։ Մնացած գումարի էական մասը կֆինանսավորվի «ՄԷԿ» ՓԲԸ-ի կողմից ստացվող եկամուտների հաշվին, իսկ մնացածը՝ վարկային միջոցներով։ Այս նպատակով բանակցություններ են վարվում մի շարք միջազգային ֆինանսական հաստատությունների հետ»,- նշված է «ՄԷԿ»-ի կայքում:
Օգոստոս 22, 2022 at 16:49