Եվրասիական Զարգացման Բանկը 1 719 200 ԱՄՆ դոլլարի դրամաշնորհ է տրամադրում Հայաստանին «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» դրամաշնորհային ծրագրի իրականացման նպատակով: Բանկի հետ դրամաշնորհի վեաբերյալ ֆինանսական պայմանագիրը ՀՀ կառավարությունը ստորագրել է 2022թ-ի մարտի 7-ին:
Հուլիսի 7-ին էլ գործադիրը համապատասխան որոշում ընդունեց ծրագիրն իրականացնելու նպատակով:
Ծրագրի նպատակներն են.
- Հանրային նշանակության թվով 20 շենքերում (դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց) էներգախնայողության մակարդակի աճ 50 տոկոսով, ինչը կհանգեցնի տարեկան 3.000 մՎտ/ժամ էլեկտրաէներգիայի խնայողությանը և տարեկան 700 տոննա ածխաթթու գազի արտանետման ցուցանիշի նվազեցմանը:
- Էներգետիկ ծառայություններ մատուցող ենթակառուցվածքների սուբյեկտների կայացում և զարգացման աջակցություն:
- Նվազագույնը 20 մարզային վարչական մարմինների ներկայացուցիչների շրջանում էներգախնայողության վարկերի ներգրավման մեխանիզմների և էներգախնայողության արդյունավետության մասին իրազեկվածության աճ:
Ծրագիրը կիրականացնի Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը: ՀՀ կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ հիմնադրամի կողմից Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ իրականացված էներգախնայողության ծրագրի արդյունքում արդեն իսկ հանրապետության հանրային նշանակության 64 օբյեկտների էներգախնայողությունը միջին հաշվով ավելացել է մոտ 50%-ով։ Ծրագրի արդյունքները հանգեցրել են այս պրոդուկտի մեծ պահանջարկի և ծրագրի ավարտից հետո Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը մշտապես ստանում է բազմաթիվ հայտեր կազմակերպությունների ենթակայության շենքերի էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների իրականացման համար։
Հուլիս 21, 2022 at 15:03