37 միլիոն դոլար` Հայաստանում 11 նոր արևային էլեկտրակայան կառուցելու համար

37 միլիոն դոլար` Հայաստանում 11 նոր արևային էլեկտրակայան կառուցելու համար

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում մինչև 65 մվտ ընդհանուր հզորությամբ 11 արևային էլեկտրակայան կառուցելու համար 37 մլն ԱՄՆ դոլար գումար կհատկացնի: Այս մասին տեղեկանում ենք բանկի պաշտոնական կայքից: Ըստ բանկի տարածած հաղորդագրության՝ համապատասխան փաստաթղթերը Երևանում ստորագրել են ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը և «Նյու Էներջի» ընկերությունների խմբի նախագահ Հայկ Հարությունյանը: 

Էլեկտրակայանների շահագործումը նախատեսված է արդեն այս տարի։ Ներդրումների վերադարձը կիրականացվի էլեկտրաէներգիայի իրացման պայմանագրերի հիման վրա ստացված վճարումներից, որոնք կկնքվեն վարկառուների և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի միջև:

«Հայաստանում էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացումը համարվում է ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի առաջնահերթությունը։ Էներգիայի վերականգնվող աղբյուրները նվազեցնում են պետության կախվածությունը հանածո վառելիքից, որոնք ամբողջությամբ ներմուծում են։ Վերականգնվող էներգիայի առաջնահերթությունը և դրա զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության մտադրություններն ամրագրված են 2021-2040թթ. էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի մեջ։

Հայաստանում արևային էլեկտրակայանների ներուժը գնահատվում է 8 ԳՎտ։ Արևային ժամերի միջին տարեկան տևողությունը կազմում է 2700 օր, իսկ արևային էներգիայի միջին տարեկան հոսքը կազմում է մոտ 1720 կՎտ/ժ 1 քառ.մ հորիզոնական մակերեսի համար (միջին եվրոպականը 1000 կՎտ/ժ է քառ.մ-ի համար)։ Հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է արևային էներգիայի պաշարներով՝ տարեկան 1850 կՎտ/ժ քառ.մ-ի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

«Այսօր Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգը հիմնված է ջերմային, ատոմային և հիդրոէներգետիկայի վրա։ Էլեկտրաէներգիայի մատակարարման խոշորագույն աղբյուրը և վերջնական սպառման հիմնական էներգակիրը մնում է բնական գազը: Հայաստանը որդեգրած ռազմավարության համաձայն՝ ԵԱԶԲ-ը կենտրոնանում է բաշխված արևային կայանքների կառուցման, հիդրոէներգետիկական կայանների կառուցման և արդիականացման ծրագրերի վրա: Մինչեւ 2026թ. բանկի խնդիրն է նպաստել հանրապետությունում էլեկտրաէներգիայի արտադրության աղբյուրների դիվերսիֆիկացմանը: Այդ կերպ մենք ոչ միայն բարձրացնում ենք էներգետիկ համակարգի հուսալիությունը, այլև էականորեն բարելավում ենք բնապահպանական վիճակը՝ նվազեցնելով ածխածնի արտանետումները»,- նշել է ԵԱԶԲ-ի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը:

Օգոստոս 05, 2022 at 17:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր