«Մասրիկ-1» արևային կայանի կառուցման աշխատանքները վերսկսվել են

«Մասրիկ-1» արևային կայանի կառուցման աշխատանքները վերսկսվել են

Շուրջ երկու տարի տևած դադարից հետո Վարդենիս խոշորացված համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում վերսկսվել են «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքները: Դրանք դադարեցվել էին 44-օրյա պատերազմի և Covid-19 համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով: Կայանը կառուցող «ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ն տարածքում արդեն տեղադրել է տնակներ, և տարվում են հողային աշխատանքներ: 

«Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանը կառուցվում է Վարդենիսի լեռնաշղթայի և Սևանա լճի միջև գտնվող հատվածում: Այդ հարթ տարածությունը ծովի մակերևույթից գտնվում է 1900-2200 մ բարձրության վրա, Սևանա լճի արևելյան, հարավային և արևմտյան առափնյա տարածքում՝ Մասրիկի դաշտի կենտրոնական մասում:

 

ԷկոԼուրի թիմը հանդիպել է Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, նրա խորհրդական Խաժակն Մկրտչյանի և համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանի հետ, ներկայացրել «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի փաստաթղթերի վերլուծությունը: Քննարկվել են ազդակիր համայնքի սոցիալական օգուտների և վնասների, շրջակա միջավայրի վրա ազդեցության հարցերը: 

ԷկոԼուրի վերլուծական աշխատանքում օգտագործվել են պաշտոնական աղբյուրների, ծրագրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հայտի և եզրակացության տվյալները, կառավարության համապատասխան որոշումները, դրանց համապատասխանությունը ծրագրի ներդրող ֆինանսական կազմակերպությունների՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Եվրամիության (ԵՄ) սոցիալ-էկոլոգիական քաղաքականություններին և ստանդարտներին:  

Քննարկման ժամանակ անհրաժեշտ համարվեց համայնքի պարտադիր մասնակցությունը և դերակատարությունը ծրագրի հետագա իրագործման գործընթացում: Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը պատրաստակամություն հայտնեց մասնակցելու գործընթացի մշտադիտարկման աշխատանքներին: «Այս բոլորը հաշվի կառնենք, հետևողական կլինենք, որ ամեն ինչ նորմալ լինի և համապատասխանի օրենքներին և ընդունված նորմերին», - ասաց նա: Համայնքապետարանի աշխատակիցները նշեցին, որ հետևողական կլինեն ընկերության՝ իր կողմից սահմանված բնապահպանական և սոցիալական միջոցառումները լիարժեք իրականացնելու գործընթացին:    

ԷկոԼուրը հանդիպում է ունեցել նաև Մեծ Մասրիկի վարչական ղեկավար Արմեն Ասատրյանի, տեղի աշխատակազմի ներկայացուցիչների և բնակիչների հետ, քննարկել «Մասրիկ-1» արևային կայանի կառուցման ծրագրի շրջանակներում պարտավորությունները և սոցիալական աջակցության հարցերը:  

Բնակիչները նշեցին, ոչ մինչև կայանը շահագործման չհանձնվի, հստակ ակնկալիք չեն կարող ունենալ. «Երբ ընկերության հետ պայմանագիր կնքենք, կասենք, որ պարտավոր եք համայնքին այս կամ այն աջակցությունը ցուցաբերել: Հիմա մենք ակնկալում ենք, որ մեր երեխաներն աշխատեն»: Մեծ Մասրիկի վարչական ղեկավար Արմեն Ասատրյանն էլ տեղեկացրեց, որ բնակավայրը ընկերության հետ արդեն իսկ ունի կնքված պայմանագիր, որով Մեծ Մասրիկում ներդրումներ իրականացնելու մասին տող կա: «Պայմանագիր ունենք, որ պետք է իրենց եկամուտի 5%-ը ներդնեն համայնքում, ուսման վարձերի փոխհատուցում կտրվի: Քովիդի ժամանակ ընկերությունը օգնել է Մեծ Մասրիկի անապահով ընտանիքներին: Պայմանագրով սահմանված է, որ շինարարության ժամանակ կայանում կաշխատի բնակավայրի 180, իսկ կառուցումից հետո՝ 35 բնակիչ: 3-4 հոգու էլ տանելու են Իսպանիա՝ վերապատրաստելու կայանում աշխատելու համար», - ասաց Արմեն Ասատրյանը: Նա նաև նշեց, որ ընկերության հետ հանդիպումների ժամանակ ծրագիրը մանրամասն չի ներկայացվել, ռիսկերի մասին անդրադարձ չի եղել: «Մակերեսային են խոսել», - նշեց նա:

ԷկոԼուրի վերլուծության վերաբերյալ մանրամասները կներկայացվեն հաջորդ հրապարակումներում: 

Օգոստոս 31, 2022 at 17:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր