

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն 2022թ. դեկտեմբերի 14-ին նամակով դիմել էր Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին՝ պարզելու, թե «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի շրջանակներում ինչ միջոցառումներ են իրականացվել մայրաքաղաքում:
Հարցման մեջ նշված է.
««ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն իրականացնում է «Եղիր տեղեկացված Երևանում և Գյումրիում Կանաչ քաղաքների պլանների և ծրագրերի մասին» ծրագիրը: Ելնելով Ծրագրի նպատակներից, համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, խնդրում ենք տրամադրել տեղեկատվություն.
1. Որքա՞ն գումար է հատկացվել «Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի» մշակման համար՝Չեխիայի կառավարության Պաշտոնական զարգացման աջակցության Տեխնիկական համագործակցության հիմնադրամի կողմից՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Կանաչ տնտեսության քաղաքականության» երկխոսության շրջանակի միջոցով:
2. Երևանքաղաքի ավագանու 12.09.2017թ. հ.21-Ա որոշմամբ հաստատված «Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրով» նախատեսված կարճաժամկետ գործողություններից որո՞նք են իրականացվել, ի՞նչ ծավալով և որքա՞ն գումար է արդեն ծախսվել: Ստորև ներկայացված են այդ գործողությունները:
Ա. Շրջակա միջավայրի վիճակը Երևանում
- օդի որակի քաղաքականության և մեթոդաբանության, ինչպես նաև մշտադիտարկման համակարգի բարելավում
- «Կանաչ քաղաքի իրազեկման կենտրոն»-ի հիմնում
Բ. Տրանսպորտ
- ավտոբուսների նոր ցանցի մոդելի ներդնում և հասարակական տրանսպորտի արդիականացում`էլեկտրականությամբ աշխատող միջոցների կիրառմամբ
- ճանապարհային ենթակառուցվածքների զարգացում
- մինչև 2020թ. վերջը՝ շարժակազմում 10 էլեկտրամոբիլի ներդնում:
Գ. Էներգամատակարարում
- համայնքային կառույցներում էներգետիկ կառավարման ներդնում և համայնքային էներգետիկայի կառավարիչների համար կարողությունների զարգացման իրականացում
- հանրային շենքերի ներքին լուսավորության համակարգերում էներգաարդյունավետ լուսատուների օգտագործում
- բակային տարածքների և բազմաբնակարան շենքերի մուտքերի արտաքին լուսավորության սարքերի համար արևային ՖՎ վահանակների օգտագործում:
Դ. Արդյունաբերություն
- համայնքային-մասնավոր հատվածի երկխոսության հարթակի ստեղծումը և կանաչ բիզնեսի զարգացման գործողությունների ծրագրի մշակումը
- «Կանաչ» բիզնեսին ցուցաբերվող օժանդակության ներառումը պետգնումների ընթացակարգեր
- արդյունաբերության ոլորտի էներգաաուդիտների շուրջ կամավոր համաձայնությունների ձեռքբերումը՝ ընկերություններին շահագրգռելու նպատակով (օրինակ`փոքր դրամաշնորհների միջոցով):
Ե. Թափոնների կառավարում
- քաղաքային կոշտ թափոնների նոր սանիտարական աղբավայրի կառուցում
- Նուբարաշենի և Աջափնյակի գոյություն ունեցող աղբավայրերի փակում:
Զ. Ջուր
- Ջրամատակարար ընկերության կողմից ջրաչափերի տեղադրման մեկնարկ
- Արտահոսքերի կրճատման գործողությունների ծրագրի կազմում
- Կոնցեսիոն պայմանագիր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և ջրամատակարար ընկերության միջև
- Ջրամատակարարման համակարգի ամենամեծ հոսակորուստներ ունեցող հատվածների նորոգում և վերականգնում
- Կոյուղու և անձրևաջրերի ջրատարների միացման հատվածների վերանորոգում:
Է. Հողօգտագործում
- ընտրված հանրային շենքերում կամ նրանց մերձակայքում կանաչ տրանսպորտի ենթակառուցվածքների ներդրում
- նոր շենքերում կանաչ տրանսպորտի ենթակառուցվածքների ներդրման և խոշոր վերանորոգումների համար կանոնների մշակում
- Երևանի բուսավերականգնման համար երկարաժամկետ կառուցապատման ծրագրի մշակում և իրականացում
- անտառների և կանաչ տարածքների վերականգնում
- Երևանի աղտոտված տարածքների հնարավորինս մանրամասն գույքագրում:
- Երևանի քաղաքապետարանը ի՞նչ միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ է նախատեսում իրականացնել մինչև 2030թ-ըԵրևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրով սահմանված տեսլականին հասնելու համար:
- Ի՞նչ դժվարություններ և խոչընդոտներ են ի հայտ եկել կարճաժամկետ գործողությունների իրականացման փուլում:
- Երևանիհամար մշակված այս ծրագիրը ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» մոտեցման առաջին կիրառությունն է։ Խնդրում ենք նշել, թե արդյոք այլ քաղաքներ օգտվել են Երևանի փորձից նման ծրագիր իրականացնելու հարցում:
- Իրականացված միջոցառումների արդյունքում 2017-2022թթ. ինչքա՞ն էլեկտրաէներգիայի խնայողություն է ապահովվել Երևան քաղաքում և ինչքանո՞վ են կրճատվել մթնոլորտային օդ արտանետվող ջերմոցային գազերը, որքանո՞վ է նվազել մթնոլորտային օդի աղտոտվածության աստիճանը, Ծրագիրն ինչքանո՞վ է նպաստել ջրային ռեսուրսների աղտոտվածության կրճատմանը, քանի՞ հեկտար կանաչ տարածք է հիմնվել, ե՞րբ է նախատեսվումՆուբարաշենի և Աջափնյակի գոյություն ունեցող աղբավայրերի վերջնական փակումը և նոր աղբավայրի շահագործման մեկնարկը, քանի տոկոսով է նորացվել Երևանի ավտոշարժակազմը»:
ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից 2022թ. դեկտեմբերի 22-ին նամակով հայտնել են.
«Աշխատակազմի բնապահպանության վարչությունը կանաչապատ տարածքների բարելավման և ընդլայնման, մթնոլորտային օդի աղտոտման նվազեցման նպատակով ներկայումս իրականացնում է կանաչապատման լայնածավալ աշխատանքներ, առաջնահերթությունը տալով առավել խոցելի տարածքների կանաչապատմանը: Հաշվի առնելով Երևան քաղաքի բնակլիմայական պայմանները` կանաչապատվող տարածքներում տնկվում են կայուն, արժեքավոր, գեղազարդ և մշտադալար ծառատեսակներ, որոնք գազի, փոշու, ծխի և այլ աղտոտիչների նկատմամբ ավելի կայուն են:
Ընդլայնվում և բարելավվում են քաղաքի բուֆերային կանաչ տարածքները (Ծիծեռնակաբերդի 8,5 հա համայնքային տարածքը, Սարալանջի շուրջ 12 հա տարածքը, Փարոսի բլուրը)։ 2023 թվականից աշխատակազմի բնապահպանության վարչությունը և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը նախատեսում են իրականացնել բարեփոխումներ Երևան քաղաքի փողոցային տնկարկներում՝ ծերացած և վնասատուներով վարակված ցածրարժեք ծառերի փոխարինում գեղազարդ, էկոլոգիապես կայուն ծառատեսակներով, որոնք կբարելավեն Երևան քաղաքի կանաչ տարածքների սանիտարահիգիենիկ և միկրոկլիմայական պայմանները։
Նշեմ նաև, որ մթնոլորտային օդի և հողերի որակի վատթարացման, ջրային ռեսուրսների աղտոտման, տրանսպորտային միջոցների ավելացման գործոնների ազդեցությամբ պայմանավորված ածխաթթու գազի նվազեցման նպատակով Երևանի քաղաքապետարանն իրականացնում է օդի աղտոտման առկա աղբյուրների պարբերական մշտադիտարկում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադրելով տնտեսվարող սուբյեկտներին ապահովել օդի աղտոտման նվազեցման սահմանված միջոցառումները (օրինակ՝ ապահովել շինարարական հրապարակների պատշաճ կահավորումը, սանիտարական մաքրումը, շինարարական հրապարակից դուրս եկող մեքենաների անվադողերի լվացումը՝ կանխելու դրանց կողմից փողոցների աղտոտումը):
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով քաղաքապետարանը Երևանը շրջանցող ճանապարհների կառուցման մի շարք ծրագրեր է իրականացնում: Միաժամանակ, նոր տրանսպորտային ցանցի ներդնման և բարեփոխման շրջանակներում ձեռք բերվող նոր ավտոբուսները աշխատում են հեղուկ գազով՝ նվազեցնելով շրջակա միջավայրին հասցված վնասը, ինչպես նաև ավելացվում են էլեկտրական հասարակական տրանսպորտային միջոցները, ստեղծվում են էլեկտրական տրանսպորտային միջոցների լիցքավորման ենթակառուցվածքները։
«Երևանի կայուն քաղաքային տրանսպորտի ներդնում» ծրագրի շրջանակներում Ասիական Զարգացման Բանկի Հայաստանում մշտական առաքելության կողմից Երևանի քաղաքապետարանին են տրամադրվել օդի որակի մոնիթորինգի սենսորներ։ Հետազոտությունը միտված է երթևեկության աղտոտիչների ուսումնասիրությանը, քաղաքային նոր տրանսպորտային ցանցի ներդնմամբ պայմանավորված օդի որակի փոփոխությունների բացահայտմանը։ Օդի որակի մոնիթորինգի սենսորների տեղադրման հասցեները գտնվում են տրանսպորտի նոր երթուղիների վրա։
Օդի որակի մոնիթորինգի սենսորները աշխատակազմի բնապահպանության վարչության կողմից տեղադրվել են Երևան քաղաքում թվով 5 հասցեներում և իրականցնում են օդում ազոտի երկօքսիդի (NO2) և փոշու (PM2.5 և PM10) քանակությունների չափումներ։ Սրանք համարվում են երթևեկության հիմնական աղտոտիչներ և տրանսպորտային համակարգում վառելիքի տեսակի (գազ, դիզել կամ բենզին) փոփոխության հետ մեկտեղ օդում դրանց քանակը էապես փոփոխվում է։ Սենսորները սնվում են արևային վահանակների միջոցով և տեղեկատվությունը փոխանցվում է ավտոմատ եղանակով (յուրաքանչյուր 10 րոպեն մեկ), որն արտացոլվում է օնլայն հարթակի վրա։ Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ օդի որակի ցուցանիշները գտնվում են լավ կամ բավարար միջակայքում:
Քաղաքային տրանսպորտի ոլորտում իրականացված գործողությունների վերաբերյալ.
Երևան քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում ձեռք է բերվել և մայրաքաղաք ներկրվել 211 հատ նոր, միջին դասի չինական «ԺՈՆԳ ԹՈՆԳ» մակնիշի ավտոբուսներ, որոնք աշխատում են բնական սեղմած գազով: Բոլոր 211 ավտոբուսները ներկայումս շահագործվում են Երևանի ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիներում՝ հիմնականում փոխարինելով «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսներին:
Առաջիկայում մայրաքաղաք կներկրվի վերը նշված, «ԺՈՆԳ ԹՈՆԳ» մակնիշի ևս 150 ավտոբուս, «ՄԱՆ» մակնիշի մեծ դասի (12 մետր երկարությամբ), բնական սեղմած գազով աշխատող 87 հատ նոր ավտոբուս, ինչպես նաև 30 հատ նոր տրոլեյբուս, ինչը հնարավորություն կտա զգալիորեն թարմացնել հասակական տրանսպորտի պարկը և բարելավել դրա աշխատանքը, մասնավորապես, արտանետումների նվազեցման և բնապահպանման խնդիրների տեսանկյունից: Վերը նշված գործողությունների արդյունքում, հաշվի առնելով ներկրվելիք ավտոբուսների և տրոլեյբուսների քանակը, քաղաքային տրանսպորտի շարժակազմը կթարմանա շուրջ 45 տոկոսով:
Վարչական շրջանների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ իրականացնելիս տեղադրվում են լեդ լուսատուներ: Վարչական շրջանի մի շարք բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրվել են արևային ֆոտովոլտային վահանակներ ներշենքային և բակային տարածքի լուսավորությունը ապահովելու համար: Քաղաքային և վարչական շրջանի ծրագրերով փոխարինվել և կառուցվել են կոյուղագծեր վարչական շրջանի մի շարք հասցեներում:
Աջափնյակ վարչական շրջանում՝ վարչական շենքի լուսավորության համակարգում, տեղադրվել են էներգաարդյունավետ լուսատուներ: Վարչական շրջանի թվով 6 բազմաբնակարան շենքերի բակային տարածքների, մուտքերի և վերելակների էլեկտրասնուցումը միացվել է արևային ՖՎ վահանակներին: Նշենք, որ Աջափնյակի կենցաղային աղբավայրը փակվել է:
Էրեբունի վարչական շրջանի վարչական շենքի լուսավորության համակարգում տեղադրվել են էներգաարդյունավետ ԼԵԴ տեսակի լուսատուներ: Վարչական շրջանի թվով 3 բազմաբնակարան շենքերի բակային տարածքների, մուտքերի և վերելակների էլեկտրասնուցումը միացվել է արևային ՖՎ վահանակներին: Խ․Դոնի փողոցում /հարակից շենքեր/ կառուցվել է ջրագծի նոր մագիստրալ։ Խ․Դոնի փող․ հ․19 շենք՝ նոր կոյուղագծի կառուցում։
Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշեն 6-րդ փ. հ. 1/2 բազմաբնակարան շենքի տանիքում տեղադրվել են արևային ՖՎ վահանակներ:
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի աշխատասենյակների լամպերը փոխարինվել են էներգախնայող ԼԵԴ տեսակի լամպերով։
Վարչական շրջանի բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացման ժամանակ բակերում տեղադրվում են արևային էներգիայով սնվող ԼԵԴ լուատուներ։
Մի շարք բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրվել են ֆոտովոլտային վահանակներ ներշենքային և բակային տարածքների լուսավորության ապահովման համար։ Ն. Շենգավիթ և Նորագավիթ թաղամասերի կոյուղի չունեցող փողոցներում կառուցվել են կոյուղագծեր, Ֆրունզե փողոցում կատարվել է կոյուղագծի վերանորոգման աշխատանքներ։
Անտառների և կանաչ տարածքների վերականգնման նպատակով կատարվում են խորքային հորի կառուցման աշխատանքներ։
2017-2022թթ. ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում հիմնվել է 1 հատ կանաչ տարածք։
Աշխատակազմի Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության կողմից տեղեկացնում են հետևյալը.
Երևանի քաղաքապետարանը 2021թ-ից գործնական հարթություն է տեղափոխել Երևան համայնքում էներգետիկ կառավարման համակարգ (այսուհետ՝ Համակարգ) ներդնելու աշխատանքները: 2021թ. փետրվարի 26-ին Երևան համայնքի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվել է մտադրությունների մասին հուշագիր, որի շրջանակներում կողմերը, որպես ընդհանուր նպատակ, ընդունել են Համակարգի կայացման անհրաժեշտությունը Երևան համայնքում:
Երևանի քաղաքապետը 2022թ. ապրիլի 5-ին ընդունել է «Երևան համայնքի էներգետիկ կառավարումը համակարգող աշխատանքային խումբ ստեղծելու, խմբի կազմն ու աշխատակարգը հաստատելու և էներգետիկ կառավարչի պարտականություններն իրականացնելու մասին» N 1266-Ա որոշումը (այսուհետ՝ Որոշում): Համաձայն Որոշման՝ Համակարգի ներդրման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ (այսուհետ՝ Համակարգող խումբ)՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի ղեկավարությամբ, նշանակվել է էներգետիկ կառավարիչ, ձևավորվել են անհրաժեշտ իրավական և աշխատանքային կառուցակարգերը և տրվել համապատասխան հանձնարարականներ:
Համակարգող խմբի 1-ին նիստով հաստատվել են Երևան համայնքի ենթակայության շուրջ 320 ընկերությունների/կազմակերպությունների ցանկը, որոնցում մեկնարկել է էներգետիկ կառավարման համակարգի ներդրման գործընթացը: Ցանկում ներառված են համայնքային 161 մանկապարտեզները, 30 առողջապահական հիմնարկներ, 19 գրադարաններ, 26 երաժշտական և արվեստի դպրոցները, 13 մանկապատանեկան և մշակույթային կենտրոնները, 10 թանգարաններն ու թատրոնները, 34 մարզադպրոցները, Երևանի քաղաքապետարանի 2 և 12 վարչական շրջանների վարչական շենքերը և 14 այլ ՓԲԸ-ներ ու ՀՈԱԿ-ներ:
Նշված 320 ընկերություններում/կազմակերպություններում տնօրենների հրամաններով նշանակվել են էներգետիկ պատասխանատուներ, որոնց կարողությունների և հմտությունների զարգացման նպատակով 2022թ. հունիսի 6-10-ը և հոկտոմբերի 31-ից նոյեմբերի 4-ը անցկացվել են վերապատրաստման դասընթացներ:
Երևանի քաղաքապետարանի՝ Արգիշտի 1 հասեցեում գտնվող վարչական շենքում 2018-2021թթ. 2300 հատ լյումինեսենտային և 250 հատ շիկացման լամպերը/լուսատուները փոխարնվել են 2550 հատ LED լուսատուներով, Բյուզանդ 1/3 հասցեում՝ 2019-2021թթ. 1000 հատ լյումենիսենտային տեսակի լուսատուները փոխարնվել են 1000 հատ LED լուսատուներով:
2017թ. Երևան քաղաքի պատմության թանգարանի լուսատուներն ամբողջությամբ փոխարինվել է 380 հատ LED լուսատուներով:
Միևնույն ժամանակ պարբերաբար իրականցվում են Երևանի ենթակայության հանրային շենքերի (մանկապարտեզների, մարզադպրոցների, առողջապահական հիմնարկների և այլն) վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքերի, որի շրջանակներում ներշենքային շիկացման և լյումենիսենտային լուսատուները փոխարինվում են LED լուսատուներով:
«Եվրոպական միությունը Երևանի համար. Արևային համայնք» ծրագիրն իր բովանդակային և սոցիալական ազդեցության մասշտաբներով առաջին և միակն է ինչպես Երևանում, այնպես էլ Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության անդամ հանդիսացող մյուս քաղաքների շարքում:
Այս համատեքստում արվել է ամեն ինչ՝ ծրագիրը լավագույնս իրականացնելու և քաղաքի վարկանիշը միջազգային հարթակներում բարձր մակարդակով ներկայացնելու նպատակով:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1.250.000 եվրո, որից 250.000 եվրոն համաֆինանսավորվել է Երևանի քաղաքապետարանի կողմից:
Ծրագիրը համահունչ է նաև Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի» նպատակներին, քանի որ Ծրագրի իրականացման արդյունքում CO2 արտանետումները կնվազեն տարեկան ավելի քան 453 տոննայով:
Ծրագրի շրջանակում 97 բազմաբնակարան շենքերի բնակիչներ օգտվում են իրենց շենքերի ներշենքային և աստիճանավանդակային հատվածների և բակային տարածքների բարձրորակ լուսավորությունից, ինչպես նաև ունեն այդ տարածքներում էլեկտրաէներգիայի սպառման նվազում մոտ 77%-ով և վերելակների էլեկտրաէներգիայի վճարումների նվազում մոտ 50%-ով:
Տեղադրված արևային կայաններն ու լուսավորության համակարգերը նվիրաբերվել են բնակիչներին:
Շենքերից յուրաքանչյուրի համար ստեղծվել են նպատակային բանկային հաշիվներ, որտեղ կկուտակվեն բնակիչներից գանձված գումարները և Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ին վաճառված էլեկտրաէներգիայից գոյացած եկամուտը: Իսկ կուտակված գումարը կուղղվի նվիրաբերված համակարգերի սպասարկմանը և բնակիչների որոշմամբ շենքերում էներգախնայողության միջոցառումների իրականացմանը:
Ծրագրի սոցիալական բաղադրիչի շրջանակներում շուրջ 257 անապահով ընտանիքի տրամադրվել են 5-ական լուսադիոդային լամպեր:
Ծրագրի իրականացման արդյունքում նշված շենքերում ակնկալվում է տարեկան կտրվածքով՝
- մոտ 933 ՄՎտ. ժամ էլեկտրաէներգիայի արտադրում արևային կայանների միջոցով
- 453 տոննա CO2 գազի արտանետման նվազում
- լուսավորության համակարգի փոխարինման արդյունքում կունենանք 395 ՄՎտ. ժամ էլեկտրաէներգիայի սպառման նվազում:
Շենքերի ընտրությունը կատարելիս հաշվի է առնվել նաև տարածքային համաչափ զարգացման սկզբունքը՝ ընդգրկելով բոլոր վարչական շրջանները:
Ծրագրի իրականացման արդյունքում բազմաբնակարան շենքերի շուրջ 27.000 բնակիչ կապրի ավելի հարմարավետ պայմաններում, իսկ մեր երեխաները կխաղան լուսավոր և անվտանգ բակերում:
Երևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 հասցեում գտնվող գլխավոր մասնաշենքի տանիքին տեղադրել են արևային ֆոտովոլտային կայաններ` մասնաշենքի էլեկտրական էներգիայի արտադրության և լուսավորությունը ապահովելու համար։ Փոխակերպիչների ընդհանուր դրվածքային հզորությունը կազմում է 150 կՎտ, արևային ֆոտովոլտային վահանակների ընդհանուր դրվածքային հզորությունը 156.96 կՎտ։ Քաղաքապետարանի 2-րդ՝ Բյուզանդ 1/3 հասցեում գտնվող մասնաշենքի տանիքին կտեղադրվեն արևային ֆոտովոլտային կայաններ, որոնց ընդհանուր դրվածքային հզորությունը կկազմի 153,69 կՎտ, իսկ ինվերտորների ընդհանուր դրվածքային հզորությունը՝ 150 կՎտ:
Արգիշտի 1 հասցեում գտնվող շենքի աշխատանքների իրականացման արդյունքում տարեկան CO2 արտանետումները կկրճատվեն՝ 392,4 տոննա, տարեկան խնայողությունը կկազմի՝ 30 %: Բյուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքի աշխատանքների իրականացման արդյունքում տարեկան CO2 արտանետումները կկրճատվեն՝ 384,3 տոննա, տարեկան խնայողությունը կկազմի՝ 35 %:
Քաղաքի համար կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր ունենալը մեծ կարևորություն է ներկայացնում և կայուն զարգացման հիմքն է հանդիսանում: Վերջին մի քանի տարիների ընթացքում Երևանը զգալի քայլեր է ձեռնարկել կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի և կլիմայի փոփոխության ազդեցության հարմարվողականության հատուկ միջոցառումների իրականացման ուղղությամբ: Հատկանշական է, որ այս տարի Երևանի զարգացման միամյա ծրագիրը համալրվել է նոր՝ «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ու հարմարվողականությանն ուղղված ծրագրեր» բաժնով: Այս առումով 2023 թվականին նախատեսվում է շարունակել ակտիվ համագործակցությունը ՄԱԶԾ-ի և Եվրոպական միության հետ՝ կյանքի կոչելու մի շարք կարևոր ծրագրեր, որոնք ուղղված են Երևանի քաղաքային ենթակառուցվածքների էներգաարդյունավետության բարելավման և շրջակա միջավայրի պահպանության երկարաժամկետ ռազմավարության իրականացմանը: Շարունակական կլինեն վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման, հասարակական շենքերի ջերմամեկուսացման, էներգաարդյունավետության մակարդակի բարձրացման, տրանսպորտային համակարգի արդիականացման և խելացի լուծումների կիրառման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ նպատակ ունենալով նվազեցնելու CO2 արտանետումները:
Այս պահին ընթացքում է Երևանի կլիմայի փոփոխության հարմարվողականության ռազմավարական ծրագրի մշակման գործընթացը:
«Երևան 2.0. Դեպի ավելի ընդգրկուն ու կանաչ վերականգնում» ծրագրի շրջանակում «Դոնաթ» նորարարական տնտեսական մոդելի տեղայնացմանն ուղղված աշխատանքների հիման վրա ստեղծվել է Երևան քաղաքի զարգացման դիմանկարը (Selfie City), Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ-2 թաղամասում գտնվող այգում կառուցվել է բացօթյա դասարան:
Աշխատակազմի Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությունն իր փորձով և ինստիտուցիոնալ գիտելիքներով օժանդակել և տրամադրել է մեթոդական աջակցություն Հայաստանի այլ համայքներին՝ մշակելու իրենց քաղաքի գործողությունների ծրագրերը:
Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունից տեղեկացնում են.
2017 թվականի հունվարի 1-ից մեկնարկել է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծառայությունների մատուցման Վարձակալության նոր պայմանագիր, որի կողմերն են հանդիսանում Ջրային կոմիտեն՝ որպես Վարձատու և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն՝ որպես Վարձակալ: Ջրամատակարարման/ջրահեռացման վերաբերվող հարցերը գտնվում է Ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պատասխանատվության ներքո:
Այնուամենայնիվ, խնդրի կարևորությունից ելնելով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության ծրագրերով մայրաքաղաքի մի շարք հասցեներում իրականացվել են ջրամատակարարման, ջրահեռացման և հեղեղատար համակարգերի կառուցման/վերակառուցման աշխատանքներ:
Աղյուսակը կցվում է:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ պարբերաբար իրականացվում են Երևանի աղտոտված տարածքների գույքագրման աշխատանքներ և միջոցներ են ձեռնարկվում վերջիններիս առաջացումը կանխելու և վերացնելու ուղղությամբ»:
Դեկտեմբեր 26, 2022 at 15:47