ԷկոԼուրը «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի վերաբերյալ նամակ է ուղարկել Ծրագիրն իրականացնող «Էֆ Ար Վի Մասրիկ» ընկերությանը:
Նամակում նշված է. «2020թ. սկսած հայ-ադրբեջանական ռազմական կոնֆլիկտի պատճառով «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցումը դադարեցվել է արդեն երկու տարի, քանի որ տարածքը գտնվում է վտանգավոր, սահմանամերձ գոտում, որը ենթարկվում է կրակոցների: Կայանի կառուցումը պետք է ավարտվեր 2022թ-ի հուլիսի 1-ին: ՀՀ կառավարության 2022թ-ի հունիսի 30-ի N 997-Ա որոշմամբ երկարաձգվել է կայանի կառուցման ժամկետը մինչև 2023թ-ի սեպտեմբերի 1-ը: Սակայն «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականին տրված բնապահպանական փորձաքննական եզրակացությունը կորցրել է իր ուժը: Այս մասին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը 05.10.2022թ. N 3/07.4/13313 նամակով: Հետևաբար, «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի իրականացման համար, ՀՀ օրենսդրության համաձայն, պահանջվում է նոր ՇՄԱԳ:
ԷկոԼուրն ուսումնասիրել է «Էֆ Ար Վի Մասրիկ» ընկերության ներկայացրած ԲՍԱԳ-ը, ՇՄԱԳ-ը, բնապահպանական փորձաքննական եզրակացությունը, որը տրվել է 2019թ.: Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել հետևյալը.
- Երկու փաստաթղթերում նշված են նախագծի տարբեր կատեգորիաներ: ԲՍԱԳ-ում նախագծի կատեգորիան Բ է, իսկ փորձաքննական եզրակացության մեջ նշված է ավելի խիստ Ա կատեգորիա: Ֆոտովոլտային վահանակների թվերը ևս տարբեր են: ԲՍԱԳ-ում նշված է «180,000 ՖՎ վահանակներից մի փոքր ավելի», իսկ ՇՄԱԳ-ում՝ 165,368:
- ՇՄԱԳ-ում նշվում է, որ կայանը կառուցվելու է բերրի հողի վրա, որտեղ հումուսի հաստությունը 70սմ-ից 1 մ-ի է հասնում, սակայն որևէ փաստաթղթում գնահատված չէ այդ հողի կորստի տնտեսական արժեքը և փոխհատուցման հնարավորությունը: Երկու փաստաթղթերում բացակայում է լիարժեք տեղեկատվությունը, թե ինչ է արվելու կամ ինչպես են կառավարվելու էլեկտրոնային թափոնները, ինչը մեծ խնդիր է, քանի որ Հայաստանը դեռևս չունի նորմատիվ բազա արևային էներգետիկայի առաջացրած թափոնների կառավարման վերաբերյալ:
- ՇՄԱԳ հաշվետվության մեջ «Մասրիկ-1» արևային կայանի շահագործման դեպքում էլեկտրական և մագնիսական դաշտի ազդեցությունը հանրության և աշխատակիցների վրա գնահատվել է երկարաժամկետ, անուղղակի: Նշված չէ, թե այդ դաշտն ինչ ազդեցություն կարող է ունենալ մարդու առողջության վրա:
- Բեռնի կոնվենցիայի կայքում «Էմերալդ» ցանցի թեկնածու տարածք է ամբողջ «Սևան» ազգային պարկի տարածքը 489,839.8 հեկտարով, որի մեջ մտնում է նաև «Մասրիկ-1» կայանի կառուցման տարածքը: Դեռևս ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Բեռնի կոնվենցիայի բյուրո չի ներկայացրել Հայաստանի «Էմերալդ» ցանցի թեկնածու տարածքի նորացված, կրճատված ցանկը, ինչը նշանակում է, որ «Մասրիկ-1» կայանը կառուցվելու է «Էմերալդ» ցանցի թեկնածու տարածքում: Այս մասին «Էֆ Ար Վի Մասրիկ»-ի ներկայացրած փաստաթղթերում անդրադարձ չկա:
- Մեծ Մասրիկ համայնքը, որտեղ կառուցվելու է կայանը, համայնքային խոշորացման արդյունքում 2021թ-ից ներառվել է Վարդենիս խոշորացված համայնքի կազմում: Դա նշանակում է, որ նոր ՇՄԱԳ գործընթացում անհրաժեշտ է հաշվի առնել այս հանգամանքը և ապահովել շահագրգիռ բնակչության լիարժեք մասնակցությունը հանրային լսումներին:
Հավաստիացնում ենք, որ մենք ողջունում ենք Հայաստանում արևային էներգետիկայի զարգացումը, այդ թվում «Մասրիկ-1» արևային կայանի կառուցումը: Կարծում ենք, որ այն պետք է կառուցվի ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի վրա, և Ծրագրիը պետք է հաշվի առնի բոլոր ռիսկերը և միջոցառումներ նախատեսի դրանց վերացման համար՝ այդպիսով բարձր պահելով ինչպես «Էֆ Ար Վի Մասրիկ» ընկերության, այպես էլ Ծրագրի ներդրող հանդիսացող միջազգային ֆինանսական ինստիտուտների բնապահպանական և սոցիալական ստանդարտները և հեղինակությունը:
Առաջարկում ենք նոր ՇՄԱԳ իրականացնելիս հաշվի առնել մեր ներկայացրած խնդիրները: Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության, խնդիրների քննարկման»:
Ի պատասխան «Էֆ Ար Վի Մասրիկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Տրիստան Հուգուերոն և լիազոր ներկայացուցիչ Դենիզ Սաիդովը 2022թ. դեկտեմբերի 21-ի նամակում գրել են.
«Ի հեճուկս ԷկոԼուրի նամակում տեղ գտած որոշ պնդումների, «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի նախագծի իրականացումը («Նախագիծ») շարունակվում է նախագծային ընկերության հիմնադրումից ի վեր՝ ներառյալ նախագծման, թույլտվության, գնման և շինարարության աշխատանքները։ Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն ու պարբերական զինված բախումները պատճառ են դարձել շինարարական աշխատանքների ձգձգումների, ինչի հետևանքով Ծրագրի շինարարության ժամկետը երկարացվել է մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը։
Ծրագրի ընկերությանը տրվել է ՇՄԱԳ փորձաքննության եզրակացություն 2019 թվականի հուլիսի 17-ին, որն ամբողջությամբ ուժի մեջ է և ուժի մեջ է սույն նամակի օրվա դրությամբ, քանի որ նախագծային ընկերությունը երբեք չի դադարեցրել Ծրագրի իրականացմանն ուղղված իր գործունեությունը:
Մենք նշում ենք, որ Շրջակա միջավայրի նախարարության նամակը վերահաստատում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի օրենքի որոշ դրույթներ և նախատեսված է միայն տեղեկատվական նպատակներով: Այն պետք է դիտարկել որպես հղում՝ առանց կոնկրետ իրավական հետևանքներ ստեղծելու։
Ձեր բարձրաձայնած մյուս հարցերի վերաբերյալ.
Վտանգավոր էլեկտրոնային թափոնների կառավարում
Լինելով Հայաստանում ստեղծվելիք առաջին արևային պարկը՝ նախագծի ռազմավարությունն է նվազեցնել էլեկտրոնային թափոնների ծավալն իր գործունեության ողջ ընթացքում՝ երկարացնելով ցանկացած արտադրանքի կամ դրա բաղկացուցիչ մասերի ծառայության ժամկետը՝ վերանորոգման, վերաօգտագործման և վերակառուցման միջոցով։ Անպիտան արևային մարտկոցներն ու բաղադրիչները կպահպանվեն վտանգավոր թափոնների պահեստավորման վայրում, նախքան երկրի մակարդակով կայուն մշակման/հեռացման տարբերակների մշակումը կամ դրսից ձեռք բերելը:
Ծրագրի տարածքը և բերրի հողի կորուստը
Որպես նախագծի պատշաճ ուսումնասիրության մաս ծրագրի տարածքում գտնվող հողը մանրակրկիտ գնահատվել է: Պարզվել է, որ դրանք անարդյունավետ արոտավայրեր են՝ անասունների գերարածեցման, հողի աղակալման և խտացման պատճառով: Հողի ձեռքբերումը կամավոր հողային գործարք էր, որի ընթացքում համայնքը հող էր տրամադրում տեղական օրենսդրությանը համապատասխան: Համայնքին վճարվել է ամբողջությամբ՝ հողի գնահատման (հավաստագրված գնահատողի) կամ կադաստրային արժեքի հիման վրա։
Էլեկտրական և մագնիսական դաշտեր
Էլեկտրական և մագնիսական դաշտերը հիմնականում կստեղծվեն օդային հաղորդման գծի տակ: Օդային հաղորդման գծի երթուղին ընտրվել է՝ հաշվի առնելով բնակելի տարածքներին մոտ լինելը: Օբյեկտներից ոչ մեկը չի գտնվում բուֆերային միջանցքում, ինչպես սահմանված է տեղական կանոնակարգերով:
Էմերալդ ցանցի թեկնածու տարածքներ
«Մասրիկ» արևային ծրագիրը նամակ է ստացել Շրջակա միջավայրի նախարարությունից 2019 թվականին՝ հաստատելով, որ նախագծի տարածքն առաջարկվող Էմերալդ գոտու մաս չէ: Շրջակա միջավայրի նախարարությունը նախագծի հովանավորին և վարկատուներին տեղեկացրել է, որ Հայաստանում ցանցի ստեղծման հետազոտական խումբը մշակել և Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել ցանցի օպտիմալացման առաջարկ, որի համաձայն ընդգրկված են եղել «Սևան» ազգային պարկի միայն որոշ հատվածներ և Գեղամա լեռնաշղթայի միջին հատվածի լանջերի ոչ մեծ մակերեսներ որպես առաջարկվող էմերալդ ցանցի պոտենցիալ տարածքներ:
Այս որոշումը հաստատվել է այն տարածքի դաշտային հետազոտությունների արդյունքներով, որոնք Միջազգային ֆինանսական կորպորացիան խնդրել է «Մասրիկ 1» կայանի համար: Հետազոտության արդյունքների հիման վրա նախագծի տարածքը խիստ փոփոխված միջավայր է, որն ավանդաբար օգտագործվել է արածեցման համար: Առկա չեն բույսերի կամ կենդանիների տեսակներ, որոնք կարող են անհետանալ կամ վտանգված լինել, և բույսերի տեսակները տարածված են և բնորոշ են արոտավայրերին:
Հուսով ենք, որ տրամադրված տեղեկատվությունը կօգնի պատասխանել Էկոլուրի կողմից հնչեցված հարցերին և մտահոգություններին: Մենք ևս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում այս նախագծին Ձեր արժեքավոր մասնակցության համար: Ցանկանում ենք նաև նշել, որ «Էֆ Ար Վի Մասրիկ»-ը նաև մեխանիզմներ է ստեղծել ծրագրի շահագրգիռ կողմերի հետ փոխգործակցության համար, և այս բոլոր հարցերը քննարկվել են շահագրգիռ կողմերի հետ ծրագրի համար ՇՄԱԳ-ի ազդեցության գնահատման ընթացքում, ինչպես նաև այս հարցի վերաբերյալ վեց (6) հանրային քննարկումների ընթացքում»:
Դեկտեմբեր 29, 2022 at 11:17