

2023թ. հունվարի 19-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն առաջին անգամ հանդիպեցին Շրրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ: Հակոբ Սիմիդյանը նշեց, որ ներկայում նախարարությունը հանրության ներառականությանը միտված երկու գործընթաց է մեկնարկել. Օրհուս կենտրոնների գրասենյակների վերաբացումը և նախարարին կից Հասարակական խորհրդի վերաձևավորումը:
Նախարարը նաև նշեց, որ նախատեսվում է ոլորտների խնդիրների գույքագրում և առաջնահերթությունների սահմանում ոլորտների ռազմավարությունների մշակման համար:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն անդրադարձավ բնական ռեսուրսների օգտագործման և կառավարման խնդիրներին: «Կա կառավարության որոշում, որով սահմանվել է փոքր ՀԷԿ-երի կառուցման համար արգելված գետերի ցանկը: Ձորագետի վրա այլևս ՀԷԿ չի կարող կառուցվել: Սակայն «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել նախարարության դեմ՝ այդ գետի վրա ՓՀԷԿ կառուցելու համար ջրօգտագործման թույլտվություն տրամադրելու պահանջով: Եվ շահել է դատը»,- ասաց նա՝ նշելով, որ այս դեպքում նախարարությունը չի պաշտպանել իր դիրքորոշումն ավելի բարձր դատական ատյաններում, սակայն քաղհասարակությունը միշտ պատրաստ է աջակցել նախարարությանը բնության շահերի պաշտպանության հարցում:
Ինգա Զարաֆյանը բարձրաձայնեց նաև արևային էներգետիկայի ոլորտում առկա ռիսկերի մասին: «Մեծամասամբ արևային կայանների կառուցման համար օգտագործում են գյուղատնտեսական նշանակության հողերը: Հողերի էներգետիկ նպատակով օգտագործման նորմեր մենք չունենք: Արևային էներգետիկայի բուռն զարգացումը տանում է մեծ թվով էլեկտրոնային թափոնների գոյացմանը: Հայտնի չէ, թե որտեղ պետք է դրանք պահվեն, ինչպես օգտահանվեն, ոչ մի լուծում չկա: Դիտարկվում են միայն բիզնեսի շահերը»,- նշեց նա:
Ի պատասխան նախարար Հակոբ Սիմիդյանը հայտնեց, որ արևային էներգետիկայի մասով կառավարությունը որոշակի սահմանափակումներ դրել է: Ըստ նրա, թե' արևային էներգետիկայի, թե' մյուս քննարկված հարցերի կարգավորման տեսանկյունից առաջնային գործիքը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն (ՇՄԱԳ) է: «ՇՄԱԳ-ի մասին օրենքը վերջին շտկումների փուլում է: Փորձել ենք օրենքը թիրախային դարձնել և ՇՄԱԳ փորձագիտական գործընթացի արդյունքում շրջակա միջավայրի վնասները նվազեցնել: Վերջին 2-3 շաբաթների ընթացքում քննարկվել են թափոնների հետ կապված հարցերը: Մենք կարողությունների խնդիր ունենք, խնդիրները ձևակերպելու և առաջ տանելու: Անհրաժեշտ է լուծումների ճանապարհային քարտեզ ունենալ՝ մեր նախարարության և միջազգային գործընկերների հետ համատեղ: Այս տեսանկյունից նույնպես կարևոր է ռազմավարության մշակումը, որի համար պետք է ստեղծել աշխատանքային խմբեր»,- նշեց Հակոբ Սիմիդյանը:
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն անդրադարձավ հանքարդյունաբերական թափոնների կառավարման խնդիրներին: «Այդ խնդիրների կարգավորմանն անմասն է ՏԻՄ-ը, տեսչական մարմինը, Առողջապահության նախարարությունը: Հույս ունենք, որ Շրջակա միջավայրի նախարարարությունը կլինի այն մարմինը, որն Առողջապահության նախարարությանը կբերի այդ դաշտ»,- նշեց նա: Ի պատասխան Հակոբ Սիմիդյանն ասաց, որ լքված 3 պոչամբարի ռեկուլտիվացման համար մրցույթ են կազմակերպել. «Արդեն իսկ շահել են տեխնիկական առաջադրանքը ներկայացնելու հայտը, պետք է կարողանալ ֆինանսներ գեներացնել լքված պոչամբերների ռեկուլտիվացիայի համար»:
Օլեգ Դուլգարյանը խոսեց նաև հանքարդյունաբերական բիզնեսի կողմից իրավապաշտպանների և բնապահպանների նկատմամբ իրականացվող ճնշումների մասին՝ ակնկալելով նախարարության դիրքորոշումն այդ ճնշումների վերաբերյալ: Հակոբ Սիմիդյանն արձագանքեց. «Բնապահպանական հանրույթին փորձում են թիրախավորել: Այս հանդիպումների շարքը երաշխիք կդառնա, որ մենք բնապահպանական հանրույթի հետ ոչ թե հակադիր կողմերում ենք, այլ՝ նույն»:
Օլեգ Դուլգարյանը նաև խնդրեց, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մինչ կառավարություն հասնելը՝ ևս մեկ քննարկվի քաղհասարակության հետ:
«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը նույնպես կարևորեց ՇՄԱԳ օրենքի նախագծի վերաբերյալ լրացուցիչ քննարկումը. «ՇՄԱԳ օրենքում փոփոխություններն եղան ի օգուտ ձեռնարկողի»:
«Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը բարձրաձայնեց արագիլների՝ ամեն տարի կրկնվող աղտոտման խնդրի մասին: «Աղետալի վիճակ է՝ թռչունները յուղոտվում են: Պետք է աղտոտման ակունքը գտնել: Ես կարծում եմ՝ ջրային համակարգից է»,- նշեց նա: Նախարարն արձագանքեց, թե արագիլների աղտոտման խնդրի բուն պատճառը հայտնի չէ, կարծիք կար, թե աղբավայրում սնվելու հետևանք է: Նախարարին արձագանքեց «Արմաշ գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Մաթևոսյանը. «Սովետաշենի աղբավայրում նույնպես հազարավոր արագիլներ կան, նրանք չեն աղտոտվում: Իրական պատճառը ձկնաբուծարաններն են»:
Լուսանկարը՝ Շրջակա միջավայրի նախարարության
Հունվար 24, 2023 at 17:17