ԷկոԼուրը հրապարակում է 2023թ․ փետրվարի 22-ին ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքված եռակողմ փոխըմբռնման հուշագրի մանրամասները: Հուշագիրը ստորագրել էին Եվրասիական Զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Դենիս Իլյինը, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչը և ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ամուլսարի հանքավայրի շահագործումը թույլատրող այս հուշագրով ՀՀ կառավարությունը կստանա «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5%-ը:
Վահան Քերոբյանը հուշագրի ստորագրման օրն ասել էր. «Այսօր ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որով կողմերն իրենց նպատակադրումներն են հայտնում՝ ներգրավելու 150 մլն ԱՄՆ դոլար՝ այս պայմանագրով, բայց այս պայմանագրից դուրս ևս մոտ 100 մլն դոլար է ներդրվելու՝ Ամուլսար հանքավայրի վերագործարկման ուղղությամբ»:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հարցում էր ուղարկել Կառավարությանը՝ պարզելու ստորագրված հուշագրի մանրամասները:
Ներկայացնում ենք հարցման պատասխանն ամբողջությամբ.
«Հաշվի առնելով այն, որ Կողմերը ցանկանում են դիտարկել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի նախապատրաստական, շինարարական և հետագա շահագործման աշխատանքների (այսուհետ՝ «Ծրագիր») վերսկսման/շարունակման հնարավորությունը, Ծրագրի իրագործումը կնպաստի Հայաստանի Հանրապետության բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, և սույն Փոխըմբռնման հուշագրի (այսուհետ՝ «Հուշագիր») կնքումը կխթանի Կողմերի միջև, սույն Ծրագրի շրջանակներում, փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցությունը, Կողմերը սույնով համաձայնեցին հետևյալի մասին:
ՀՈԴՎԱԾ 1.
Հուշագրի առարկան
1.1. Սույնով Կողմերը հաստատում են Ծրագրի իրականացմանը մասնակցելու հնարավորությունները դիտարկելու մտադրությունը և հայտնում են պատրաստակամություն ձեռնարկելու հստակ քայլեր և միջոցներ այդ ուղղությամբ, ինչպես նաև գործադրելու բոլոր ջանքերը փոխադարձ պարտավորությունների կատարումն ու ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով Ծրագրի անխափան իրականացումն ապահովելու համար:
1.2. Սույնով Կողմերը տեղեկացվում են այն մասին, որ Ծրագրի արդյունավետ իրագործման համար Լիդիան ընկերությունը պետք է ապահովի առնվազն 250 000 000 (երկու հարյուր հիսուն միլիոն) ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ:
ՀՈԴՎԱԾ 2.
Համագործակցության պայմաններ
2.1. Սույնով Կողմերն արտահայտում են իրենց համաձայնությունը փոխադարձ պարտավորությունների և Ծրագրի շրջանակներում հետևյալ պայմաններով համագործակցության վերաբերյալ.
2.1.1. Լիդիան ընկերությունը պարտավորվում է՝
ա) ապահովել Ծրագրի վերսկսման պահի դրությամբ ամեն տեսակի /դրամային և ոչ դրամային չվճարված պարտքերի կամ չկատարված պարտավորությունների բացակայություն երրորդ անձանց նկատմամբ, բացառությամբ Լիդիան ընկերության ուղղակի և անուղղակի բաժնետերերի, այն է՝ Orion Resource Partners և Osisko Gold Royalties, ինչպես նաև ING Bank N.V./AB_Svensk Exportkredit (publ) և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի, եթե այլ բան համաձայնեցված չէ Կողմերի միջև,
բ) ի դեմս իր բաժնետերերի՝ հաշվի առնելով բաժնետերերի ժողովի 2023թ. փետրվարի 16-ի որոշումը՝ Կառավարությանը անհատույց տրամադրել Լիդիան ընկերության կանոնադրական կապիտալի 12,5% բաժնետոմսեր՝ առանց Ընկերության կանոնադրական կապիտալում դրամական ներդրումներ կատարելու՝ Կառավարության մասով որևէ պարտավորության,
գ) Ծրագրի իրականացման ողջ ընթացքում ապահովել տեղական համայնքների աջակցությունն ու զարգացումը, ինչպես նաև նպաստել տեղական շուկայի զարգացմանն ու զբաղվածությանը։ Մասնավորապես, Լիդիան ընկերության որդեգրած համայնքների կայուն զարգացման քաղաքականության շրջանակներում բարձրացնել տեղական համայնքների բնակչության կենսամակարդակը և խթանել ազդակիր համայնքներում տնտեսական զարգացումն ու դիվերսիֆիկացումը: Ծրագրի շինարարարության ընթացքում Լիդիան ընկերությունը պարտավորվում է, «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում վճարվող բնապահպանական հարկի ազդակիր համայնքներին բնապահպանական ծրագրերի իրականացման համար մասհանումներից բացի ազդակիր համայնքներին տրամադրել նաև 7 000 000 (յոթ միլիոն) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով տարեկան ֆինանսական աջակցություն յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածի համար,
դ) Ծրագրի շրջանակներում շինարարությունն ու շահագործումն իրականացնել բնապահպանական, սոցիալական և նաև կառավարման, ինչպես առողջապահության և աշխատանքի անվտանգության ոլորտներում առկա լավագույն միջազգային չափանիշներով՝ խստիվ պահպանելով ՀՀ գործող օրենսդրության պահանջները,
ե) Ապահովել սեփական բնապահպանական մշտադիտարկման տվյալների միաժամանակյա (սինխրոնացված) տրամադրում՝ դրանով իսկ Կառավարությանն ու այլ շահագրգիռ անձանց ընձեռնելով հնարավորություն Լիդիան ընկերության հետ համատեղ մասնակցելու թափանցիկ բնապահպանական մշտադիտարկման ծրագրին, որը նախատեսվում է մեկնարկել 2023 թ-ին ակնկալվող Ծրագրի շինարարական փուլը վերսկսելուց/շարունակելուց անմիջապես հետո,
զ) Համագործակցել ԵԱԶԲ-ի խորհրդատուների հետ՝ Ծրագրի համալիր գործընթացը հնարավորինս սեղմ ուսումնասիրության/փորձաքննության ժամկետներում ավարտելու նպատակով,
է) հավելումն ստորև նշված ԵԱԶԲ-ի և տեղական բանկի կողմից տրամադրվելիք ֆինանսավորման, ներկայիս և հավանական վարկատուների հետ համաձայնեցված պայմաններով ներգրավել առնվազն 100 000 000 (հարյուր միլիոն) ԱՄՆ դոլարի ֆինանսավորում, որը սակայն չի կարող գերազանցել Ծրագրի ֆինանսավորման համար անհրաժեշտ ամբողջական գումարի և ԵԱԶԲ-ի ու տեղական բանկի կողմից տրամադրված ֆինանսավորման միջև տարբերությունը,
2.1.2. ԵԱԶԲ պարտավորվում է՝
ա) Կազմակերպել Ծրագրի ուսումնասիրության/փորձաքննության գործընթացը մասնագիտացված խորհրդատուների ներգրավմամբ և հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել գործարքի կառուցվածքի վերաբերյալ առաջարկ Լիդիան ընկերության համար մանրամասն պայմաններով, մինչև 100 000 000 (հարյուր միլիոն) ԱՄՆ դոլարի չափով և մինչև 60 (վաթսուն) ամիս ժամկետով՝ Ծրագրի շրջանակներում սարքավորումների ձեռքբերման, շինարարության և մոնտաժման աշխատանքների ֆինանսավորման նպատակով,
բ) Ծրագրի ուսումնասիրության/փորձաքննության արդյունքներն ամփոփելուց և բոլոր Կողմերի կողմից գործարքի պայմաններն ու կառուցվածքը համաձայնեցնելուց հետո, հնարավորինս սեղմ ժամկետներում, ներկայացնել դրանք ԵԱԶԲ-ի իրավասու մարմինների քննարկմանը և տեղեկացնել Ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ վերջնական որոշման մասին,
2.1.3. Տեղական բանկը պարտավորվում է՝
ա) Դիտարկել ուսումնասիրության/փորձաքննության արդյունքներն ու Ծրագրի ֆինանսավորման գործարքի կառուցվածքի վերաբերյալ ԵԱԶԲ-ի առաջարկը, ինչպես նաև հնարավորինս սեղմ ժամկետներում կայացնել Լիդիան ընկերությանը, ԵԱԶԲ-ի հետ սինդիկատի պայմանով, մինչև 50 000 000 (հիսուն միլիոն) ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ որոշում:
2.1.4. Կառավարությունը պարտավորվում է՝
ա) իր լիազորությունների սահմաններում և գործող օրենքների շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները Լիդիան ընկերության կողմից Ծրագրի անխափան իրականացումն ապահովելու համար, ինչը ենթադրում է այդ թվում՝ ազատ և անխափան մուտքի հնարավորություն դեպի Ծրագրի բոլոր տեղամասեր և շինհրապարակներ, ինչպես նաև աջակցություն Ծրագրի համար անհրաժեշտ ամեն տեսակի թույլտվությունների/լիցենզիաների տրամադրման/երկարաձգման/վերսկսման հարցում՝ ՀՀ օրենսդրությամբ գործող կարգով, ժամկետներում և նորմատիվային հիմքերով,
բ) ԵԱԶԲ-ին և տեղական բանկին տրամադրել Կողմերի միջև համաձայնեցված երաշխիքներ՝ ընկերության տնտեսական գործունեությանը չառնչվող ամեն տեսակի ֆորս-մաժորային ռիսկերից պաշտպանելու համար։
ՀՈԴՎԱԾ 3
Այլ պայմաններ
3.1. Սույն Հուշագիրը կազմված է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: Հուշագրի տեքստերի միջև անհամապատասխանության դեպքում նախընտրությունը տրվում է հայերեն տեքստին: Հուշագիրը ստորագրված է 3 (երեք) օրինակից՝ մեկական օրինակ յուրաքանչյուր Կողմի համար:
3.2. Կողմերը սույնով հաստատում են, որ Հուշագիրը չի հանդիսանում իրավական տեսանկյունից պարտադիր ուժ ունեցող պայմանագիր կամ փաստաթուղթ, որը ստեղծում է իրավական պարտավորություններ կամ նախատեսում իրավաքաղաքացիական հետևանքներ որևէ օրենքի ուժով: Սույն Հուշագիրը, ինչպես նաև դրա ստորագրումն ու Հուշագրի շրջանակներում ձեռնարկված որևէ գործողություն չի նշանակում և չի ենթադրում փաստական հանգամանքների ընդունում կամ մերժում, կամ էլ Կողմերից որևէ մեկի կողմից որևէ պարտավորության ստանձնում ՀՀ օրենսդրության համաձայն, Կողմերի նկատմամբ կիրառելի այլ իրավունքի և գործող միջազգային իրավունքի իմաստով:
3.3. Սույն Հուշագրի որևէ դրույթ չպետք է դիտարկվի կամ մեկնաբանվի որպես հրաժարում Բանկի անձեռնմխելիությունից և արտոնություններից, որոնք նախատեսված են Բանկի հիմնադրումը և գործունեությունը կարգավորող միջազգային պայմանագրերով, այլ կիրառելի միջազգային պայմանագրերով և իրավունքով:
3.4. Կողմերը սույնով հաստատում են, որ Հուշագրի նկատմամբ կիրառելի է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։ Հուշագրի հետ կապված վեճերը կողմերի միջև լուծվում են ՀՀ օրենսդրությամբ՝ դատական կարգով։
3.5. Հուշագիրն ուժի մեջ է մտնում բոլոր Կողմերի ներկայացուցիչների կողմից ստորագրման պահից»:
Մայիս 10, 2023 at 11:38