Կոտայքի մարզի Նաիրի (Եղվարդ) խոշորացված համայնքի Քասախ գյուղում «Կարմիր Խաչի» կազմակերպության հարակից տարածքից անհասկանալի պատճառով հեռացվել են աղբարկղերը, որոնք արդեն մեկ ամսից ավելի է չեն վերադարձվում։ Այս մասին ԷկոԼուրին ահազանգել են քաղաքացիները:
«Աղբը կուտակվում է, ցրվում տարածքով մեկ, այն տարածում են շները, մարդիկ աղբը նետելու տեղ չունեն», - նշեց բնակիչը։ Քաղաքացին հայտնել է, որ դեռևս 6 ամիս առաջ դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ աղբահանության առանձին տարաներ մատակարարելու խնդրանքով: «Պատասխան եմ ստացել, որ կլուծեն իմ խնդիրը, սակայն որևէ քայլ չի ձեռնարկվել»,- նշեց նա։
ԷկոԼուրն ահազանգն ուղղում է Նաիրիի համայնքապետարանին՝ խնդիրը կարգավորելու վերաբերյալ.
««ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ահազանգ է ստացել Քասախ գյուղի բնակչից, որ Քասախ գյուղում՝ «Կարմիր Խաչի» կազմակերպության հարակից տարածքից, հեռացվել են աղբարկղերը։ Աղբը կուտակվում է, ցրվում տարածքով մեկ, այն տարածում են շները, մարդիկ աղբը նետելու տեղ չունեն։
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ խնդրում ենք տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին.
- Ի՞նչ նպատակով են աղբարկղերը հեռացվել Քասախ գյուղի «Կարմիր Խաչի» կազմակերպության հարակից տարածքից։
- Ի՞նչ քայլեր է Նաիրիի համայնքապետարանը ձեռնարկում խնդրի կարգավորման ուղղությամբ»։
Դեկտեմբեր 22, 2023 at 12:21