Մշակվել են առաջարկություններ՝ Հայաստանի տնտեսության կանաչ փոխակերպման համար

Մշակվել են առաջարկություններ՝ Հայաստանի տնտեսության կանաչ փոխակերպման համար

Հայաստանի համար մշակվել են հայեցակարգային առաջարկություններ՝ տնտեսության կանաչ փոխակերպման գործընթացի առաջմղման ուղղությամբ, որոնք կտրամադրվեն ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը: Առաջարկությունները մշակվել են «Աջակցություն Հայաստանում կանաչ տնտեսության առաջխաղացմանն ու կառուցողական հանրային երկխոսությանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՄԱԶԾ ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ:

Ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները ներկայացվեցին 2023թ. դեկտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցած աշխատաժողովի ժամանակ:

ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի ազգային համակարգող Սվետլանա Հարությունյանը նշեց, որ ծրագրի միջոցով փորձել են ստեղծել կանաչ երկխոսության հարթակ. «Ներգրավել ենք փորձագետների և լայն հանրությանը: Նախատեսում ենք, որ այս ընթացքում արված բոլոր առաջարկությունները կդիտարկվեն Էկոնոմիկայի նախարարության կողմից»,- ասաց նա: Նշենք, որ Էկոնոմիկայի նախարարությունը ձեռնամուխ է եղել Հայաստանում կանաչ տնտեսության անցման հայեցակարգի նախագծի մշակմանը: Ըստ Սվետլանա Հարությունյանի՝ նախարարությունն անձամբ էր հանդես եկել ծրագրի շրջանակներում հայեցակարգային առաջարկությունների մշակման առաջարկով:

Առաջարկությունների մշակումից բացի իրականացվել են նաև իրազեկման և կրթական բաղադրիչներ: Բարձրացվել է հանրության իրազեկության և մասնակցության մակարդակը տնտեսութան կանաչ փոխակերպման գործընթացների վերաբերյալ, սկիզբ է դրվել շահագրգիռ կողմերի միջև երկխոսության: Պատրաստվել, տարածվել և փորձարկվել են տնտեսության կանաչ փոխակերպման և կենսակայուն զարգացման ուղղությամբ հանրության գիտելիքների ու կարողությունների հզորացմանն ուղղված հայալեզու կրթական և տեղեկատվական նյութեր:

«Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ ծրագրի ոլորտային փորձագետներն իրականացրել են վերլուծություններ չորս թիրախային ոլորտներում: Դրանք են՝ էկոհամակարգերի և բնական ռեսուրսների կայուն կառավարում, ռեսուրսարդյունավետ արտադրություն, արտադրական ոլորտի կայուն կառավարում և շրջանաձև տնտեսություն, Հայաստանում կանաչ տնտեսության զարգացման քաղաքականություն և կանաչ ֆինանսներ, Կայուն գյուղատնտեսություն և կլիմայի փոփոխության հարմարվողականություն: Անցկացվել են գիտելիքի ձևավորման և փոխանակման հանրային խորհրդաժողովներ Երևանում, Արտաշատում, Գյումրիում և Կապանում: Դրանց նպատակն է եղել սկսել հանրային երկխոսություն Հայաստանում կանաչ քաղաքականության ձևավորման և զարգացման ուղղությամբ:

Ծրագրի կրթական բաղադրիչի փորձագետ Ռաֆայել Մխիթարյանը ներկայացրեց կրթական ոլորտում իրականացված աշխատանքներն ու արդյունքները: «Մշակվել է «Կանաչ տնտեսություն» թեմայով դասընթացը, որը ներկայացվել է Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերի և Երևան քաղաքի 10 բարձրագույն և միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողներին և դասախոսներին»,- ասաց նա:

Աշխատաժողովի երկրորդ հատվածում Ծրագրի կանաչ տնտեսության քաղաքականության փորձագետ Գարիկ Խաչիկյանը ներկայացրեց մշակված հայեցակարգային առաջարկությունները՝ դրանց քննարկման, դիտողությունների, լրացումների և նոր առաջարկությունների հավաքագրման նպատակով:

Դեկտեմբեր 11, 2023 at 15:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր