ՀՀ ներքին գործերի նախարարության պատասխանը՝ Գյումրի գետակի գետնուղու փլուզման վտանգի մասին ահազանգին

ՀՀ ներքին գործերի նախարարության պատասխանը՝ Գյումրի գետակի գետնուղու փլուզման վտանգի մասին ահազանգին

Ախուրյանի վտակ Գյումրի գետակի գետնուղու վթարային վիճակի մասին Էկոլուրի՝   ՀՀ ներքին գործերի նախարարություն ուղարկած նամակին պատասխանել է ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ս․ Մարգարյանը։

Հիշեցնենք, որ իր նամակում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն նշել էր, որ ահազանգ է ստացել Գյումրիի բնակիչներից, որ փլուզման վտանգի տակ է Ախուրյանի վտակ Գյումրի գետակի գետնուղին, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Գյումրի քաղաքի համար։

Ըստ բնակիչների՝ ժամանակին, երբ գետը վարարում էր, քաղաքի կենտրոնը տիղմով էր լցվում, անգամ կառքերը չէին կարողանում անցնել։ Այդ պատճառով էլ հանրային միջոցներով 1907թ. կառուցվել է 6 մ լայնությամբ, 4 մ բարձրությամբ և 900 մ երկարությամբ Գյումրի գետակի գետնուղին, որպեսզի գետը չհեղեղվի։ Այն դարձել է Գյումրիի կողուղատարը և աղբատարը․ բնակիչներն աղբ են լցնում գետի մեջ, Գյումրիի ձախափնյա ամբողջ թաղամասում կոլեկտոր չկա, բոլոր կոյուղագծերով կեղտաջրերը լցվում են գետակ։ Գետնուղին անցնում է Գյումրիի հին պատմական կենտրոնով, կենտրոնական հրապարակով, եկեղեցիների կողքով։ Այժմ գետնուղին լցված է աղբով։ Որոշ հատվածներում գետնուղու կողային պատերը քայքայվել են, բայց վերևի ծածկը մնացել է օդում կախված։ «Եթե փլուզում եղավ, քաղաքի կենտրոնական, պատմական հատվածի զգալի մասը ջրածածկ կլինի։ Անհրաժեշտ է գետնուղին կապիտալ վերակառուցել, մաքրել աղբից»,- ասել են բնակիչները։ Նրանք նշել են, որ Գյումրիի համայնքապետարանն իր ուժերով ի զորու չէ միայնակ խնդիրը լուծել։

Էկոլուրը խնդրել էր տեղեկացնել խնդրի կարգավորմանն ուղղված նախարարության միջոցառումների մասին։

Ի պատասխան ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ս․ Մարգարյանը սույն թվականի հունիսի 13-ի N96/1141 նամակով հայտնել է․«Տեղեկացնում եմ, որ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության և Գյումրու համայնքապետարանի համապատասխան մասնագետների կողմից իրականացվել են քաղաքի կենտրոնական հատվածով անցնող Գյումրի գետակի երկայնքով՝ Ռուսթավելի փողոցի 1-ին նրբանցքից մինչև Աբովյան փողոցի վերջնամասի ակնադիտական ուսումնսաիրություններ։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ գետակը, որն օգտագործվում է նաև որպես կոյուղի, լցված է կենցաղային աղբով, իսկ Սուրբ Նշան եկեղեցու հարևանությամբ գետակն անցնում է փակ հատվածով և առկա են ծածկի կիսաքանդ հատվածներ։ Քաղաքի Աբովյան փողոցի վերջնամասով անցնող գետակը, որպես սելավատար, անցնում է բաց հատվածով, որը նույնպես լցված է կենցաղային աղբով։

Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը դիմել է Ջրային կոմիտե՝ հարցին առաջնահերթ լուծում տալու նպատակով»։

Էկոլուրը նամակով դիմել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե՝ խնդրելով տեղեկացնել խնդրի լուծման վերաբերյալ Ջրային կոմիտեի նախաձեռնած միջոցառումների մասին։



Հունիս 27, 2024 at 16:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր