ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ խոշորացված համայնքը համալրվեց նոր կանաչ տարածքներով։ Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի, Գանձակի ու Կարմիրգյուղի դպրոցների բակերում ծառատունկ իրականացվեց։ Այս կանաչ տարածքները կկանխեն Գավառագետի և Սևանա լճի աղտոտումը համայնքի ցրված գյուղատնտեսական ու կոմունալ-կենցաղային կեղտաջրերից։
Նախաձեռնությունը «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ինն է, որին աջակցել է ՀՀ-ում Չեխիայի դեսպանությունը։ «Հայաստանում բնապահպանական ծրագրերի իրականացումը դեսպանության գործունեության մասն է»,- Էկոլուրի հետ զրույցում ասաց ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը։
«Էկոլոգիան և էկոլոգիական թեմաները մեր առաջնահերթություններից են։ Բնությունը Հայաստանի արժեքներից մեկն է, և մենք ցանկանում ենք օգնել պահպանել և բարելավել այդ բնությունը։ Կան խնդիրներ, և եթե մենք կարող ենք օգնել լուծել դրանք, մենք կօգնենք։ Ամեն տարի ես ձգտում եմ, որ գոնե մեկ էկոլոգիական ծրագիր ստանա ֆինանսավորում։ Ծառատունկը բնահեն լուծում է շրջակա միջավայրի վիճակը բարելավելու համար։ Այն նաև էկոկրթական գործառույթ է իրականացնում՝ ներգրավելով երիտասարդների և դպրոցականների», - ասաց Պետր Պիրունչիկը։
Էկոլուրի հետ զրույցում «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի նախագահ Լիանա Մարգարյանը նշեց՝ Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի բակում 120 ծառ և թուփ է տնկվել, Գանձակի ու Կարմիրգյուղի դպրոցների բակերում արդեն տնկված 100-ական ծառերին ավելացվում են ևս 40-ը։ Տնկվել են կեչի, թխկի, տուաներ, դեղին ակացիա, բարբարիս, կիպրոս։
«Այս ծառատունկն իրականացվում է ի պաշտպանություն Սևանա լճի և Գավառագետի, որը Սևան հոսող ամենաաղտոտված գետերից մեկն է։ Աղտոտվածության պատճառներից են մաքրման կայանների բացակայությունը, գյուղատնտեսական հանդակներից հոսող կեղտաջրերը, որոնք բարձրացնում են ազոտի և ֆոսֆորի մակարդակը Գավառագետում, հետագայում՝ Սևանա լճում։ Մենք որոշեցինք առաջարկել բնահեն և մատչելի լուծում՝ ստեղծել առանձին կանաչ տարածք հատուկ ընտրված դեկորատիվ ծառատեսակներով և թփատեսակներով, որոնք իրենց արմատներով կլանելու են հողի մեջ եղած ազոտն ու ֆոսֆորն իրենց աճի համար և դրանով նպաստելու են, որպեսզի անձրևաջրերից, մակերևութային հոսքերից ազոտի ու ֆոսֆորի մուտքը դեպի Գավառագետ և հետո Սևան կանխարգելվի։ Այդ լուծումը միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվում է, իսկ Հայաստանում առաջին անգամ Գավառ խոշորացված համայնքի օրինակով ենք իրականացնում», - ասաց Լիանա Մարգարյանը։
«Մեր մարզի անտառային տարածքները շատ սուղ են, կազմում են ընդամենը 2 տոկոս։ Մեզ համար նման ծրագրերը հնարավորություն են պայքարելու անապատացման դեմ և դիմակայելու կլիմայական ռիսկերին», - նշեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը։
Ծառատունկին զուգահեռ իրականացվում է հողի և ջրի մոնիթորինգ, որպեսզի հետագայում համեմատություն արվի։ Մոնիթորինգն իրականացնելու են հենց դպրոցականները, որոնց աջակցելու է «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ն։ Խնամքը ևս իրականացնելու են դպրոցականներն ու ուսուցիչները։ Գյուղատնտեսական պարագաները տրամադրվել են։ «Ծառերն անվանական են, և յուրաքանչյուրը պարտավորվում է հոգ տանել իր ծառի համար», - նշեց Լիանա Մարգարյանը։
«Կանաչ տարածքների ընդլայնումը մի խնդիր է, ոռոգումը՝ այլ։ Ուսումնական հաստատությունների տնօրինությունը նախատեսել է, որ իր ուժերով կարող է անցկացնել ոռոգման համակարգ, իսկ մինչ այդ ծառերը կոռոգվեն մեխանիկական եղանակով», - հավելեց Մարտին Պետրոսյանը։
Ծառատունկն իրականացվեց «Երիտասարդների կարողությունների հզորացում՝ համայնքային զարգացման մեջ ներառելու բնահեն լուծումներ, կայուն զարգացման նպատակներին հասնելու նպատակով» ծրագրի շրջանակում։ Գավառում ծրագրի տեղական գործընկերն է «Բլեջան» բնապահպանական ՀԿ-ն։
Գավառում, Կարմիրգյուղում և Գանձակում ծառատունկն ուղեկցվեց հանդիսավոր միջոցառումներով։
Սեպտեմբեր 26, 2024 at 14:58