CEPA-ի և ճանապարհային քարտեզի կլիմայական գործողությունների կատարողականի վերաբերյալ Էկոլուրի վերլուծությունն ուղարկվել է ՀՀ փոխվարչապետի գրասենյակ դիտարկման

CEPA-ի և ճանապարհային քարտեզի կլիմայական գործողությունների կատարողականի վերաբերյալ Էկոլուրի վերլուծությունն ուղարկվել է ՀՀ փոխվարչապետի գրասենյակ դիտարկման

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն վերլուծել է ՀՀ, ԵՄ և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԳԸՀ/CEPA, 2017 թվական) և դրա կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսված  կլիմային առնչվող գործողությունների կատարողականը։

Սույն թվականի սեպտեմբերի 13-ին Էկոլուրի կազմակերպած «ՀԸԳՀ-ի (CEPA) ճանապարհային քարտեզի թարմացմանն ընդառաջ» կլոր սեղանի ժամանակ վերլուծությունը քննարկվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, պատասխանատու պետական հաստատությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ՄԱԶԾ կլիմայական ծրագրի թիմի, GOPA-PACE կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանին ՀԸԳՀ-ի իրականացման, մշտադիտարկման և տեղեկացվածության բարձրացման» ծրագրի և Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների և կլիմայական խոցելի Մարտունի և Փամբակ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ:

ՀՀ փոխվարչապետի գրասենյակի համագործակցության և բարեփոխումների վարչության գլխավոր մասնագետ Աստղիկ Հայրապետյանը հայտնել է, որ CEPA-ի ճանապարհային քարտեզի թարմացման գործընթացը ենթադրում է բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքների քննարկում և մոտեցումների ներդաշնակեցում։

Լրամշակված վերլուծությունն ուղարկվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ և կլոր սեղանի մասնակիցներին դիտարկման՝ հաշվի առնելով, որ ՀԳԸՀ-ի կիրակման ճանապարհային քարտեզը թարմացվելու է։ Թարգմանված տարբերակը կուղարկվի Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի քարտուղարություն։

«Էկոլուր»-ը վերլուծությունը կատարել է «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։

Վերլուծության արդյունքում պարզվել է, որ CEPA-ի ճանապարհային քարտեզի 12 միջոցառումներից հիմնականում կատարվել է 3-ը.

  • թիվ 122-ը (Ջերմոցային գազերի մարդածին արտանետումների ազգային կադաստրների և ազգային հաղորդագրությունների և երկամյա զեկույցների պարբերական զարգացում)
  • թիվ 124-ը (Օզոնային շերտը քայքայող նյութերի՝ հիդրոքլորֆտորածխածինների և դրանց փոխարինողների՝ հիդրոֆտորածխածինների փոխարինմանը ուղղված միջոցառումների իրականացում)
  • թիվ 125-ը (Բնապահպանության նախարարությունը հանդիսանում է օզոնային շերտը քայքայող նյութերի բնագավառում միջոցառումների իրականացման լիազոր մարմին։ Ներկայումս գործում են Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին ՀՀ օրենքը և օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանց փոխարինողների գործածումը կարգավորող մի շարք ենթաօրենսդրական ակտեր, որոնք լրամշակման անհրաժեշտություն ունեն՝ ներառելու ֆտորացված ջերմոցային գազերի վերաբերյալ կարգավորումներ)։

Մասնակի կատարվել է 5 միջոցառում.

  • թիվ 120-ը («Փարիզյան համաձայնագրից» բխող պարտավորությունների կատարման գործողությունների ծրագրի մշակում, համապատասխան կառուցվածքների և ջերմոցային գազերի նույնականացման համակարգի ստեղծում, 2003/87/ԵՀհրահանգի I և II հավելվածներ, ջերմոցային գազերի (ներառյալ ավիացիոն արտանետումների) դիտանցման, հաշվետվություններ ներկայացնելու, ստուգման և կատարման համակարգերի և հանրային քննարկումների ընթացակարգերի սահմանում)
  • թիվ 121-ը (Կլիմայի փոփոխությանն առնչվող ջերմոցային գազերի արտանետումների (ներառյալ ավիացիոն արտանետումների) գույքագրման ազգային համակարգի ստեղծում, քաղաքականությունների, միջոցների և կանխատեսումների ներպետական համակարգի ստեղծում և համապատասխան ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում, 280/2004/ԵՄ որոշումն ուժը կորցրած ճանաչող 525/2013/ԵՄ Կանոնակարգի հոդվածներ 5 և 12)
  • թիվ 123-ը (Չափողական, հաշվետվայնության ու հավաստագրման (MRV) համակարգի հիմնում, կլիմայի փոփոխության խնդիրների լուծմանն ուղղված տեխնոլոգիաների զարգացման և փոխանցման գործընթացի ձևավորում ու հետևողական ամրապնդում)
  • թիվ 130-ը (Կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության հայեցակարգի ու ազգային գործողությունների ծրագրի մշակում՝ ուղղված գյուղատնտեսական, տնտեսական և կլիմայի վրա հնարավոր ազդեցություն ունեցող այլ ոլորտներում կլիմայական փոփոխությունների մեղմացման, նվազեցման և կանխարգելման պահանջներին և միջոցառումներին համահունչ գործունեության պլանավորմանը և իրականացմանը)
  • թիվ 131-ը (Ազգային օրենսդրության ընդունում և իրավասու մարմնի սահմանում: Հսկման ենթակա նյութերի՝ բացառությամբ հատուկ կիրառությունների, և մինչև [2019 թվականի հունվարի 1-ը]՝ հիդրոքլորֆտորածխաջրածինների (ՀՔՖԱ-ների) արտադրության արգելքի սահմանում (4-րդ հոդված): Հսկման ենթակա նյութերի արտադրության, շուկայահանման և օգտագործման և բացառություններ կազմող կիրառությունների (որպես հումք, տեխնոլոգիական ազդանյութեր, լաբորատոր և անալիտիկ գործունեության համար էական նշանակության կիրառություններ, հալոնների չափազանց անհրաժեշտ կիրառություններ) և առանձին շեղումների համար՝ ներառյալ արտակարգ իրավիճակներում մեթիլբրոմիդի կիրառությունները (III գլուխ)՝ պայմանների սահմանում: ­Հսկման ենթակա նյութերի բացառություններ կազմող կիրառությունների համար ներմուծման և արտահանման լիցենզավորման համակարգի ստեղծում (IV գլուխ) և ձեռնարկությունների՝ հաշվետվություններ ներկայացնելու պարտավորությունների սահմանում (26-րդ և 27-րդ հոդվածներ): Հսկման ենթակա օգտագործված նյութերը վերականգնելու, վերամշակելու, ռեգեներացնելու (վերականգնելու) և ոչնչացնելու պարտավորությունների սահմանում (22-րդ հոդված): Հսկման ենթակա նյութերի հոսակորուստների դիտանցման և տեսչական ստուգումների ընթացակարգերի սահմանում (23-րդ հոդված))

Դեռ չի կատարվել 4 միջոցառում․

  • թիվ 126-ը (Ֆտորացված ջերմոցային գազերի օգտագործման (փուլային կրճատմամբ) ազգային ծրագրի մշակում, ինչպես նաև ծրագրից բխող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի լրամշակում, միջոցառումների ծրագրի մշակում)
  • թիվ 127-ը (Ֆտորացված Ջերմոցային գազերի օգտագործման (փուլային կրճատմամբ) ազգային ծրագրի մշակում, որի մեջ կներառվի նաև վերոնշյալ հոդվածներով նախատեսված միջոցառումները)
  • թիվ 128-ը (Պիտակավորման համակարգի ստեղծում այն արտադրատեսակների և սարքավորումների համար, որոնք պարունակում են ֆտորացված ջերմոցային գազեր, կամ որոնց գործունեությունը կախված է այդ գազերից (12-րդ հոդված): Համապատասխան հատվածներից արտանետումների վերաբերյալ տվյալների ձեռքբերման համար հաշվետվություններ ներկայացնելու համակարգերի ստեղծում (19-րդ և 20-րդ հոդվածներ))
  • թիվ 129-ը (Ֆտորացված ջերմոցային գազերի օգտագործման (փուլային կրճատմամբ) ազգային ծրագրի մշակում, որի մեջ կներառվի կատարման համակարգի վերաբերյալ դրույթներ)։

Հիմնականում և մասնակի կատարված միջոցառումների շրջանակներում ԵՄ իրավական ակտերին մոտարկվել է 6 ՀՀ օրենք, մշակվել է «Կլիմայի քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգը և օրենքի նախագծի փաթեթը, 16 ենթաօրենսդրական ակտ (ՀՀ վարչապետի և ՀՀ կառավարության որոշումներ), զեկույցներ, ուղեցույցներ։

«Էկոլուր»-ն ուսումնասիրել է ընդունված իրավական ակտերը և նախագծերը և բացահայտել բացթողումներ 14 իրավական ակտերում։ Այդ բացթողումների կարգավորման համար մշակվել են առաջարկություններ։

Վերլուծության արդյունքներն ամփոփված են «ՀՀ, ԵՄ և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA, 2017 թվական) և դրա կիրարկման ճանապարհային քարտեզի՝ կլիմային առնչվող գործողությունների կատարման վերլուծություն» փաստաթղթում, որին կարելի է ծանոթանալ այստեղ։

Հոկտեմբեր 02, 2024 at 11:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր