

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն ուսումնասիրել է, թե որքանով են Հայաստանի համայնքները դիմակայուն կլիմայի փոփոխության նկատմամբ, վեր է հանել համայնքներում առկա խնդիրները, մշակել առաջարկություններ կլիմայական մարտահրավերներին դիմակայելու համար։
Էկոլուրի առաջարկություններն ամփոփված են «Տեղական մակարդակում կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման և դրանց հարմարվողականության քաղաքականության իրականացում» ուղեցույցում, որը քննարկվել է շահագրգիռ նախարարությունների մասնագետների և անկախ փորձագետների հետ։ Անցկացվել է խորհրդատվություն համայնքների ներկայացուցիչների հետ։ Ուղեցույցը կլրամշակվի ըստ ներկայացված կարծիքների։
Հայաստանի համայնքները բախվում են տարբեր մարտահրավերների, որոնք կլիմայի փոփոխության պայմաններում սրվում են։ Նվազել են ջրային հոսքերը, բերքատվությունը, անասնաբուծությունը, դեգրադացել են արոտները, կրճատվել ոռոգելի տարածքների մակերեսները, փոխվել է անտառային տեսակների կազմը։ Այս պայմաններում ցածր է համայնքների դիմակայունությունը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ, կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման միջոցառումների տեսակարար կշիռը համայնքային ծրագրերում, բնակչության իրազեկվածությունը։
Ուղեցույցը նպատակ ունի օգնել ՏԻՄ-երին տեղական մակարդակում ինտեգրվելու կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման պետական քաղաքականության մեջ, նպաստել համայնքներում կլիմայի փոփոխության հարմարվողականության լավագույն գործելակերպի ներդրմանը։ Նպատակն է նաև օգնել ՏԻՄ-երի՝ ցածր ածխածնային զարգացման ուղղությամբ գլոբալ միջոցառումների մասնակցությանը, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային հանձնառությունների պատշաճ կատարմանը, որոնք ներկայում մշակվող ԱՍԳ 3.0-ի բաղադրիչներից են։ Ուղեցույցի նախագիծը լրամշակվում է։
«Ուղեցույցը պետք է պրակտիկ լինի, իրատեսական ուղերձներ տա», - նշեց ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի ավագ խորհրդատու Դիանա Հարությունյանը։
Ըստ նրա՝ համայնքների համար կան հնարավորություններ կլիմայի մեղմմանն ու հարմարվողականությանն ուղղված ծրագրեր մշակելու և իրագործելու համար։ 2025 թվականին իրականացվել է Հայաստանի բյուջեի կլիմայական նշագրում։ «Կարևորը՝ կա բյուջե, որից համայնքները կարող են օգտվել երկու ուղղությամբ։ Առաջինը սուբվենցիան է, որը խոշոր բյուջե է, իսկ մյուսն ազդակիր համայնքներին տրվող գումարներն են, և այստեղ կարևոր է ներառել կլիմայական մասը», - ասաց Դիանա Հարությունյանը։
Առաջարկվեց ուղեցույցում ներառել հետևյալ հարցերը․
- օրգանական թափոնների կոմպոստավորում
- աղբի տեսակավորման և վերամշակման համար մասնավորի հետ համագործակցություն
- վարելահողերի սեփականության ձևերի հստակեցում ոռոգման ենթատեքստում․ գնահատել, թե ինչքան հող չի ոռոգվում համայնքում և մշակել ոռոգման պլան, որը պետք է ներառի խնայողության տեխնոլոգիա
- խմելու ջրի ռացիոնալ օգտագործում
- կոյուղաջրերի մաքրում
- դոնորական համայնքի հետ համագործակցություն, մասնավորապես, ԵՄ Քաղաքապետերի դաշնագրի հետ։
«Կլիմայի փոփոխության հետևանքով ռիսկերը մեծանում են, եթե կեղտաջրերը չեն մաքրվում։ Եթե ջրօգտագործումը համայնքի պատասխանատվության ներքո է, ուրեմն ջրահեռացումն էլ նրա պատասխանատվության ներքո։ Պետք է դիտարկել համայնքի կողմից ջրահեռացման համակարգի կառուցման, բարեկարգման հնարավորությունը դոնորների հետ համագործակցությամբ», - ասաց Դիանա Հարությունյանը։
Հիշեցնենք, որ վերջերս տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի նիստը։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կարևորել է 2025 թվականի պետական բյուջեի նախագծի կլիմայական բյուջետային ծախսերի վերաբերյալ իրականացված վերլուծությունը՝ կլիմայական հարցերը պլանավորման և բյուջետավորման համակարգում ներառելու համար անհրաժեշտ կարողությունների ձևավորման տեսանկյունից:
2026 թվականին Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Այս միջոցառումը հնարավորություն է զուգակցելու կենսաբազմազանության պահպանության խնդիրները կլիմայական խնդիրների հետ, մասնավորապես, անտառի պահպանություն, հողեր, արոտավայրերի ճիշտ կառավարում։
Փետրվար 24, 2025 at 15:44