Քաղաքացիները բողոքում են՝ լվիճները լցվում են ճաշի մեջ․ ինչո՞ւ են «խորը» էտվում ծառերը․ «Էկոսֆերա»

Քաղաքացիները բողոքում են՝ լվիճները լցվում են ճաշի մեջ․ ինչո՞ւ են «խորը» էտվում ծառերը․ «Էկոսֆերա»

hy.armradio.am, Նունե Ավետիսյան

Մասնագետները քննարկում են Երևանի կանաչապատման ոլորտում առկա խնդիրը․ մասնավորապես, ծառերի էտն ու նոր տեսակների ընտրությանը վերաբերող հարցերը։ Այս թողարկման ընթացքում կխոսենք այն մասին, թե ինչո՞ւ են սխալ էտվել և էտվում մայրաքաղաքի ծառերը և ինչպիսի՞ խնդիրների առջև է այսօր կանգնած քաղաքի կանաչ ֆոնդը։

1990թ․-ին Երևանն ունեցել է մոտ 1930 հա ծառածածկ տարածք։ Այդուհանդերձ, կանաչապատման աստիճանը չի գերազանցել 8.5%-ը, այնինչ նախատեսված էր 40%։ Նույնիսկ 90-ականներին կանաչապատ տարածքները բավարար չեն եղել մեկ շնչի հաշվին։ 1990-ական թթ.-ին էներգետիկ ճգնաժամի հետևանքով միայն1990-1995 թթ. մայրաքաղաքում (հատկապես անտառպուրակներում) հատվել է շուրջ 170 հազ ծառ և թուփ, ինչն իր հերթին նպաստեց հողի էրոզիային և փոշու ավելացմանը։ Խնդիրն էլ ավելի սրվեց և ծառահատումների բացասական ազդեցությունը ցայսօր Երևանի բնակիչները զգում են։ Եվ, գուցե, դա է նաև պատճառը, որ առանձնակի ուշադրությամբ են հետևում այսօր մայրաքաղաքում տեղի ունեցող կանաչապատման, մասնավորապես՝ ծառերի փոխարինման կամ էտման աշխատնքներին։

Ոչ միայն քաղաքացիներին, մասնագետներին ևս մտահոգում է մայրաքաղաքում իրականցվող ծառերի էտման և հատման գործընթացը։ ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Անուշ Ներսեսյանը, «Էկոլուր»-ում տեղի ունեցած «Կանաչ գոտի․ իրավիճակի և հեռանկարների գնահատում» թեմայով կլոր սեղանի ժամանակ, նախ դրական համարեց, որ կանաչ տարածքների թիվն ավելանում է, սակայն միաժամանակ ընդգծեց, որ տարիներ շարունակ ընթացող ծառերի սխալ էտման գործընթացը դեռ շարունակվում է․

«Մենք արդեն հոգնել ենք ասելով, որ ծառերը տարբեր են, տեսակները տարբեր են և ունեն կյանքի տարբեր տևողություն։ Այդ խորն էտը շարունակվում, ծառերը հատվում են մինչև բուն։ Ծառերն են վնասվում։ Չի՛ կարելի ամեն տարի ծառերը սթրեսի ենթարկել»։

Օրինակ՝ կաղնի տեսակի ծառը, ըստ մասնագետի, այսպես կոչված՝ խորը էտը վատ է տանում և բավական է մեկ անգամ ծառատեսակը նման սթրեսի ենթարկվի և ծառը հիվանդանում է։ Մասնագետի համար նաև զարմանալի է այն, որ շրջանառվում է Երևանում տնկված «ճիշտ և սխալ» ծառատեսակների մասին տեղեկություններ։ Ինչ վերաբերում է տնկվող նոր տեսակներին, ապա մասնագետը խրախուսում է նոր տեսակների տնկումը, սակայն պետք է նկատել, որ երկար տարիներ է անհրաժեշտ որպեսզի ծառը՝ ծառ դառնա:

Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողի խոսքով՝ պետք չէ նոր տեսակներ տնկելով՝ հատկել մեծ ֆունկցիոնալ տեսակները․ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի զարգացման գծով տեղակալ Արթուր Խալաթյանը, արձագանքելով մասնագետի կողմից վերհանված խնդիրներին, ասաց՝ բողոքում են քաղաքացիները:

Պարենի և գյուղատնտեսական կազմակերպության փորձագետ Ռուբեն Պետրոսյանն էլ առաջարկեց նոր պրակտիկա մտցնել՝ էտելու գործընթացում։ Նորատունկ ծառերը պետք է գրագետ էտել փոքր տարիքից, որպեսզի բանը չհասնի այսպես ասած՝ խորը էտին։

Մասնագետը նաև ասաց, որ այն կանաչապատման աշխատանքները, որոնք իրականացվում են քաղաքում չեն կարող փրկել բնակիչներին փոշուց և քամուց։ Ըստ Պետրոսյանի՝ միակ ճանապարհը 90-ականներին եղած երեք կանաչ անտառային գոտիների վերականգնում է:

Միջազգային ստանդարտների համաձայն՝ մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքների մակերեսը պետք է լինի 50 քմ, իսկ Երևանում այս թիվը 7-8 քմ է։  Ինչը խիստ ցածր ցուցանիշ է աճող բնակչության քաղաքի համար։

Ապրիլ 14, 2025 at 16:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր