Մեղրի համայնքի կլիմայական խնդիրները, մարտահրավերները և առաջարկվող լուծումները ․ ՄԱՍ 2

Մեղրի համայնքի կլիմայական խնդիրները, մարտահրավերները և առաջարկվող լուծումները ․ ՄԱՍ 2

2025թ հոկտեմբերին Սյունիքի մարզի «Լոֆթ Մեղրի» երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների իրականացման համար համայնքային կարիքների վերաբերյալ մարզային խորհրդակցություն։ Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, Մեղրիի տեղական ինքնակառավարման մարմնի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Շրջակա միջավայրի նախարարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, երիտասարդներ։

Խորհրդակցության նպատակն էր բարձրացնել Հայաստանի ազգային կլիմայական պարտավորությունների՝ հատկապես 2021-2030թթ. ՀՀ ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ) իրականացման մասին իրազեկվածությունը, ինչպես նաև համայնքային իշխանություններից, քաղաքացիական հասարակությունից և երիտասարդությունից հավաքագրել տեղեկատվություն կլիմայական մարտահրավերների և հասցեագրման կարիքների և հնարավորությունների վերաբերյալ և երկխոսել Ազգային ժողովի պատգամավորների հետ։

Խորհրդակցությունն անցկացվեց ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» (FORSETI) ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության, Կանադայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ։

Մեղրի համայնքը կանգնած է մի շարք կլիմայական մարտահրավերների առաջ. դրանք են՝ օդի ջերմաստիճանի բարձրացում, երաշտ, ուժեղ քամի, լեռնային հատվածներում սառնամանիք, անտառային հրդեհներ, սակավաջրություն, ինչպես նաև բարձրադիր և լեռնային հատվածներում գարնանային վարարումներ և սողանքային երևույթներ:

Մեղրիի կլիմայական մարտահրավերների գնահատականը, դրանց դիմակայելու և կլիմայական միջոցառումների տեղայնացման ուղիները, ինչպես նաև կլիմայական օրենսդրական դաշտը ներկայացրեց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը։

Մասնավորապես նա նշեց, Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ 2․0) իրագործման նպատակով անհրաժեշտ աջակցություն պետք է ցուցաբերվի ներգրավելու տեղական համայնքներին, այդ թվում հաշվի առնելով՝ երիտասարդու­թյան և խոցելի խմբերի կարիքները։

Հարմարվողականության ազգային ծրագրում, որը հաստատվել է 2021 թվականին, համայնքներն ունեն առանցքային դեր։ Սյունիքի մարզի համար մշակվել է հարմարվողականության ծրագրի նախագիծ։ Ըստ Վիկտորյա Բուռնազյանի՝ համայնքի համար հասցեական միջոցառումներ չեն նախատեսվել։ «Կլիմայական մարտահրավերներին դիմակայելու համար կարիք կա համայնքի համար մշակել սեփական հարմարվողականության պլաններ՝ ապահովելով այդ միջոցառումների իրականացման միջոցների ներգրավում, այդ թվում՝ միջազգային աջակցության խողովակներով: Առաջնահերթ է նաև կլիմայի փոփոխության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացումը տեղական մակարդակում»,- ասաց Վիկտորյա Բուռնազյանը։

Տեղական ֆինանսական մեխանիզմների սահմանափակությունները խոչընդոտում են համայնքային նախաձեռնությունների իրականացումը, և այն շարունակում է մեծապես կախված մնալ կառավարության աջակցությունից։

ՏԻՄ-երին նոր լիազորություններ են նախատեսված «Կլիմայի մասին» օրենքի նախագծով։ Համայնքները ստանում են մի շարք կարևոր գործառույթներ. կլիմայի փոփոխության մեղմման, հարմարվողականության, ինչպես նաև կորստի և վնասի հասցեագրման ծրագրերի շրջանակում իրենց բյուջեներից արդեն կատարված և ապագայում կատարվելիք ծախսերի հատկորոշման և դասակարգման առումով՝ կամավորության սկզբունքով։

Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ.

  • ՏԻՄ ներկայացուցիչները պետք է ներգրավվեն կլիմայի փոփոխության հարցե­րով խորհրդի կազմում՝ որոշումների ընդունման գործընթացում քվեարկու­թյան իրավունքով
  • կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի համայնքների համար պետք է ապահովվի պետական աջակցության երաշխիք,
  • համայնքները կարող են օգտվել «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի՝ ՄԱԶԾ «Կլիմայական խոստում» ծրագրի աջակցությամբ մշակված Ուղեցույցից, որը կօժանդակի ՏԻՄ-երին տեղական մակարդակում ինտեգրելու կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության պետական քաղաքակա­նու­թյունները։ Ուղեցույցը հասանելի է Տարածքային կառավարման և ենթակառուց­վածքների նախարարության պաշտոնական կայքում։

Ծրագրի շրջանակներում Մեղրիի համայնքապետարանի աջակցությամբ անցկացված հարցումների միջոցով գնահատվել են համայնքի կարիքները․

  • ՏԻՄ-երի կարողությունների զարգացում,
  • Կլիմայական ռիսկերի գնահատման և հարմարվողականության ու ﬔղմման գործողությունների ծրագրի մշակման աջակցություն,
  • Ֆինանսական աջակցության տրամադրում,
  • Համայնքային բյուջեի կառավարման համակարգում կլիմայական ծրագրերի համար համապատասխան նշագրման գործելակարգի ներդրում:

Ոլորտային քաղաքականությունների տեղայնացման նպատակով իրազեկվածության բարձրացման միջոցառումների կազմակերպում.

  • Կլիմայական աղետների՝ հեղեղումների, սելավների, քարաթափման վաղ ազդա­րարման արդի համակարգերի առկայություն,
  • Կլիմայական քաղաքականության մեջ երիտասարդության և կանանց ներգրա­վում,
  • Համայնքի կլիմայական հարմարվողականության և մեղմման ծրագրերի պլանա­վորման համար կլիմայական հավաստի տվյալների բազայի կազմմանն օժանդակություն,
  • Հողերի ուսումնասիրման և դեգրադացիայի չեզոքացման ծրագրերի իրագոր­ծում,
  • Կաթիլային և ժամանակակից ոռոգման համակարգեր ներդնող ագրարային տնտեսությունների և անհատ ֆերմերների համար խրախուսման գործիքակազմեր,
  • Գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների կանխարգելման համալիր ծրագրեր,
  • Ժամանակակից կարկտապաշտպան համակարգերի ներդրում
  • Գյուղատնտեսական մատչելի ապահովագրություն,
  • Գեոմեմբրանային և փոքր ջրամբարների կառուցում,
  • Համայնքային նշանակության սեփական արևային կայանների կառուցում, ջրատաքացուցիչների ցանցի ընդլայնում,
  • Էլեկտրատրանսպորտի լիցքավորման կայանների տեղադրում,
  • Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրում, խմելու և ոռոգման ջրի մատակա­րար­ման ծառայությունների բարելավում,
  • Համայնքի աղբավայրերի կառավարման բարելավում և ինքնակամ ձևավոր­ված աղբակույտերի չեզոքացում,
  • Կոշտ կենցաղային թափոնների կառավարման մշակույթի ներդրում:

Առաջարկվող միջոցառումներ և խրախուսման մեխանիզմներ

  • Կլիմայական սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար խրախուսման մեխանիզմների սահմանում,
  • ՀՀ ԱԺ աջակցությամբ կաթիլային, անձրևային ջրախնայող տեխնոլոգիաներ ներդրած ագրարային տնտեսությունների, անասնապահական կոոպերատիվ­ների ստեղծման խրախուսման մեխանիզմների օրենսդրական ամրագրում,
  • Պետական մարմինների նախաձեռնությամբ և օժանդակությամբ կլիմայական ոլորտային քաղաքականությունների տեղայնացման վերաբերյալ իրազեկվա­ծու­թյան բարձրացման միջոցառումների իրականացում,
  • ՀՀ կառավարության աջակցությամբ Մեղրիի համայնքային արևային կայանի կառուցման աջակցություն,
  • Համայնքապետարանի աշխատակազմում էներգետիկ կառավար­չի հաստիքի նախատեսում:

Նոյեմբեր 20, 2025 at 11:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր