

Էկոլուրը մշտադիտարկում է Երևանի կանաչ քաղաք գործողությունների ծրագիրը (ԿՔԳԾ), որը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Կանաչ քաղաք» ծրագրի նախաձեռնություններից է։ Այն մինչև 2030թ. իրականացվելիք կանաչ գործողությունների ռազմավարական փաստաթուղթ է, որը Երևանի ավագանին ընդունել է 2017թ.։
Այս փաստաթղթում «Թափոն» բաղադրիչի մասով իրականացված մշտադիտարկման արդյունքները «Երևանը Նուբարաշենի աղբավայրի խնդրի լուծումների խաչմերուկում, ո՞րն է ճիշտ ուղին» թեմայով կլոր սեղանի ժամանակ ներկայացրեց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը։

Ըստ այդմ՝ Երևանը դեռևս չի հասել ԿՔԳԾ-ում սահմանված հիմնական թիրախներին․ մայրաքաղաքը չունի սանիտարական աղբավայր, թափոնների տեսակավորման և վերամշակման ցուցանիշները խիստ ցածր են, իսկ Նուբարաշենի աղբավայրի խնդիրը շարունակում է մնալ օրակարգային։
Կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Վիկտորյա Բուռնազյանը, հղում անելով Համաշխարհային բանկի 2024թ․ զեկույցին, նշեց, որ Հայաստանի բնակավայրերում տարեկան ձևավորվում է շուրջ 720 հազար տոննա կոշտ կենցաղային թափոն, իսկ կանխատեսումների համաձայն՝ այդ թիվը մոտ ապագայում կհասնի 820 հազար տոննայի։ Միայն Երևանի Նուբարաշենի աղբավայրում տարեկան տեղադրվում է շուրջ 440 հազար տոննա թափոն՝ հանրապետությունում գոյացող թափոնների կեսից ավելին։

Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսումնասիրության համաձայն՝ թափոնների կազմի մեջ ամենամեծ մասնաբաժինը կենսաբանական թափոններինն է՝ մոտ 57 տոկոս, փաթեթավորման թափոնները՝ ապակին, պլաստիկը և թուղթը, կազմում են շուրջ 25 տոկոս, մնացորդային աղբը կազմում է 15 տոկոսից պակաս։ Երևանը կենսաբանական թափոնների համար դեռ լուծումներ չունի։ Դրանք չեն տեսակավորվում, դրանցից չի ստացվում ո՛չ կենսագազ, ո՛չ պարարտանյութ, դրանք ուղղվում են աղբավայր՝ դառնալով գազերի առաջացման և ինքնայրումների պատճառ։

Թափոնների կառավարման խնդիրների լուծման կարևոր գործիքներից, ըստ Վիկտորյա Բուռնազյանի, կարող է լինել արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի ներդնումը։ Արդեն իսկ մշակվել է ԱԸՊ օրենքի նախագիծը։ ԱԸՊ համակարգի գործարկման դեպքում այն ընկերությունները, որոնց կողմից արտադրված կամ ներկրված ապրանքների օգտագործումից հետո առաջանում են հատուկ թափոններ, պարտավորվելու են պատասխանատվություն ստանձնել այդ թափոնների տեսակավորման, վնասազերծման և վերամշակման համար՝ ինքնուրույն կամ արտադրողի պատասխանատվության կազմակերպությունների (ԱՊԿ) միջոցով։
ԱԸՊ համակարգի ներդրումը, ըստ Վիկտորյա Բուռնազյանի, կնվազեցնի աղբավայր տեղափոխվող թափոնների ծավալները, կխթանի վերամշակող արդյունաբերության զարգացումը, շրջանաձև տնտեսության անցումը և կնպաստի հանրային առողջության ռիսկերի նվազեցմանը։

Կլոր սեղանը կազմակերպվել էր CEE Bankwatch միջազգային ցանցի համագործակցությամբ իրականացվող «Նոր մարտահրավերներ Երևանի զարգացման համար և դրանց հաղթահարման հնարավորությունները» ծրագրի շրջանակներում։
Շարունակելի
Դեկտեմբեր 23, 2025 at 16:46
