

Երևանում թափոնների տեսակավորման և վերամշակման ոլորտում արդեն կան գործող նախաձեռնություններ, սակայն դրանց զարգացումը կախված է հանրային իրազեկումից, հստակ քաղաքական որոշումներից և ներդրումային ճիշտ ուղղվածությունից։ Այս մասին անդրադարձ եղավ 2025թ․ նոյեմբերին «Էկոլուր» մամուլի ակումբում կազմակերպված «Երևանը Նուբարաշենի աղբավայրի խնդրի լուծումների խաչմերուկում, ո՞րն է ճիշտ ուղին» թեմայով կլոր սեղանի ժամանակ։
Կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Կլոր սեղանը կազմակերպվել էր CEE Bankwatch միջազգային ցանցի համագործակցությամբ իրականացվող «Նոր մարտահրավերներ Երևանի զարգացման համար և դրանց հաղթահարման հնարավորությունները» ծրագրի շրջանակներում։
Քննարկման ժամանակ խոսեց «Green Green» նախաձեռնության հիմնադիր Դանա Վերգիլյուշը՝ ներկայացնելով իրենց նախաձեռնության փորձը և անդրադառնալով Երևանում աղբի վերամշակման գործարանի կառուցման հեռանկարներին։
2024թ․ ընթացքում «Green Green»-ի նախաձեռնության միջոցով հավաքվել է մոտ 30 տոննա թափոն՝ չհաշված տեքստիլ թափոնները։
Դանա Վերգիլյուշը ներկայացրեց իրենց նախաձեռնության կայքում գործող տեսակավորման քարտեզը։ Քարտեզի միջոցով յուրաքանչյուր երևանցի կարող է տեսնել տեսակավորման թափոնամանների կոնկրետ տեղադրությունը, ինչպես նաև կառուցել երթուղի դեպի մոտակա թափոնաման։ Քարտեզը պարբերաբար թարմացվում է։ Այն ներառում է առանձին հավաքման տարաների հասցեներ, որտեղ հնարավոր է հանձնել մարտկոցներ, չաշխատող էլեկտրատեխնիկա, հագուստ, ինչպես նաև բուսական ծագման օրգանական թափոններ՝ կոմպոստացման համար։ Օրգանական թափոնների մասով, սակայն, հնարավորությունները դեռ խիստ սահմանափակ են։ Ներկայում Երևանում կա ընդամենը երկու նման կետ՝ մեկն իրենց նախաձեռնության Էկոկենտրոնում, մյուսը՝ քաղաքի կենտրոնում։
Նուբարաշենի աղբավայրի փակման, նոր սանիտարական աղբավայրի կառուցման և աղբի վերամշակման գործարանի կառուցման ծրագրերի կապակցությամբ Դանա Վերգիլյուշն ասաց, որ պարզ չէ, թե ինչ տեսակի ենթակառուցվածքներ են նախատեսվում կառուցել։ Նրա դիտարկմամբ՝ հաճախ ներդրողներն առաջարկում են աղբի այրման նախագծեր, մինչդեռ դա ամենավտանգավոր տարբերակն է։ «Հուսով եմ՝ այս դահլիճում ներկա մարդիկ հասկանում են աղբի այրման ողջ վնասը և թույլ չեն տա նման նախագծերի իրականացում», - ասաց նա՝ ընդգծելով, որ աղբի այրումը ոչ միայն վնասում է առողջությունը, այլև ամբողջությամբ կործանում է տեսակավորման և վերամշակման համակարգը։
Աղբի այրման գործարանը պահանջում է մշտական մեծ ծավալի թափոն, ինչն անխուսափելիորեն նվազեցնում է մարդկանց մոտիվացիան տեսակավորելու։ Դանա Վերգիլյուշը շեշտեց, որ աղբի այրումը վերջնականապես կկործանի վերամշակումը, քանի որ ամբողջ թափոնը կուղղվի մեկ ուղղությամբ՝ այրման, իսկ դա հակասում է թե՛ շրջակա միջավայրի, թե՛ կայուն զարգացման նպատակներին։
Դանա Վերգիլյուշը շեշտեց, որ եթե նախատեսվում է նոր աղբավայրի կառուցում, ապա պարտադիր պետք է հաշվի առնվեն գազի հավաքման և հեռացման մեխանիզմները, որպեսզի չկրկնվեն Նուբարաշենի ներկայիս խնդիրները՝ մշտական հրդեհները։
Նրա կարծիքով՝ Երևանի թափոնների կառավարման համակարգի ապագան պետք է կառուցվի տեսակավորման խթանման վրա, քանի որ թափոնների շուրջ 50 տոկոսը օրգանական է, առաջնահերթ պետք է զարգացնել կոմպոստացման նախագծերը և հենց այդ ուղղությամբ ներգրավել ներդրողներին։
«Հնարավոր չէ մեկ գործարանում վերամշակել բոլոր տեսակի թափոնները։ Ավելի իրատեսական տարբերակ է աղբի տեսակավորման համալիրի ստեղծումը, որտեղ կկատարվի բազմաստիճան տեսակավորում՝ թե՛ ձեռքով, թե՛ տեխնոլոգիաների միջոցով, և արդեն առանձնացված թափոնները կուղղվեն համապատասխան վերամշակող ձեռնարկություններ»,- նշեց Դանա Վերգիլյուշը։
Ըստ Դանա Վերգիլյուշի՝ վերամշակմամբ զբաղվող ձեռնարկությունները դեռևս չեն օգտագործում իրենց ողջ նախագծային հզորությունը և ունեն հումքի կարիք։ Առանց բնակչության ներգրավման և տնային մակարդակում տեսակավորման անհնար է կառուցել արդյունավետ համակարգ։ «Եթե թափոնները խառնված են օրգանականի հետ, հատկապես հեղուկ վիճակում, ապա հետո դրանք առանձնացնելը չափազանց դժվար է։ Մաքուր տեսակավորումը առաջին և ամենակարևոր փուլն է»,- ասաց նա։
Շարունակելի
Դեկտեմբեր 24, 2025 at 11:32
