

ԷկոԼուր
Կլիմայի փոփոխության վերաբերյալ մեր հաջորդ հարցազրույցը ճարտարապետ, Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Լեւոն Իգիթյանի հետ է:
Հայաստանում եւ ընդհանուր առմամբ աշխարհում ի՞նչ էկոլոգիական խնդիրներ են Ձեզ ամենից շատ անհանգստացնում:
Մարդը բնության պրոդուկտ է, բնության բաղկացուցիչ մասը: Մեզ` մարդկանց, թվում է, թե մենք բնության հետ պիտի խաղանք, ինչպես ուզենք: Մենք ուզում ենք իշխել, մենք ուզում ենք եղած բնական երեւույթը մեզ ենթարկել: Վերջին մի քանի տարին կլիմայական իրադարձությունները կարծես մեզ հատուկ հուշում են, որ այդ կատակներին վերջ տանք: Բնությունը մեզ պատժում է:
Մենք կորցրեցինք Երեւանի լանջերի անտառը, որը երեսունականներին վատ հողերի վրա մեծ չարչարանքով տնկվեց եւ պահպանվեց: Այսօր քաղաքում եթե մի նոր փողոց է պետք կառուցել, ծառը խանգարում է, պիտի կտրենք, որովհետեւ քաղաք ենք կառուցում: Պետք էր այն լանջերը պահել, քաղաքի թթվածինն այնտեղից էր գալիս, իսկ քաղաքի առանձին ծառը կամ գազոնը մեծ դեր չեն խաղում:
Մենք չպետք է մոռանանք, որ այս երկրագնդում մենք չենք միայն, կենադանական աշխարհ կա, հրաշալի պեյզաժներ կան, որոնց մենք միջամտում ենք երբեմն բարբարոսաբար:
Հիմա, ես ավելի շատ հակված եմ խոսել բարոյական էկոլոգիայի մասին, որովհետեւ մարդը միակ մտածող կենդանին է: Էկոլոգիական բոլոր խնդիրները սկսում են բարոյական էկոլոգիայից:
Վերջերս կարծիք լսեցի, որ «բավական է Կոմիտասի մասին խոսեք»: Մի՞թե կարելի է հիմքի մասին այդպես խոսել: Նման կերպ մտածող մարդիկ վաղը ծառ էլ կկտրեն, լիճ էլ կցամաքացնեն, որովհետեւ ամենաբարձր արժեքի գինը չգիտեն: Ամենակարեւոր բանը մշակույթն է: Բոլոր ցավերը գալիս են մշակույթը չընկալելուց: Մարդկության բարոյական էկոլոգիան է խախտվել, ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում:
Այսօր արեւմուտի ցիվիլիզացիայից են խոսում: Ցիվիլիզացիան հորիզոնական շարժում է, մշակույթը` խորքային: Մենք խորքայինից հրաժարվել ենք, եկել ենք մակերեսի վրա բնության էկոլոգիայից ենք խոսում: Սա անիմաստ խոսակցություն է:
Բնությունը եւ շրջակա միջավայրը ոգեշնչու՞մ են Ձեզ Ձեր տեղծագործական աշխատանքում:
Իհարկե: Վերջերս Մեղրի էի գնացել, ֆանտաստիկ երկիր է, ֆանտաստիկ: Երբ որ ձորին ես նայում, այնտեղ աշուն է հիմա, այդ դեղին, օռանժ ծառերը, եւ այդ կառալյոկի բերքը ոսկի հուլունքների պես: Կեսը ծառերի վրա է, սպառման ճանապարհ չունի ժողովուրդը: Մենք դրսից ենք ավելի վատ որակի կառալյոկ ենք բերում: Ժողովուրդը ինչո՞վ պիտի ապրի:
Կլիմայի փոփոխության մասին խոսում են քաղաքական գործիչները, գիտնականները, կանխագուշակում են աղետներ: Արդյոք զգու՞մ եք Դուք այդ փոփոխությունները եւ հատկապես ինչու՞մ են դրանք նկատելի:
Քաղաքական գործիչները խաղեր են խաղում: Բանաստեղծ Իոսիֆ Բրոցկին ասել է. «Մարդկային հոգեւոր գործունեության ստորին աստիճանը քաղաքականությունն է»: Ես մի առավելություն ունեմ, ես քաղաքական գործիչ չեմ: Աշխարհի բոլոր քաղաքական գործիչները` յուրաքանչյուրն իրենց երկրում թող երեխաներից սովորեն: Ես, համենայն դեպս, Հայաստանի երեխաներից շատ բան եմ սովորում: Մշակույթով լցված երեխաները պիտի մտնեն մեր հասարակության մեջ: Իսկ մեր հասարակությունը պիտի պատրաստ լինի համապատասխանելու այդ երեխաների որակին, որպեսզի նրանք չկոտրվեն: Իրար լրացնելով` մենք հրաշալի էկոլոգիա կունենանք: Սա մենակ հայերին չի վերաբերվում:
Մարդիկ պիտի սովորեն միասին ապրել եւ միասին այս տունը պահել: Այս երկրագունդը այդքան էլ մեծ չի, մի հատ տիեզերքին նայեք: Ես աշխարհում ցանկացած այլազգի մարդու հետ կարող եմ առանց գործիչների պայմանավորվել եւ միասին ապրելու կոնցեպցիա գտնենք:
Ինչպե՞ս կարող են արվեստն ու մշակույթն իրենց ներդրումն ունենալ շրջակա միջավայրի պահպանման գործում:
Բարձր մշակույթը, անկախ նրանից, թե որ ազգի ներկայացուցիչն է ստեղծում, պիտի աշխարհում ամեն մարդու սեփականությունը դառնա: Այդ ժամանակ մարդ ուրիշ որակի մարդ կդառնա, զենք չի վերցնի, կսկսի դիմացինի հետ խոսել, դիմացինին կհարգի` չկարեւորելով նրա մաշկի գույնը: Ամեն մարդ իր տանը իր արժեքները պիտի պահի, զարգացնի, այդ արժեքներով մենք պիտի շփվենք, ոչ թե նավթով:
Որքանո՞վ եք Դուք անձամբ պատրաստ փոխելու Ձեր կենսակերպը, որպեսզի պահպանեք բնությունը:
Եթե անկեղծ խոսենք, ես իմ կենսակերպը փոխելու կարիք չունենք: Ես բնության մի մասնիկն եմ եւ հարգում եմ բնությունը`իմն էլ, իտալացունն էլ, աֆրիկացունն էլ: Ամեն մարդ իր բնությունը պիտի պահի, դա բոլորինս է:
Հայաստանում երեք բան կա ինձ համար արժեքավոր, դա հողն է, երեխաները եւ կանայք: Եթե մենք այս երեք ասածս լավ պահենք, ջերմ պահենք, Հայաստանը խնդիր չի ունենա, բոլոր հարցերը կլուծվեն:
Իմ էկոլոգիան սա է` մշակույթ, կրթություն բոլորի համար:
Հունվար 24, 2011
