

Անցած շաբաթ Երեւանում լսվեց եւ քննարկվեց ՀՀ կառավարության հաշվետվությունը Օրհուսի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ:
ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը նկատեց, որ Կոնվենցիան ենթադրում է ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, որով երաշխավորվում է մարդու էկոլոգիական իրավունքների իրացումը:
Սակայն տարբեր էր Բնապահպանության նախարարության ներկայացուցչի` Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Աիդա Իսկոյանի ելույթը, որը մասնակիցներից ոմանք «դասախոսություն» անվանեցին: Իսկոյանի խոսքում չկար որեւէ միտք կառավարության սխալների մասին, որոնց հետեւանքով մեր երկրում, ինչպես սունկն անձրեւից հետո, անթույլատրելի նորմերով գործող տասնյակ հանքերն աճում են, բնապահպանական խնդիրները` ձնակույտի մեթոդով շատանում, եւ ՀՀ-ն միջազգային ասպարեզում կորցնում է իր հեղինակությունը:
Ա. Իսկոյանը պատասխանելով “Էկոդար” ՀԿ նախագահ Հրայր Սավզյանի հարցին` “Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի ձախողման համար Ձեզ պատասխանատու համարու՞մ եք”, հակադարձեց, որ Հայաստանում Կոնվենցիան չի ձախողվել:
Օրհուսի կայքը տեղեկացնում է, որ Կոնվենցիային միացած 44 երկրներից միայն վեցի աշխատանքներն են բացասական գնահատվել, իսկ Հայաստանի վերաբերյալ կա երկու որոշում առ այն, որ նա ձախողել է կոնվենցիայի իրականացումը, խախտել է գլխավոր դրույթները` տեղեկատվության մատչելիությունը, հանրության մասնակցությունը որոշումների գործընթացին եւ արդարադատության մատչելիությունը: Հայաստանն այժմ մոնիթորինգի տակ է առնվել:
2000 թ. դեկտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը, մասնակցությամբ նաեւ բնապահպանության նախարարի խորհրդական Ա. Իսկոյանի, հաստատել է, որ “1998 թ. հունիսի 25-ին Օրհուսում ստորագրած կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը”:
Կա նաեւ ՀՀ վարչապետի 2006 թ. հոկտեմբերի 16-ի 774-Ա որոշումը ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի “Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին” Օրհուսի կոնվենցիայից բխող ՀՀ ստանձնած պարտավորությունների մասին:
Հետեւյալով կառավարության ղեկավարը կարգադրել է` ի թիվս այլ գործողությունների, նաեւ կազմել միջոցառումների ծրագիր, որոշել ժամանակացույց եւ պաշտոնական կատարողներին:
Բայց, փաստորեն, առայսօր չեն կատարվել ոչ ՍԴ, ոչ էլ` վարչապետի որոշումները: Իսկ տիկին Իսկոյանը չի կատարում տեղեկատվական “խողովակի”` միջնորդի դերը ՀՀ կառավարության եւ Օրհուսի կոնվենցիայի հանձնաժողովի միջեւ: Ստացվում է, որ նրա համար տասնյակ աշխատանքային գործուղումները ծառայում են զուտ անձնական շահին, դառնում աշխարհ պտտելու, հայաստանյան իրականությունից մի քիչ հանգստանալու հնարավորություն:
Որ Հայաստանը ձախողում է իր պարտավորությունները, բազմիցս նամակով տեղեկացրել է նաեւ Եվրոպայի տնտեսական հանձնաժողովը: Բայց ոչինչ չի փոխվել: Հիմքեր կան ենթադրելու, որ Աիդա Իսկոյանը նույնիսկ այդ նամակագրության մասին չի հայտնել ոչ բնապահպանության, ոչ մեկ այլ նախարարի, ոչ էլ վարչապետին: Ամբողջ նամակագրությունը, որտեղ երեւում է հայաստանյան պատվիրակի խայտառակ անտարբերությունը, տեղադրված է Օրհուսի կայքում (http://unece.org/env/pp/compliance/Compliance%20Committee/CCimplDocsArmeniaMoP3.htm):
Ամփոփենք: Աիդա Իսկոյանը կառավարությանն ու հանրությանը չի հասցրել Կոնվենցիայի շրջանակներում տարվող աշխատանքների մասին: Ի դեպ, կողմ-պետություններին աջակցելու նպատակով Կոնվենցիայի քարտուղարությանը կից վերջին 10 տարիներին ստեղծվել են միջազգային 5 աշխատանքային խմբեր, որոնք քննարկել են ընթացակարգեր` օրենսդրական փոփոխություններ ազգային օրենսդրությունում ներառելու համար:
Հավատանք, որ կառավարությունն անտեղյակ էր, քանի որ հանրությունն էլ էր անտեղյակ, եւ հուսանք, որ այս ամենի մասին տեղեկանալուց հետո բարձրացված հարցերն անհետեւանք չի թողնի:
Մայիս 26, 2011 at 14:38
