

ԷկոԼուր
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը քննարկման ներկայացրեց 500 միլիոն դոլլար արժողությամբ Մեղրի-Կապան-Երեւան-Աշտարակ-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի կառուցման «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագիրը:
Քննարկմանը հրավիրված էին նաեւ հասարակական կազմակերպություններ, որոնք արդեն մի քանի անգամ հանդես են եկել այդ ծրագրի նկատմամբ դիտողություններով: Օրվա օրակարգի համաձայն` քննարկումը պետք է շարունակվեր 2 ժամ: Սակայն Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը խոսք տվեց նախագիծը ներկայացնող աշխատակիցներին եւ մեկ-երկու հարցից հետո փակեց միջոցառումը 1 ժամ 15 րոպե ավելի շուտ, քան ենթադրվում էր: Հասարակայնության հետ քննարկումը չստացվեց:
Դրա հետ կապված նշենք, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագիրը ներկայացվել է երկու հիմնական բաղկացուցիչներով` տեխնիկական եւ սոցիալական: Տեխնիկական մասում հասարակայնությունը դիտողություններ չուներ: Իսկ սոցիալական մասում պարզվեց, որ ծրագիրը թերի է: Ծրագրում նշված է, որ մայրուղիների կառուցման համար պետք է օգտագործվեն գյուղատնտեսական նշանակության հողեր 16 համայնքներում, որոնց միջով պետք է անցնի ավտոճանապարհը: Ենթադրվում է, որ բնակիչներին վճարվելու է փոխհատուցում շուկայաան գներով կամ հողերի կադաստրային արժեքին համապատասխան` գումարած որոշակի տոկոսներ: Նաեւ ենթադրվում է լրացուցիչ փոհատուցել սոցիալապես խոցելի խմբերին եւ փոխհատուցել եկամուտի այն մասը, որը կարող էր ստացվել հողերի օգտագործումից եւ այլն:
Խնդիրն այն է, որ վճարումների մեխանիզմները մշակված չեն, հայտնի չէ, թե որքան հող է վերցվելու նախագծի համար, եւ որքան բնակիչ է փոխհատուցում ստանալու, ինչպես նաեւ ինչ իրավաբանական մեխանիզմ է օգտագործվելու այդ փոխհատուցումները ստանալու համար: Գլխավորն այն է, որ ծրագիրը ոչ միայն չի ստացել բնակիչների նախնական համաձայնությունը, այլ ինչ-որ տեղ հանդիպել ուղղակի դիմադրության: Շիրակի մարզի Ուջան համայնքի բնակիչները կառավարություն նամակ են ուղարկել, որտեղ անհամաձայնություն են հայտնում, որ իրենց հողերը պետք է վերցվեն: Իսկ ծրագիրն իրականացնողները բացատրում են, որ ստույգ հարցերի վերաբերյալ համայնքներում բանակցություններ հետո կվարվեն: Այսինքն, 500 միլիոն դոլլարի վարկը այնքան գայթակղիչ դուրս եկավ, որ ոչ միայն հայկական կողմը, այլ նաեւ Ասիական զարգացման բանկը մոռացան այն մասին, որ նմանատիպ վարկերը նախատեսված են հենց երկրների զարգացման համար, այսինքն` բոլոր մարդկանց կյանքի բարելավման համար, այլ ոչ թե նրանց համար, ովքեր ստանում են այդ վարկերը եւ ծախսում են դրանք:
Օգոստոս 16, 2011 at 11:25
