

ԷկոԼուր
Միջազգային ֆինանսական ինսիտուտները ընկերներ, թե՞ թշնամիներ: «Ի՞նչ ապագա ունի ժողովրդավարությունը եւ քաղաքացիական հասարակությունը» խորագրով միջազգային համաժողովի շրջանակներում հոկտեմբերի 7-ին այս թեմայով բանավեճ ծավալվեց: Համաժողովը կազմակերպվել էր Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի (ԲՀՀ) կողմից` ԲՀՀ Արևելք-արևելք. գործընկերություն սահմաններից այն կողմ, ԲՀՀ մարդու իրավունքների և կառավարման գրանտային ծրագրի, ինչպես նաև Քաունթերփարթ Ինթերնեշնլ - Հայաստան կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:
«Հետաքննող լրագրողների ասոցիացիա» եւ «ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունները բացասական գնահատական տվեցին Հայաստանում միջազգային ֆինանսական ինստիտուտների գործունեությանը: Ասոցիացիայի նախագահ եւ «Հետք» էլեկտրոնային հրատարակության գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Համաշխարհային բանկի «Բնական ռեսուրսների կառավարում եւ աղքատության նվազում» վարկային ծրագրի արդյունքները ձախողված համարեց: «Ծրագրի միայն վարկային մասը գնահատվել է 16 միլիոն դոլլար: Բայց մի՞թե մենք այդ գումարով եւ պարտքով նվազեցրել ենք աղքատությունը մեր երկրում, կամ սկսել ենք լա՞վ կառավարել բնական ռեսուրսները»,- հարցրեց Բաղդասարյանը: Պատասխանը` ոչ, չենք սկսել: «Սեւան» եւ «Դիլիջան» ազգային պարկերի մենեջմենթ- պլանները կազմվել են միջազգային նորմաների խախտմամբ եւ վերանայում են պահանջում: Անտառտնտեսությունների համար 10-ամյա մենեջմենթ-պանները կազմվել են` առանց հաշվի առնելու անտառածածկույթի եւ անօրինական հատումների վերաբերյալ անհրաժեշտ տվյալները: Եւ հիմա միջոցներ են պահանջվում, որպեսզի վերանայեն այդ պլանները: Մեր կողմից նշենք, որ հենց այդ փաստաթղթերն են 16 միլիոնանոց վարկային ծրագրի արդյունքը, որի համար մենք դեռ պետք է պետական պարտք վճարենք Համաշխարհային բանկին:
«ԷկոԼուր»-ի նախագահ Ինգա Զարաֆյանը ներկայացրեց հանքարդյունաբերության ոլորտում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) միջոցներով իրականացվող ծրագրերի` «Deno Gold Mining Company» ընկերության կողմից Գեղանուշի պոչամբարի կառուցման եւ «Lydian international» ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի մոնիտորինգի արդյունքները: Վերջին նախագիծը ֆինանսավորում է նաեւ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), որը մտնում է Համաշխարհային բանկի խմբի մեջ:
Արդյունքները ցույց են տալիս, որ այդ նախագծերում չեն պահպանվում ֆինանսական ինստիտուտների կողմից հռչակված սոցիալական եւ էկոլոգիական պատասխանատվության սկզբունքները: Հաշվի չի առնվում մարդկանց կարծիքը, որոնց վրա ուղղակիորեն ազդում են այդ նախագծերը, ուշադրություն չի դարձվում շրջակա միջավայրի անդառնալի ոչնչացման վրա:
Կանադայի Օրենքի եւ ժողովրդավարության կենտրոնի գործադիր տնօրեն Թոբի Մենդելը ներկայացրեց ֆինասական կազմակերպությունների հետ համագործակցության սեփական փորձը: Նրա կարծիքով` պետք չէ սրել ֆինանսական ինստիտուտների խնդիրները, լինեն նրանք ընկեր, թե թշնամի: Ավելի լավ է համագործակցել եւ այդ ինստիտուտներին պահանջներ ներկայացնել, օրինակ` պահանջ թափանցիկության եւ տեղեկատվության տրամադրման մասին:
«ԷկոԼուր»-ի տեսակետն այն է, որ հարցի սրությունը ճշտորեն համապատասխանում է կուտակված խնդիրների` ընդերքի, ջրային պաշարների շահագործման, հողերի եւ անտառների կորստի, բնակչության մեջ հարուստների եւ աղքատների շերտերի բեւեռացման, իշխանությունների նկատմամբ անվստահության սրությանը: Դա կյանքի հարց է, քանի որ մեզ մոտ սպառվում եւ ոչնչանում է մեր ապրելու միջավայրը:
Հոկտեմբեր 11, 2011 at 11:12
