

ԷկոԼուր
Բնապահպանական պետական փորձաքննությունը ներկայացված նախագծերը «աչքաչափով» է գնահատում: Նման կարծիքի է «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը: Որպես ապացույց Ղազարյանը հղում արեց ՀՀ բնապահպանության նախարարության` ՀԿ-ին ուղղված պատասխանին: 08.11.2011թ. թիվ ԱԳ 33/438 նամակում նշված է, որ ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերում ամրագրված «սահմանված կարգը» եւ «տվյալների ցանկն ու ծավալը» ՀՀ կառավարության կողմից սահմանված չէ»:
«Սա նշանակում է, որ փորձաքննության դրական կամ բացասական եզրակացությունը տրվում է կամայականորեն: Անշուշտ, այն փաստը, որ այդ կարեւոր ենթաօրենսդրական ակտերը բացակայում են, վկայում է ոլորտում բարձր կոռուպցիոն ռիսկերի մասին` կապված թույլատրող փաստաթղթերի հետ»,- նշեց Ղազարյանը:
Հավելենք, որ բնապահպանական փորձաքննությանը ներկայացված փաստաթղթերը, հաճախ իրենց մեջ չեն պարունակում նույնիսկ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական, այսինքն այն մասը, որը պետք է ուսումնասիրի փորձաքննությունը: Օրինակ` նման նախագծերից են փոքր ՀԷԿ-երի կառուցման, հանքավայրերի շահագործման նախագծերը: Հարց է մնում, թե ինչն են նայում փորձագետները եւ ինչպես են դրական փորձաքննություն տրամադրում:
Նոյեմբեր 14, 2011 at 13:40
