

ԷկոԼուր
Դեկտեմբերի 29-ին` ժամը 11:00-ին ՀՀ Կառավարության թիվ 1 շենքի մոտ տեղի կունենա բնապահպանական հզոր ակցիա: Այն ուղղված ՀՀ կառավարության 2011թ. Ապրիլի 28-ին 627-Ն որոշման դեմ, որով Սյունիքի մարզի 6 համայնքների հողերը, որպես հանրային բացառիկ գերակա շահ, տրվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին`ընդերքօգտագործման նպատակով: Ակցիայի վերաբերյալ «ԹՌՉԿԱՆ» քաղաքացիական նախաձեռնությունը Facebook սոցիալական ցանցում տարածել է տեղեկատվություն, որում մասնավորապես ասված է. «Հավաքվում ենք ՀՀ Կառավարության թիվ 1 շենքի մոտ` ներկայացնելու մեր պահանջը` ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան, Արծվանիկ, Սևաքար, Աճանան, Չափնի և Սյունիք գյուղերի 608 հեկտար հողերը «բացառիկ գերակա հանրային շահ» անվան տակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին վարձակալության իրավունքով հանձնելու Կառավարության 627-Ն հակապետական որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:
Այնուհետև քայլարշավ դեպի ՀՀ նախագահի նստավայր` արտահայտելու մեր բողոքը բնապահպանական քաղաքականության ոլորտում առկա աղետալի վիճակի վերաբերյալ: ՀՀ նախագահից պահանջում ենք վերջապես ընդունել մեզ և ապահովել քննարկում` այս ոլորտում ծառացած խնդիրները համատեղ քննարկելու և լուծման եղանակներ գտնելու նպատակով:
Մենք պետք է ցույց տանք, որ ՄԵՆՔ ԵՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՏԵՐԸ և Հայաստանի ապագան մենք ենք, իսկ առանց բնության և առողջ շրջակա միջավայրի առկայության պետությունը տարբեր առումներով դառնում է խոցելի. այն էլ մեր պետության դեպքում, որն ամբողջովին շրջապատված է թշնամիներով, իսկ սեփական ընդերքի կամ ռեսուրսի անխնա շահագործումը բերելու է պետության կործանման»:
Դեկտեմբեր 26, 2011 at 14:23
