

ԷկոԼուր
Մեր ուշադրությունը գրավեցին տարբեր կայքերում գրեթե միեւնույն ժամանակ հրապարակված եւ նույն թեմային առնչվող հոդվածներ: «Նոր քաղաքական ուղղվածության հեռանկարը» վերնագրով հոդվածը տպագրվեց www.1in.am կայքում, «Քաղաքական շրջմոլիկներ բնապահպանների շարքերում» վերնագրով հոդվածը Times.amկայքում: Երկու դեպքում էլ հեղինակները անդրադառնում են քաղաքացիական բնապահպանական նախաձեռնությունների նոր միտումներին եւ նրանց հիման վրա կանաչ կուսակկցությունների ստեղծման հեռանկարներին:
Նոր քաղաքական ուղղվածության հեռանկարը
1in.am
Հայաստանում սկսել են հաճախ խոսել բնապահպանական շարժման հեռանկարի մասին, դրան վերագրելով բավական նշանակալի ազդեցություն ոչ միայն բնության հարցերի, այլ նաև ընդհանրապես քաղաքական ու քաղաքացիական այլ համակարգային խնդիրների ուղղությամբ:
Դրա համար հիմք է ծառայում իհարկե այն, որ շատ զարգացած երկրներում կանաչները դարձել են քաղաքական ազդեցիկ ուժեր` հանդիսանալով երկրի քաղաքական համակարգի հիմնական կուսակցություններից մեկը: Հայաստանում դա դեռևս կարծրատիպային խոչընդոտների է հանդիպում, քանի որ հասարակական պատկերացման մեջ կանաչներն, այսպես ասած, ոչ նորաձև, ոչ կենսունակ քաղաքական ուժ են և չեն կարող լինել քաղաքական համակարգի առանցքային դերակատար: Այդ իմաստով, բնապահպանական շարժումը պետք է հաղթահարի այդ կարծրատիպերը, ինչի համար, թերևս, հարկ է լինելու հանդես գալ քաղաքական շեշտադրումներով, բնապահպանական, այսպես ասած` կանաչ շարժումն առաջ մղել բնությունը Հայաստանի համակարգային խնդիրների համատեքստում տեղավորելով և այդ խնդիրների բազմաբնույթ լուծումներ առաջարկելով: Օրինակ` «Թռչկանի» նախաձեռնությունը կարծես թե կատարում է այդպիսի փորձ, բարձրացնելով գործարար այլընտրանքային ներդրումների խնդիր: Դա ենթադրում է նոր մոտեցումներ թե՛ բնության, թե՛ ընդհանրապես տնտեսվարման հարցերի հանդեպ, որոնք ավելի վեր են, քան երկրի ռեսուրսները պարզունակ ձևով վատնելու «ավանդական» պատկերացումները Հայաստանի բիզնես «էլիտայի» շրջանակում: Այսինքն` «Թռչկանի» նախաձեռնությունը զարգացնելու դեպքում, զարգացում ստանալու դեպքում, կարող է Հայաստանում առաջ բերել նաև նոր բիզնես մշակույթի, բիզնես մտածողության ալիք:
Այսինքն` այստեղ նկատվում է բնապահպանության նեղ մասնագիտական մոտեցումներից վեր ավելի լայն խնդիր, ավելի ընդլայնված հարցադրում, որը կարող է մեծացնել հետաքրքրությունների և ուշադրության շրջանակը, հետևաբար նաև հանրային ընկալումները բերել նոր հարթության վրա: Այսինքն` սա մի քայլ է, կամա, թե ակամա, դեպի այն ուղղությամբ, որտեղ բնապահպանական շարժումը կարող է վերածվել համակարգային խնդիրների հետապնդման ուրույն ձեռագիր և մոտեցում ունեցող քաղաքական շարժման: Սակայն այստեղ էլ ի հայտ է գալիս ներկայիս բնապահպանական շարժման պարագայում առկա մեկ այլ հանգամանք, որը կարող է լինել խնդրահարույց, եթե Հայաստանում դրվի, այսպես ասած, կանաչ քաղաքական ուղղվածության խնդիր: Խոսքն այն մասին է, որ ներկայիս բնապահպանական նախաձեռնություններում կան բավականաչափ ակտիվիստներ, որոնք այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչ են:
Ի՞նչն է խնդիրը:
Խնդիրն այն է, որ նրանք ներկայումս բնապահպանական ոլորտում են որպես քաղաքացիական ակտիվիստներ, սակայն երբ բնապահպանական ներկայիս ալիքը վերածվի համակարգային խնդիրներ հետանդող առավել լայն շարժման, արդյոք ի՞նչ կեցվածք են ունենալու այսօրվա շարժման ակտիվիստները, որոնք այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են: Այստեղ հնարավոր է երեք հիմնական զարգացում: Մեկն այն է, որ նրանք կարող են պարզապես ընդհատել իրենց գործունեությունն այդ բնապահպանական շարժման մեջ, ինչից շարժումն իհարկե կտուժի: Հարցն այն է, թե ինչ չափով. արդյոք դա կարո՞ղ է լինել ճակատագրական: Բանն այն է, որ այդ մարդիկ շարժման նշանակալի ակտիվիստներ են, սակայն իհարկե միակը չեն, և բնապահպանական նախաձեռնությունն ունի բազմաթիվ այլ ակտիվ անդամներ, որոնք կարող են պահել ալիքը նաև առանց քաղաքական ուժերի ներկայացուցիչների:
Մյուս տարբերակն այն է, որ այդ ներկայացուցիչները կայացնեն բեկումնային որոշում և դուրս գան իրենց քաղաքական կառույցներից ու անդամագրվեն նոր շարժմանը` հետագայում նպաստելով նաև դրա ֆունկցիոնալ ընդլայնմանն ու նոր քաղաքական ուղղության ձևավորմանը: Այստեղ ամենևին խոսք չի կարող լինել, այսպես ասած, հարազատ կուսակցությանը դավաճանելու մասին, քանի որ գործ ունենք պարզապես հանրային գաղափարական մի տրանսֆորմացիայի հեռանկարի հետ, ինչը չի կարող դավաճանություն որակվել որևէ քաղաքական ուժի հանդեպ: Ի վերջո, փոխվում են ժամանակները, փոխվում են մոտեցումները, տեխնոլոգիաները, հանրային փոխհարաբերությունների կոմունիկացիոն կառուցվածքը, խնդիրների լուծման մեթոդաբանությունը, այդ ամենն առավել համարժեք է դառնում ժամանակի պահանջներին, և անհատը միանգամայն ի զորու է ընտրել իր նոր դերն ու նոր տեղը այդ փոփոխությունների գործընթացում: Այդ ամենը գնահատել դավաճանություն, ընդամենը կնշանակի ցուցաբերել նեղմտություն, նույնիսկ «ազգային-ավանդական նեղմտություն»:
Երրորդ տարբերակն այն է, որ այդ մարդիկ կարող են կամուրջ հանդիսանալ իրենց քաղաքական ուժերի և նոր ձևավորվող քաղաքական ուղղվածության միջև: Այդ կամուրջը կարող է նպաստել Հայաստանում քաղաքական նոր դաշինքի կայացմանը՝ արդեն իսկ գործող քաղաքական դաշտի և նոր ի հայտ եկող ու ձևավորվող քաղաքական ուղղվածության միջև: Այդ դեպքում ազդեցությունը քաղաքական դաշտի վրա կարող է լինել առավել լայնամասշտաբ, արդյունքը` առավել օպերատիվ:
Թե այդ տարբերակներից որի հետ կարող ենք գործ ունենալ, կամ թե չորրորդ կամ հինգերորդ ինչ տարբերակներ կարող են ի հայտ գալ ու ընտրվել` կերևա ժամանակի ընթացքում, առավել ևս, որ գուցե ժամանակի ընթացքում բնապահպանական ակտիվ նախաձեռնությունն իր առաջ այդպես էլ չդնի քաղաքական ուղղվածության ֆունկցիոնալ հատկանիշները զարգացնելու խնդիր: Բայց դա, թերևս, կլինի ժամանակի հանդեպ ոչ այնքան համարժեք պահվածք, ինչից ժամանակի ընթացքում կարող է զգալիորեն նվազել նաև բնության պաշտպանության արդյունավետությունը, որն այժմ համեմատական առումով կարծես թե գտնվում է արդյունավետ դինամիկայի մեջ:
Քաղաքական շրջմոլիկներ բնապահպանների շարքերում
Սևակ Մոկացի, Times.am
Վերջին շրջանում համացանցի հայկական տիրույթը հեղեղված է բնապահպանական ծրագրերով զբաղված երիտասարդների մասին տեղեկատվությամբ: Անցած մի քանի ամիսների նրանց՝ հիավի հիացմունքի արժանի գործունեության հետևանքով Հայաստանում վերջապես կազմավորվեց բնապահպանական իրական շարժում: Այն երիտասարդական է, արդյունավետ և առինքնող: Սրանք իհարկե այն հատկություններն են, որոնք կարող են շատ օգտակար լինել բնապահպանների հետագա նախաձեռնությունների հաջող ընթացքի և ավարտի համար: Սակայն նույն այդ հատկությունները պարունակում են նաև որոշակի վտանգներ, քանի որ հայկական իրականության մեջ հասարակական ցանկացած ակտիվություն շահառու խմբերից զատ գրավում է նաև սեփական շահերը որոնող անձանց և քաղաքական ուժերի ուշադրությունը: Պատրաստ և զարգացող շարժումներ «իրենցով անելու» որոշ մարդկանց մոլուցքը մեկ անգամ չէ, որ տապալել է հասարակական նշանակություն ունեցող նախաձեռնություններ: Եվ հիմա շատ կարևոր է, որպեսզի նորաստեղծ բնապահպանական այս շարժումը փրկվի նման թակարդում հայտնվելու վտանգից:
Հունվարի 21-ին «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որի միջոցով նրանք կոչ են արել «բոլոր հայրենասեր գործարարներին, Հայաստանի խոցելի համայնքներում, հատկապես նոր հանքավայրերի մերձակա գյուղերում, սկսել իրականացնել տնտեսական ծրագրեր, որոնք կստեղծեն այլընտրանքային, իրական եւ կայուն աշխատատեղեր բնակչության համար: Այս ծրագրերը կարող են լինել թե՛ գյուղատնտեսական արտադրանքի ավելացման եւ իրացման, թե՛ դրանց վերամշակման, թե՛ թեթեւ արդյունաբերության զարգացման,թե՛ ցանկացած այլ ոլորտներում»:
Times.am-ին հայտնի է դարձել, որ հիշատակված հաղորդագրության բովանդակությունը դժգոհության ալիք է առաջացրել «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներից շատերի մոտ: Նրանք գտնում են, որ բնապահպանական խնդիրներ հետապնդող խումբը չպետք է զբաղվի սոցիալական, առավել ևս՝ քաղաքական հարցերով: «Ցավոք, այն մաքրությունը, որը կար Թռչկանի ժամանակ, այլևս գոյություն չունի: Երիտասարդներից շատերը պարզապես զբաղված են սեփական կարիերայի խնդիրներով: Չի բացառվում, որ նրանցից երկու-երեքը կմասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Համենայն դեպս նրանց ելույթներն արդեն նմանվել են նախընտրական ճառի և ակնհայտ է, որ շատ մարդիկ պարզապես փորձում են օգտագործել մեր՝ երիտասարդներիս նվիրվածությունը սեփական քաղաքական PR կազմակերպելու համար», - մեր լրագրողին ասել է բնապահպանական շարժման ակտիվ մասնակիցներից մեկը:
Իհարկե, ցավալի է, որ հասարակական այդքան մեծ կարևորություն ունեցող բնապահպանական նորաստեղծ շարժումը հայտնվել է նման խնդիրների առջև: Մեր տեղեկությունների համաձայն, բնապահպանների շարքերն արդեն «համալրել» են Հայ Ազգային Կոնգրեսի և «Ժառանգություն» կուսակցության մի շարք ակտիվիստներ: Եվ հենց նրանց գործունեությունն է, որ բնապահպանների շրջանում ստեղծվել է անառողջ մրցակցության մթնոլորտ, իսկ շարժումը հայտնվել է պառակտման շեմին:
Հայաստանում շատերն են խոսում քաղաքացիական հասարակության, ժողովրդավարական գործընթացների զարգացման և այլնի մասին: Սակայն, ինչպես ցույց է տալիս Թռչկանի և Թեղուտի հիմնախնդիրներով զբաղվող բնապահպանների փորձառությունը, բարձր արժեքների մասին խոսող մարդկանցից ոչ բոլորն են, որ հասկանում են, թե ինչ վնաս են հասցնում նույն ժողովրդավարության զարգացման հեռանկարներին՝ փորձելով երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը ծառայեցնել իրենց քաղաքական շահերին:
Այսօր բնապահպանական շարժումը կանգնած է առաջին փորձության առջև: Երիտասարդական նման նախաձեռնությունները կարևոր են մեր երկրի կայուն զարգացման և բարեկեցիկ ապագայի համար: Ուստի շատ ցավալի կլինի, եթե հանկարծ այն ունենա նույն ճակատագիրը, որն արդեն տապալել է հասարակության հիմնախնդիրներով զբաղվող մի շարք կազմակերպություններ և նախաձեռնություններ:
Հունվար 25, 2012 at 13:37
