

ԷկոԼուր
«ԷկոԼուր»-ը «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ից նամակ է ստացել, որը վերաբերում է Էկոլոգիական հասարակական դաշինքի` Բնապահպանության նախարարի հրաժարականի պահանջին: Նամակում ասված է. « Մենք ծանոթացանք ՀԿ-ների տարաբնույթ կարծիքներին, որոնք ներկայացվել էին ՀՀ բնապահպանության նախարարի հրաժարականը պահանջող «Դաշինքի» հայտարարության կապակցությամբ և հասկացանք, որ այն փաստորեն պատշաճ կերպով նախորոք չեր համաձայնեցվել: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը հենց բնապահպանության գործընթացները կարգաբերելու տեսանկյունից կարևոր համարեցինք ներկայացնել նաև մեր կազմակերպության տեսակետը հարցի վերաբերյալ:
Նախ և առաջ ուզում ենք հայտնել, որ մենք կիսում ենք այն տեսակետը, որ խնդիրը պետք է դիտարկել համակարգային մոտեցմամբ, քանի որ անձերի դերը թեև կա, սակայն որոշիչ չե: Ավելին, անձի վրա կենտրոնանալը շեղում է բուն խնդրից, որն իրականում չափազանց բարդ է և բխում տնտեսավարման այն համակարգից, որը ձևավորված է Հայաստանում և ոչ միայն:
Միանգամայն համաձայն ենք, որ բնապահպանության նախարարությունը պետք է կատարի «…վերահսկիչ գործառույթներ այն գործունեության նկատմամբ, որն այլ նախարարություններ և գերատեսչություններ թույլ են տվել…»: Սակայն հասկանալի է, որ նախարարի անձ փոխելով նման հարց չի լուծվում: Անհրաժեշտ են խորը համակարգային փոփոխություններ, և ոչ միայն պետական կառավարման բնագավառում:
Հաշվի առնելով վերը նշվածը, առաջարկում ենք դադարեցնել «Դաշինքի» առաջարկի քննարկումը և խնդիրը ռացիոնալ և իրատեսական դաշտ տեղափոխել: Մենք պատրաստ ենք ներկայացնել մեր տեսակետը այդ հարցում, որը շատերին հայտնի է:
Ամալիա Համբարձումյան, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ»:
Հոկտեմբեր 18, 2012 at 16:20
