

ԷկոԼուր
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» (ՇՄԱՓ) օրենքի նոր նախագիծը ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել ոչ ամբողջական փաթեթով: Այս մասին ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանին գրում է «Դալմա-Սոնա» հիմնադրամի հանրային խորհրդի նախագահ, քաղ.ծառայության 2-րդ դասի խորհրդական Ռուզաննա Ղազարյանը: «Նախագծին կցված չեն այն օրենքների նախագծերը, որոնք պետք է ընդունվեն նախագծի հետ միաժամանակ», - նշում է Ռուզաննա Ղազարյանը:
Aarhus.am կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն` «... կցված չեն «Հասարակական լսումները սահմանված կարգով չանցկացնելու և/կամ ընդհանրապես հասարակական լսում չանցկացնելու համար պատիժ և պատասխանատվություն սահմանող» օրինագիծը: Ինչպես նաև կցված չեն այն կարգերի նախագծերը, որոնք դեռ 15 տարի առաջ ՀՀ կառավարությունը պետք է հաստատած լիներ` ներկայումս գործող ՇՄԱՓ օրենքի պահանջով:
Սա հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությանը ու մի շարք օրենքներին մասնավորապես` «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին:
«Թերի, ոչ ամբողջական փաթեթով նախագծի առկայությունը Ազգային ժողովում հաստատելու է, որ մեր երկրում Ազգային ժողովի մակարդակով, անտեսվում են ՀՀ օրենքների, անգամ Սահմանադրության պահանջները»,- մասնավորապես նշված է ներկայացված մասնագիտական կարծիքում:
Սեպտեմբեր 26, 2013 at 16:57
