ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարար
պարոն Արամ Հարությունյանին,
Պատճենները.
ՀՀ Տարածաշրջանային կառավարման նախարար,
ՀՀ փոխվարչապետ պարոն Արմեն Գևորգյանին,
ՀՀ Գյուղտնտեսության նախարար
պարոն Սերգո Կարապետյանին
Նամակ
ՀՀ բնապահպանության նախարարությունը իրավունք չունի անտեսել «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի կործանարար ազդեցությունը` ապօրինի կառուցված Արգիճի գետի վրա, որը մտնում է Սևան լճի ջրային ավազանի մեջ: «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի փորձարկման ժամանակ երկու անգամ խոշոր վթար է տեղի ունեցել: 2013թ-ի հուլիսի 18-ին պայթել են ՓՀԷԿ-ի խողովակները և ջուրը քշել-տարել է Վերին Գետաշեն գյուղի բնակիչների կարտոֆիլի դաշտերը: Խողովակները նորից պայթեցին 2013թ-ի սեպտեմբերի 1-ին` կրկին ՓՀԷԿ-ի փորձարկման ժամանակ: Այս անգամ ջուրը քշեց-տարավ Մադինա գյուղի բնակիչների գարու դաշտերը: Վնասված տարածքներում տեղի բնակիչները գտել են Արգիճի ՓՀԷԿ-ի խողովակներից դուրս թռած ձկներ. Արգիճի գետում ձվադրում են Սևանա լճի ավազանի էնդեմիկ ձկնատեսակներ:
Նախագիծը իրականացնող «Հիդրոկորպորացիա» ՍՊԸ-ն վճարել է տուժածներին աննշան փոխհատուցում՝ 40000 դրամի տեսքով (մոտ 100 դոլար), որը չի ազատում օրենքի առջև պատասխանատվությունից ոչ ընկերությանը, ոչ վերահսկող պատասխանատու մարմիններին, մասնավորապես, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությանը: Պատճառված վնասը հաշվարկված չէ, պետությունը զրկվել է նաև բյուջե մուտքագրվող այն գումարից, որը օրենքով նախատեսվում է վճարել հատուկ պահպանվող տարածքին հասցված վնասի համար:
Ուշադրություն դարձնենք, որ Արգիճ փոքր ՀԷԿ-ի թղթաբանությունը /http://www.nature-ic.am/hy/ccinarmenia/CDM%20in%20Armenia/15#section55 թվագրված է 2006-2008թթ-ին: Շինարարությունը սկսվել է 2012թ-ին: Եվ համաձայն գործող օրենսդրությանը, շինարարությունը թույլատրող փաստաթղթերը, այդ թվում նաև նախագծի (2006) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի փորձաքննության եզրակացությունը կորցրել են իրենց ուժը:
ԷկոԼուրը և Գավառի Օրհուս կենտրոնը մի քանի անգամ «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի հարցով դիմել են ՀՀ բնապահպանության նախարարություն և մտահոգություն են հայտնել ապօրինի շինարարության վերաբերյալ: Բայց նախարարությունը չանցկացրեց տեսչական ստուգումներ և չկանգնեցրեց ապօրինի շինարարությունը: Չնայած նախարարության պատասխանից պարզ էր, որ նախագիծը նորից չի անցել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին» ՀՀ օրենքով նախատեսված բնապահպանական փորձաքննության եզրակացության ստացման գործընթացը:
Արգիճի գետը հանդիսանում է էնդեմիկ ձկնատեսակների ձվադրման վայր, որոնց վերարտադրման համար պետությունը ամեն տարի բյուջեից ծախսում է զգալի գումարներ՝ փոխանցելով այդ գումարը ՀՀ բնապահպանության նախարարությանը: Բնապահպանական տարեկան ծրագրերի աջակցման, Սևանա լճի վերականգնման և վերարտադրման համար կառավարությունը ամեն տարի հատկացնում է բյուջեից մոտ 1 միլիոն դրամին համարժեք գումար:
Բայց «Արգիճի» ՓՀԷԿ-ի գործունեության մասին բերված փաստերը վկայում են, որ Սևանա լիճը, որի էկոհամակարգի մեջ է մտնում Արգիճի գետը, անուշադրության է մատնված, և «Հիդրոկորպորացիա» ՍՊԸ-ի վրա վերահսկողությունը բացակայում է:
Ուշադրություն ենք դարձնում այն բանի վրա, որ ըստ մեր տեղեկությունների, ներկայումս պատրաստվում է «Արգիճի» փոք ՀԷԿ-ի վերաբերյալ թույլտվության փաստաթղթերի փաթեթը` օրենքի խախտմամբ, արդեն շինարարությունից և պատճառած վնասից հետո:
«Արգիճի» փոքր ՀԷԿ-ի նախագիծը ներկայումս ներկայացված է KfW գերմանական զարգացման բանկի ֆինանսավորմանը: Եվ «Արգիճի» ՓՀԷԿ-ը մաքուր զարգացման մեխանիզմների շրջանակներում ունի ածխածնի կվոտաների վաճառքի ստորագրված համաձայնություն MCCF Ածխածնային վարկերի հիմնադրամի, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի միջոցով:
Սեպտեմբեր 27, 2013 at 14:59