

ԷկոԼուր
«Ատ Մետալս»-ի ղեկավարությունն արձագանքել է բնապահպան հասարակության մտահոգություններին` կապված Մեղրասարի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման հետ:
Ներկայացնում ենք «Սյունյաց երկիր» թերթի լրագրող Վահրամ Օրբելյանի հարցազրույցը «ԱՏ մետալս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Սերեդայի հետ:
– Ալեքսեյ Նիկոլաեւիչ, կարծիքներ են հնչում, որ Մեղրասարի հանքավայրի 60 տոկոսը գտնվում է «Արեւիկ» ազգային պարկի տարածքում:
– Այդպես չէ: «Արեւիկ» ազգային պարկի հետ բոլոր հարցերը կարգավորված են: Այդտեղ մի վիճելի հարց կար` մի քանի հեկտարի հետ կապված, հարթվել է: Այսօր «Արեւիկ» ազգային պարկի հարցն այլեւս չի շոշափվում:
– Նաեւ նշվում է, որ Մեղրասարի հանքավայրը գտնվում է Մեղրի գետի ջրահավաք ավազանում, ինչի հետեւանքով անդառնալի վնաս է հասցվելու Մեղրու ջրային ավազանին եւ Մեղրի գետին:
– Հանքի մոտակայքում ջրահավաք ավազան չկա, որպես այդպիսին: Հանքավայրը շահագործվելու է բաց եղանակով: Բաց հանքի մասին է խոսքը: Առայժմ այդտեղ ոչ մի պայթեցում նախատեսված չէ: Եթե հանքանյութը հանելով խորանանք ընդերքի մեջ, հանքանյութի երակային մասը սկսի աստիճանաբար կարծրանալ, կտեսնենք, գուցե պայթեցումների անհրաժեշտություն ծագի: Այդ դեպքում արդեն համաձայնության պիտի գանք բնապահպանների, մյուս շահագրգիռ կազմակերպությունների հետ: Ամեն դեպքում դրանք միջուկային պայթեցումներ չեն լինելու, այլ լոկալ բնույթի պայթեցումներ, ոչ մի սարսափելի բան չի կատարվելու:
– Բնապահպանները նաեւ ասում են, որ ձեր փաստաթղթերում, հանքավայրի շահագործման նախագծում նշված չէ պայթեցումից առաջացած փոշու մեջ տոքսիկ նյութերի եւ ծանր մետաղների պարունակության մասին, նրանց փոխանցմամբ` հենց դրանք են անդառնալի վնաս պատճառում շրջակա միջավայրին, ջրային ռեսուրսներին, հողերին, մարդկանց առողջությանը:
– Ծանր մետաղներ, որպես այդպիսիք, մեր արտադրության մեջ չեն լինելու: Պայթեցումներ եթե լինեն էլ, տոքսիկ նյութեր չեն լինելու: Մասնագիտությամբ նավթագործ եմ, գործ եմ ունեցել նավթահորերում իրականացվող վառոդային պայթեցումների հետ, ոչ մի սարսափելի բան չի եղել: Այնպես չէ, որ մենք ցանկանանք պայթեցում անել եւ անենք: Առայժմ պայթեցման մասին խոսք չկա, էքսկավատորը հանքանյութը շերեփով պիտի վերցնի եւ լցնի բեռնատարի թափքի մեջ:
– Բնապահպանների մի դիտողությունն էլ այն է, որ բնապահպանական փորձաքննության ներկայացված «ԱՏ-մետալս» ՍՊԸ-ի Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծում ոչինչ նշված չէ հանքավայրում ուրանի հնարավոր առկայության, ռադիացիոն ռիսկերի մասին:
– Ներկայումս մենք շատ ակտիվ համագործակցում ենք հայկական ատոմակայանի հետ, ավելին, մեր հանքավայրում առկա տարրերի բազայի վրա այս էտապում աշխատանքներ են տարվում ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ուղղությամբ: Մեր հանքանյութն իր մեջ մագնիտիդ է պարունակում եւ բավականին մեծ քանակությամբ` հանքային երակի մեջ` մինչեւ տասը տոկոս, որը որոշակի պայմաններում, ռադիոակտիվությունը վերացնելու հատկություն ունի: Մերոնք մի ամբողջ ծրագիր են մշակել, որ հավանության է արժանացել ՄԱԳԱՏԵ-ի, Հայաստանի կառավարության կողմից: Կատարվում է փորձաքննություն, որից հետո կկարողանանք իրականում մաքրել այն ռադիոակտիվ թափոնները, որ առաջացել են հայկական ատոմակայանի աշխատանքի հետեւանքով: Բացի դրանից, մեր հանքավայրում կա ուրան եւ թորիում, շատ չնչին` մեկ տոկոսի հարյուրհազարերորդական մասի չափով, եւ երկրորդ, որքան էլ պարադոքս լինի, դրանից բնության մեջ հազվադեպ է պատահում, դրանք ռադիոակտիվ չեն, այսինքն` մեր հանքավայրում գոյություն ունի ռադիոակտիվության բնական ֆոն, դա հաստատված է արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:
– Համահայկական բնապահպանական ճակատի համաձայն` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի 6-րդ եւ 8-րդ հոդվածների պահանջների համաձայն, մինչեւ մասնագիտական լսումներն իրականացնելն ազդակիր համայնքներում պետք է կազմակերպված եւ անցկացված լիներ երկու հասարակական լսում, բայց անցկացվել է այդ լսումներից ընդամենը մեկը, ինչն օրենքի խախտում է:
– Առաջին հանրային լսումը տեղի է ունեցել անցյալ տարվա օգոստոսին, դրանից հետո եղել են բնապահպանական լսումներ, ըստ իս` այդ «կանաչները» խոչընդոտում են Հայաստանի զարգացմանը: Կարծում եմ, որ արեւմտյան որոշ ուժերին ձեռնտու է, որ Հայաստանը լինի աղքատ, ոչինչ չկառուցվի, ոչինչ չարվի: Դա իմ անձնական կարծիքն է, որպես ռուսաստանցու: Եվ կարծում եմ` ահագին գումարներ են ներդրվում, որ այստեղ սահմանափակվի որեւէ զարգացում, որեւէ շինարարություն: Բնապահպանությանը բոլորն էլ կողմնակից են, ոչ ոք հակված չէ, որ բնությանը վնաս հասցվի, ամեն ինչ պիտի արվի թույլատրելիության սահմաններում: Բայց ոմանց ասես ձեռնտու է, որ մարդիկ ինչպես աղքատ եղել են այստեղ, այնպես էլ պիտի լինեն: Սա, նորից եմ կրկնում, իմ կարծիքն է որպես ռուսաստանցու: Ուստի պիտի գտնել որոշակի փոխզիջումներ: Չպիտի թույլ տալ շրջակա միջավայրի հնարավոր աղտոտում, բայց նաեւ պիտի մտածել զարգացնելու արդյունաբերությունը: Մենք կիրառում ենք այնպիսի տեխնոլոգիա, որը թույլ կտա չաղտոտել շրջակա միջավայրը:
– Ձեր ընդդիմախոսներն ասում են, որ Տաշտունի փորձարարական համալիրի շինարարական աշխատանքները սկսվեցին առանց բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության: Մասնավորապես, Համահայկական բնապահպանական ճակատի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «ԱՏ մետալս» ընկերությունը, չունենալով ՀՀ օրենքով պահանջվող համապատասխան թույլտվությունները, Սյունիքի մարզի Տաշտուն համայնքում սկսել է հանքաքարի վերամշակման գործարանի կառուցումը:
– Իրոք, այդպիսի պահ եղել է, երբ սկսել էինք հողային աշխատանքները: Դուք եղաք գործարանում, երեւի ուշադրություն դարձրիք, որ այն կառուցված է թեք լանջին: Որպեսզի այն կառուցվեր, պիտի հողային ահագին աշխատանքներ կատարեինք: Սկսեցինք հողային աշխատանքները, եւ ծայր առան բնապահպանների առաջին գրոհները: Այո՛, այդ շրջանում խնդիրներ ունեցանք, բայց շինարարական աշխատանքներ դեռեւս չէին կատարվում: Այդ հողային աշխատանքները կատարվում էին Տաշտունի համայնքի, նրա ղեկավարի համաձայնությամբ եւ գիտությամբ, մեր ամեն քայլը համաձայնեցնում էինք համայնքի հանրության հետ: Այո՛, այդպիսի պահ եղել է, մենք պաշտոնական թույլտվություն չունեինք շինարարություն սկսելու: Մենք սկսեցինք փոքր-ինչ վաղ շինարարություն իրականացնել, բայց եթե դա չանեինք, այսօրվա դրությամբ ոչինչ չէինք ունենալու: Այսօր արդեն բոլոր խնդիրները լուծված են, բոլոր հարցերը համաձայնեցված են: Գործարանը, ավելի ստույգ` արտադրությունն ավարտին չենք հասցրել, ինչպես տեսաք, առայժմ չենք աշխատում: Փորձարկումներ եղել են, բայց արտադրանք չենք տալիս:
– Որքանով տեղյակ ենք, հումքը հեռվից պիտի տեղափոխեք:
– Այդպես է: Հանքանյութը մեքենաներով պիտի տեղափոխենք, վերամշակենք, ինչի արդյունքում 80 տոկոսով ստացվելու է կվարցային թափոն, մանր, խտացված կվարց: Ի դեպ, այդ թափոնով հետաքրքրված են որոշ շինարարական կազմակերպություններ, քանզի այդ կվարցային հումքը կարելի է օգտագործել բետոնաշաղախի մեջ, ստացվում է ավելի թեթեւ բետոնաշաղախ, կարելի է դրանից սալիկներ ստանալ եւ այլն:
– Գործարանն այժմ գտնվում է փորձարարական փուլում, որպես արտադրության ղեկավար, ընթերցողների համար ավելի մատչելի լեզվով ասեք, ի՞նչ է իրենից ներկայացնում ձեռնարկության այսօրվա վիճակը, ոսկու արդյունահանման ի՞նչ տեխնոլոգիա եք պատրաստվում կիրառել ձեր արտադրության մեջ:
– Այն տեխնոլոգիան, որ պատրաստվում ենք օգտագործել մեր արտադրության մեջ, Հայաստանում երբեք չի կիրառվել, մինչ այժմ ոսկու արդյունահանման մեջ կիրառվել է այլ մեթոդ, մինչ այժմ ցիանային եղանակով էին ոսկի կորզում, դա հեշտ եղանակ է, բայց բնապահպանական խնդիրներ է առաջացնում: Մենք մետաղի կորզման բոլորովին այլ մեթոդ ենք կիրառում, մենք մետաղի ստացման կարբամիդային եղանակը պիտի կիրառենք, կարբամիդը նույն միզանյութն է, այդպիսով ստացվող թափոնը կարելի է կուտակել եւ օգտագործել տարբեր նպատակներով: Բայց մենք չենք պատրաստվում դրան դիմել, այլ պոչամբարում կուտակվածը նորից վերամշակել, որովհետեւ դրա մեջ դեռեւս ոսկու պարունակություն լինում է: Յուրաքանչյուր թափոն մեզ մոտ որպես երկրորդական հումք է, որը նորից վերամշակվելու է: Ապա պոչամբարն օգտագործելու ենք որպես երկրորդական հումք` շինարարության մեջ եւ այլն:
– Ալեքսեյ Նիկոլաեւիչ, ինչպես տեսնում ենք, Դուք առաջին դեմքն եք արտադրության մեջ, ճի՞շտ ենք նկատել:
– Այնքան էլ այդպես չէ, որովհետեւ ընկերությունն ունի գլխավոր տնօրեն:
– Խոսքն այստեղի արտադրության մասին է:
– Այստեղ, այո՛:
– Դա կնշանակի, որ մեծ փորձառություն պիտի ունենաք, աշխատանքային կենսագրություն, մեզ հետաքրքրում է, թե ո՞վ է Ալեքսանդր Նիկոլաեւիչ Սերեդան:
– Ծնվել եմ 1953 թվականին, մասնագիտությամբ նավթագործ-հորատող եմ, ավելի ստույգ` խոր հորերի հորատման մասնագետ: Ավարտել եմ Մոսկվայի նավթային ինստիտուտը, երկու տարի աշխատել Իրաքում: Խորհրդային տարիներին երկար տարիներ աշխատել եմ նավթագազաարդյունաբերության նախարարությունում: Երբ Խորհրդային Միությունը փլուզվում էր, նախարարի օգնականն էի, դրանից հետո կոմերցիոն գործունեությամբ եմ զբաղվել: Այս ընկերությունում աշխատում եմ որպես մենեջեր: Իմ համագործակցությունը Հայաստանի հետ պայմանավորված էր նրանով, որ ուսումնասիրել էի երկրաբանական այն արխիվները, որոնք կային Ռուսաստանում:
– Ինչպես երեւում է, որոշ խոչընդոտներ են առաջացել ձեր արտադրության մեջ:
– Մի փոքր ցավալի է, որ սկզբնական այն տեխնոլոգիաները, որոնցով նախատեսված էին արտադրությունը սկսել, պարզապես չաշխատեցին: Պիտի ասեմ, որ հանքանյութն էլ իր առանձնահատկությունն ունի. հանքերակի սկզբում հանքանյութը մի որակ ունի, միջին հատվածում` ուրիշ, իսկ վերջնամասում` մի այլ: Եվ այդ հանքանյութերից մետաղ կորզելու համար կատարում ենք մի շարք փորձարկումներ: Քանի որ սարքավորումները չինական են, մենք մեր հանքանյութից որոշ քանակություն ուղարկել ենք Չինաստան, այդտեղի մասնագետները նոր տեխնոլոգիա են մշակում` էկոլոգիապես ավելի անվնաս, որի ժամանակ օգտագործվում է սովորական կաուստիկական սոդա: Այս պահին մեր մասնագետները գտնվում են Չինաստանում, որ նոր մշակված տեխնոլոգիան կարողանանք արագ ներդնել արտադրության մեջ: Այդ պատճառով էլ կոչվում է փորձարարական գործարան, պիտի փորձարկենք այս կամ այն տեխնոլոգիան, որն արդյունավետ կլինի` մեր արտադրության համար կընտրենք: Առայժմ գտնվում են փորձարկումների շրջանում: Այսօրվա դրությամբ մեր ընկերությունը Հայաստանում ներդրել է 13 միլիոն դոլար, տարածքներ ենք ձեռք բերել Մեղրու տարածաշրջանի տարբեր վայրերում` Մեղրասար, Քարասար, Թաղամիր, Շվանիձոր: Որոնողական-հետախուզական աշխատանքների համար թույլտվություն ենք ձեռք բերել, Մեղրասարում են լրացուցիչ հորատման աշխատանքներ իրականացվում, Թաղամիրում կիրականացվեն երկրաբանահետախուզական աշխատանքներ` պաշարների քանակությունը ճշտելու համար: Փաստորեն Մեղրասարինը փորձարարական գործարան է, որտեղից պիտի վերցնենք այն արդյունավետ տեխնոլոգիան այստեղի հանքանյութը վերամշակելու համար:
– Գովելի է, որ Հայաստանի հեռավոր տարածաշրջանում ձեր ձեռնարկությունը սոցիալական կարեւոր հարց` զբաղվածության խնդիր է լուծում: Եթե գաղտնիք չէ, առաջիկայում որքա՞ն աշխատատեղ է նախատեսում ստեղծել «ԱՏ մետալս» ընկերությունը:
– Այս պահին, ինչպես տեսաք, արտադրությունը կոնսերվացված է, Տաշտունի փորձարարական գործարանում մոտ 80 հոգի կաշխատի, եւս 20-30 աշխատող` Մեղրասարի հանքավայրում, տեխնիկան ավելանալուն զուգընթաց աշխատատեղերի թիվը կավելանա: Ավելի հզոր գործարան կառուցելու դեպքում աշխատողների թիվը եւս 100-ով կավելանա:
– Իսկ ինչպիսին են փոխհարաբերությունները տեղական իշխանությունների հետ, կա՞ն համագործակցության եզրեր:
– Տեղական իշխանությունները լիովին սատարում են մեզ: Գործնականում Տաշտունի աշխատունակ բնակչությանը, նաեւ այն տաշտունցիներին, ովքեր ապրում են Մեղրիում, Ագարակում, Լեհվազում, առաջնահերթ աշխատանքի ենք ընդունում: Տաշտունի համայնքի ղեկավարության հետ հրաշալի հարաբերություններ ունենք, նույնը` Լիճքի համայնքի: Լիճքից էլ մեզ մոտ մարդիկ են աշխատում, նաեւ այլ համայնքներից: Բոլոր այն համայնքների ղեկավարների հետ, որոնց ծանոթ եմ, բարիդրացիական հարաբերություններ են ստեղծված, հանդիպում ենք, հարցեր քննարկում, հիմնախնդիրներին համատեղ լուծում տալիս:
– Երբ բնապահպանները ձեզ անընդհատ քննադատում են, հաճա՞խ եք նեղսրտում:
– Ոչ, դրանք աշխատանքային պահեր են, առողջ քննադատությունն օգնում է:
– Չե՞ք կարծում, որ լրատվամիջոցների հետ ակտիվ շփվելու դեպքում ձեր հանդեպ քննադատությունն ավելի մեղմ կլինի, ձեր ընկերության գործունեությունն ավելի ընկալելի կլինի հանրությանը:
– Յուրաքանչյուր քննադատություն ըմբռնումով պիտի ընդունել: Բայց, ըստ իս, կան մարդիկ, ովքեր միայն դրանով են զբաղվում: Անցյալ տարվա օգոստոսին, երբ «կանաչները» գրոհեցին մեզ վրա, զգացի, որ մարդկանց պիտի բացատրել իրողությունը, որ մեր դռները պիտի բաց լինեն լրատվամիջոցների առջեւ: Ուստի միանշանակ ընդունում եմ ձեր թերթի որդեգրած քաղաքականությունը` լուսաբանելու մեր ընկերության գործունեությունը:
Նոյեմբեր 13, 2014 at 16:55
