

ԷկոԼուր
Սյունիքի մարզի 3925.33 հա անտառային նշանակության հողեր ամրացվել են «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ին: Այս մասին նամակով հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը` պատասխանելով «Աշխատավորների իրավունքների պաշտպանության միավորում» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Արթուր Ղազարյանի նամակին:
Հիշեցնենք, որ Արթուր Ղազարյանը դիմել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարություն հարցնելով, թե ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին տրամադրվել են անտառային և գյուղատնտեսական նշանակության բերրի հողեր, թե` ոչ, ՀՀ Սյունիքի մարզում «Աջակցություն վերականգնվող էներգիային» ծրագրի շրջանակներում կառուցված և կառուցվելիք փոքր ՀԷԿ-երի համար տրամադրվել են անտառային և գյուղատնտեսական նշանակության բերրի հողեր, թե` ոչ եւ թե ինչպես է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վերահսկում «Աջակցություն վերականգնվող էներգիային» ծրագրի շրջանակներում կառուցված կամ կառուցվելիք փոքր ՀԷԿ-երի գործունեությունից առաջացած գյուղատնտեսությանը հասցված վնասները:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանի պատասխան նամակում ասված է. «Ձեր կողմից առաջադրված հարցադրումների վերաբերյալ հայտնում եմ հետևյալը.
- ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N1465Ն որոշման 3-րդ կետի համաձայն՝ պետական սեփականություն հանդիսացնող 3925.33 հա անտառային նշանակության հողերն ամրացվել են ՀՀ բնապահպանության նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ին,
- «Աջակցություն վերականգնվող էներգետիկային» ծրագրի շրջանակներում փոքր ՀԷԿ-երի կառուցման համար հատկացված հողամասերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը ՀՀ գյուղատնտեսության նախարարության իրավասության շրջանակներից դուրս է, քանի որ համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը և դրանց հատկացումն իրականացնում է համայնքի ղեկավարը՝ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնությամբ,
- «Աջակցություն վերականգնվող էներգետիկային» ծրագրի շրջանակներում կառուցված և կառուցվելիք փոքր ՀԷԿ-երի գործունեությունից գյուղատնտեսությանը հասցված վնասների հաշվարկման և վերահսկման գործընթացը սերտորեն պայմանավորված է շրջակա միջավայրի պահպանության խնդիրներով և մեծամասամբ կարգավորվում է «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի դրույթներով»:
Մարտ 11, 2015 at 15:42
