ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանից գոհ չեն

ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանից գոհ չեն

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Խաժակ Աղաբեկյանը պատասխանել է ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի 195 բնակիչների նամակին՝ կապված «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի նոր պոչամբարի կառուցման հետ: Հիշեցնենք, որ բնակիչները նամակով դիմել էին ՀՀ վարչապետ  Հովիկ  Աբրահամյանին,  ՀՀ Ազգային  ժողովի  ՀՅԴ,  ՀՀԿ,  ԲՀԿ, ՕԵԿ,  ՀԱԿ,  Ժառանգություն  խմբակցություններին  եվ  բոլոր  պատգամավորներին, Ազգային  ժողովի  գյուղատնտեսական եւ բնապահպանական  հարցերով  մշտական  հանձնաժողովին,   ՀՀ  հանրային  խորհրդին,  ԵԱՀԿ  երեւանյան  գրասենյակի  դեսպան   Անդրեյ  Սորոկինին,           ՀՀ  բնապահպանության  նախարար  Արամայիս  Գրիգորյանին,   ՀՀ Լոռու  մարզի  Մեծ Այրում  համայնքի   ավագանու  անդամներին` պահանջելով դադարեցնել իրենց արոտավայրերում նոր պոչամբարի կառուցման գործընթացը: Մեծ Այրում համայնքի ավագանու անդամ, «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանին ուղղված նախարարության նամակում ասված է. «Ի պատասխան Ձեր 27.03.2015թ. գրության ՀՀ բնապահպանության նախարարության լիազորությունների շրջանակներում հայտնում եմ.

1. «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի կողմից նախատեսվող պոչամբարի նախագծի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարությունն իր դիրքորոշումը կներկայացնի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով փորձաքննություն իրականացնելուց հետո:

2. Բնապահպանական խնդիրների լուծման նպատակով փոխհատուցման հարցի վերաբերյալ հայտնում եմ, որ այն կարգավորված է 15.05.2001թ.-ի «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 25.01.2005թ.-ի N92-Ն «Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին», 14.08.2003թ.-ի N1110-Ն «Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» և 25.01.2005թ.-ի N91-Ն «Մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» որոշումներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակվել և շահագրգիռ մարմիններին է ներկայացվել «Շրջակա միջավայրի վրա հնարավոր տնտեսական վնասի գնահատման և հատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ որի ընդունմամբ կկանոնակարգվի նախատեսվող գործունեության նախնական` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում իրականացնելու փուլում, տնտեսական վնասի հաշվարկման և հատուցման գործընթացը»:

Օլեգ Դուլգարյանի կարծիքով` ՀՀ բնապահպանության նախարարությունը պետք է իր պատասխանը ուղղեր ոչ թե միայն իրեն, այլ բոլոր 195 բնակիչներին: «Ես որպես լիազոր ներկայացուցիչ հանդես չեմ եկել, պետք է պատասխանեին բոլորին: Բացի այդ, բաց նամակը հասցեագրված էր բնապահպանության նախարարին, բայց նամակին պատասխանել է աշխատակազմի ղեկավարը, այնինչ համայնքի բնակիչները իրենց սպասելիքները կապել էին հենց նախարարի հետ», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Օլեգ Դուլգարյանը:

Նրա խոսքերով՝ նախարարության պատասխանը շրջանցել է բնակիչների նամակում ներկայացված բնապահպանական մտահոգությունները՝ կապված առկա պոչամբարների հետ: Ողջ պատասխանը ընդամենը օրենքների մեջբերում է:

Ապրիլ 13, 2015 at 14:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր