

ԷկոԼուր
Ու՞ր են գնում պետբյուջե մուտքագրված բնապահպանական վճարները: Այս հարցը հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պատգամավորներին տվեց քննարկման մասնակիցներից մեկը: Ի պատասխան Հանձնաժողովի անդամ պատգամավոր Լյովա Խաչատրյանն ասաց. «Բնապահպանական վճարները, որ պետք վերավարձվի համայնքին պատճառված վնասի դիմաց, դրա 5%-ն է վերադարձվում համայնքներին, այն էլ այն համայնքներին, որոնք ծրագիր կգրեն, կներկայացնեն: …Բնապահպանական վճարները իրացնելու համար դուք պետք է օգնեք համայնքներին ամեն տարի գրել ծրագրեր: Իրենք չեն կարող գրել ծրագրեր, ոչ գյուղապետը կարող է, ոչ ավագանին: Մոտ 17 միլիարդ է անցած տարի հավաքվել, օգնեք ազդակիր համայնքներին հասնելու»:
Թեման շարունակելով` Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիջանյանն ասաց. «Ստեփանավանում շուրջ 10 տարի գործում է Արմանիսի ոսկու հանքը, որը շահագործում է «Սագամար» ընկերությունը, բայց Ստեփանավանը ոչ մի լումա բնավճար չի ստացել: Անցյալ տարի այդ հարցով դիմեցի բնապահպանության նախարարին, նախարարը պատասխանեց, որ դուք դիմեք քաղաքապետին, քաղաքապետը` մարզպետին, մարզպետը նորից նախարարությանը: Այդ գործընթացը գնացել է, սակայն Ստեփանավանը նորից չի ներառված բնավճարներ ստացող համայնքների ցանկում»:
Ի պատասխան Հանձնաժողովի անդամ Արմեն Ավետիսյանն ասաց, որ ինքը մոտ 2 տարի զբաղվում է այդ հարցով, եւ պարզել է, որ «Սագամար» ընկերությունը բնապահպանական վճարներ չի կատարում: Բանն այն է, որ ընկերությունը պարտավոր չէ բնապահպանական վճարներ կատարել համայնքին, քանի որ ներառված չէ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում նշված բնապահպանական վճարներ կատարող ընկերությունների ցանկում:
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Արթուր Ավթանդիլյանը հարց ուղղեց պատգամավոր Արմեն Ավետիսյանին. «Այս 2 տարվա ընթացքում ինչ-որ բան ձեռնարկե՞լ եք այս կապակցությամբ»: Հետեւեց պատգամավորի պատասխանը. «Փորձել ենք ճշտել, թե ինչու ընդգրկված չէ օրենքում»:
Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն` համայնքներին բնապահպանական վճարներ են կատարում «Արմենիան Քափըր Փրոգրամ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի», «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ», «Արարատցեմենտ», «Միկա-ցեմենտ», «Հրազդանի ՋԷԿ», «Երեւանի ՋԷԿ», «Գաջեգործ», «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Նաիրիտ» գործարան» «Գաջ» ՓԲԸ-ները, «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ն, «Մաքուր երկաթ», «Ասկե-Գրուպ» եւ Չարենցավանի «Ձուլակենտրոն» ԲԲԸ-ները:
Օրենքում ընդգրկված չեն այնպիս հանքարդյունաբերական ընկերություններ, ինչպիսիք են` «Սագամար»-ը, «Թեղուտ»-ը, «Լեռ Էքս»-ը, «Մեգո Գոլդ»-ը, «Մեղրաձոր Գոլդ»-ը, եւ այլն: Այս ընկերությունների բնապահպանական վճարները ուղղվում են պետական բյուջե:
Հունիս 12, 2015 at 13:36
