

Ալինա Պողոսյան, «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ
Սոցիալական խնդիրների տակ կքած հասարակությունը մոռացել է բնության մասին: Մարդիկ թեպետ եւ տեղյակ են, թե ինչ միջավայրում են ապրում, սակայն հետաքրքրված չեն կանխել իրենց իսկ քթի տակ կատարվող անօրինականությունը: Երբեմն գյուղի միջով անցնող գետը դառնում է կոյուղի կամ էլ ամբողջ գյուղն աղբը լցնում է գետը: Ո՞րն է պատճառը, ինչո՞ւ են մարդիկ կտրում այն ճյուղը, որի վրա նստած են: Թվում է, թե տեղեկության մեր դարում բոլորին է հասկանալի, որ չի կարելի աղտոտել ջուրը, որը կյանքի գոյության առաջնահերթ պայմանն է: Բազմաթիվ խնդիրների պատասխանը տվել է «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ-ի «Բնապահպանական խնդիրների իրազեկումը որպես առկա խնդիրների կարգավորման գրավական» ծրագիրը, որն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում: Հետազոտությունից ակնհայտ է դառնում մեր հասարակության վերաբերմունքը բնապահպանական խնդիրների վերաբերյալ, նաեւ որքանով են իրազեկ դրանց մասին: Այդպիսով՝ ծրագիրը ներառում է «Հանրության իրազեկվածության մակարդակը բնապահպանական խնդիրների վերաբերյալ» սոցիոլոգիական հետազոտության իրականացում, որի նպատակն է՝ բացահայտել ՀՀ-ում առկա բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակության ընկալումը:
Բնապահպանական շարժումները թվում է, թե կարողանում են հասարակական տրամադրություն ստեղծել, մինչդեռ հարցումներից պարզ է դարձել, որ քանի դեռ խնդիրը սոցիալական չէ, հասարակությունը չի ցանկանում բողոքի ձայն բարձրացնել: Սոցիոլագիական հետազոտության մասնակից փորձագետը նշում է, որ Հայաստանում միշտ էլ կա ռեսուրսների խնդիր: «Կրճատում են ջրային եւ անտառային ռեսուրսները, որից մարդիկ արդեն չեն կարողանում օգտվել կամ, եթե օգտվում են, այնտեղ լրիվ ուրիշ պատմություն է սկսվում: Չկա անտառների ճիշտ կառավարում: Իսկ ջրի հարցը ամենացավոտն է, քանի որ, եթե դու ջուր չունես, ուրեմն արդեն կյանք էլ չունես: Դա նաև էկոլոգիական խնդիր է, ուղղակի մարդը կարող է դա չհասկանալ: Թեպետ մարդիկ պայքարում են իրենց իրավունքների համար, սակայն դա չեն համարում էկոլոգիական պայքար: Օրինակ, մի գյուղ ունեցել է սեփական ջուրը ինչ-որ աղբյուրներից, հիմա գյուղապետը ջուրը գցել է խողովակի մեջ ու դարձել այդ գյուղի «վիշապը»: Հիմա ջրերի նախագահը տվյալ շրջանի ամենահարուստ մարդն է, «ավտարիտետ»» , -ասում է փորձագետը: «Մարդիկ դուրս են գալիս փողոց, բողոքում ու պայքարում ռեսուրսի համար: Ռեսուրսի կառավարումը շատ բարդ խնդիր է և՛ քաղաքական, և՛ տնտեսական և՛ էկոլոգիական առումով»,- հավելել է փորձագետը:
«Հեռանկարային զարգացման կենտրոնը» կատարել է որակական եւ քանակական հետազոտություն, որին մասնակցել է 1600 քաղաքացի, որից 560՝ մայրաքաղաքում եւ 1040՝ մարզերում: Որակական հետազոտության ընթացքում կատարվել է նաեւ փորձագիտական հարցում: Ըստ ուսումնասիրության տվյալների պարզվել է, որ հասարակության հետաքրքրվածությունը բնապահպանական խնդիրների վերաբերյալ բավականին ցածր է: Մենք բնության մասին սկսում ենք մտածել, երբ այն ուղղակի առնչվում է մեզ: Քանի դեռ այդ ուղտը մեր դռանը չի չոքել, դա մեր խնդիրը չէ, գրեթե այդպիսինն է եղել պատկերը: Շատ դեպքերում կողք կողքի ապրող երկու գյուղերը տեղյակ չեն միմյանց խնդրի մասին կամ էլ տեղյակ լինելու դեպքում չեն աջակցում միմյանց: «Սյունիքի մարզի Լիճք գյուղում շատ քիչ բնակիչ է ապրում, դպրոցում 5 երեխա է սովորում: Նրանք բողոքում էին, որ իրենց ջուրը մի քանի տարի է անցնում է ազբեստի խողովակով, իսկ ազբեստը արգելված նյութ է: Գյուղապետը տեղյակ էր անգամ Բազելյան կոնվենցիայի մասին, եւ ասում է՝ պատկերացնում եք մենք խմում ենք մի ջուր, որն արգելված է Բազելյան կոնվենցիայով: Հարեւան գյուղերն ապրում են իրենց խնդրով, բայց տեղեկությունը բավականին տարածված է: Մարդիկ ունեն շատ ցածր սոցիալական մակարդակ, նրանք ուժ չունեն պայքարելու, զբաղված են օրվա հացը վաստակելով: Մարդկանց մակարդակը բավականին իջել է: Հավեսը փախել է, երիտասարդությունը դուրս է եկել, ովքեր էլ, որ մնացել են, չեն էլ ուզում լսել դրա մասին: Նրանք հոգնել են, եթե անգամ բարձրաձայնում են խնդիրների մասին, միեւնույնն է՝ լուծում չկա: Նրանք տեսնում են, երբ մի ծրագիր է իրականացվում գյուղում, այդ ծրագրից պետք է օգտվի գյուղապետը, բարիքները ժողովրդին չեն հասնում, դրա համար էլ հավատը կորչում է»,-չակերտներն են բացում հարցման մասնակից փորձագետները:
Հարցման մասնակիցները առավել քիչ տեղեկացված են Հայաստանի տարածքների անապատացման խնդրի մասին՝ 70.0%, Արարատյան դաշտի արտեզյան ջրային ռեսուրսների գերշահագործման խնդրի մասին`69.4%, փոքր ՀԷԿ-երի շահագործման խնդրի մասին`67.8% եւ արգելոցներում կենդանական և բուսական տեսակների պահպանման խնդրի մասին` 65.8%: Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այս խնդիրների վերաբերյալ անտեղյակ է, կոպիտ հաշվարկով՝ մարդկանց 70 %: Հասարակությունն առավել տեղյակ է եղել շրջակա միջավայրի, համայնքների (քաղաքներ, գյուղեր) աղտոտվածության խնդրի վերաբերյալ ՝ 75,8%: Ոռոգման ջրի բաշխման և սակավության խնդրի վերաբերյալ տեղեկացված է հարցման մասնակիցների 64,8%-ը: Ձկան պաշարների քչության խնդրի և օդի աղտոտվածության խնդրի մասին հասարակության տեղեկացվածության մակարդակը նույնն է` 64,1%: Հետաքրքիր ցուցանիշ է ստացվել անտառների տարածքների կրճատման խնդրի մասին: Պարզվում է վերջին 20 տարում ամենաակտիվ քննարկված ու լուսաբանված անտառների հատման մասին տեղյակ է բնակչության միայն մի մասը՝ հարցվողների 55.9%-ը եւ տեղեկության առաջնային աղբյուրը նշել է հեռուստատեսությունը՝ 44.9%: Բնական է, որ հասարակությանը պետք է իրազեկեն ԶԼՄ-ները, կրթական համակարգը , պետական և հասարակական կառույցները, բնապահպանական շարժումները: Սակայն կախված հարցի հնչողությունից՝ ԶԼՄ-ները ոչ բոլոր խնդիրերն են խորքային լուսաբանում կամ ընդհանրապես չեն լուսաբանում, եթե կա շահերի բախում: Հարցման փորձագետը ներկայացրել է Թեղուտի հանքավայրի հետ կապված մի միջադեպ: «Հանքարդյունաբերությունը սկանդալային ոլորտ է, քանի որ մեծ ռիսկ է պարունակում: Գիտենք, թե ինչպես են աշխատում սեփականատերերը: Մարդկանց փող են բաժանում կամ ընդհանրապես փող չեն տալիս: Օրինակ Թեղուտի դեպքում, մարդկանց հողի 1 քառակուսի մետրը գնահատել են 35 դրամ: Ամուլսարի դեպքը, որտեղ պետք է ֆաբրիկա կառուցվի, մարդիկ ունեցել են այգիներ, բայց թելադրողն է եղել Համաշխարհային բանկը և Եվրոպական բանկը, դա շատ սկանդալային նախագիծ է, մարդիկ արդեն դիմել են դատարան» ,- ասել է զրուցակիցը: Իսկ, թե ինչու ԶԼՄ-ներն ակտիվ չեն լուսաբանել ու իրազեկել հանրությանն իրենց իրավունքների մասին, դա արդեն առանձին հետազոտության նյութ է: Մինչդեռ հասարակությանն իրազեկելու բուն պարտականությունը պետական կառավարման մարմնինն է: Այստեղ էլ փորձագետները պետական կառավարման օղակների աշխատանքը գնահատել են բացասական` նշելով, որ Բնապահպանության նախարարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները հասարակության չեն իրազեկում խնդիրների և նախատեսվող կամ ընթացիկ բնապահպանական ծրագրերի վերաբերյալ, նաև այն ծրագրերի, որոնք իրենց բնույթով բնապահպանական չեն, սակայն այս կամ այն չափով կարող են վնաս հասցնել բնությանը, շրջակա միջավայրին:
Բնապահպանական խնդիրների իրազեկումը որպես առկա խնդիրների կարգավորման գրավական 2
Հեռանկարային զարգացման կենտրոն ՀԿ-ի կատարած մի ուսումնասիրություն էլ հնարավորություն է ընձեռում հասկանալ, թե բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակությունը ինչպես է տեղեկություն ստանում եւ բնապահպանական ո՞ր խնդիր է համարվում առաջնային: «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ-ի «Բնապահպանական խնդիրների իրազեկումը որպես առկա խնդիրների կարգավորման գրավական» ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում: Ըստ ՀԿ-ի կատարած սոցիոլոգիական հարցման մասնակից փորձագետների, հանրության իրազեկվածության մակարդակը բնապահպանական խնդիրների վերաբերյալ բավարար չէ, սակայն վերջին տարիներին նկատվում է իրազեկվածության մակարդակի բարձրացում: Նկատվում է նաեւ դրական փոփոխության միտում: Մարդիկ տեղեկություն ստանում են տարբեր կերպ, սակայն դժվար է զանազանել օբյեկտիվը՝ սուբյեկտիվ տեսակետից: Օբյեկտիվ լուր տալու առումով այստեղ նույնպես չի բացառվում նեղ շահերի գործոնը: Բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկում են նաեւ հասարակական կազմակերպությունները: Փորձագետները միանշանակ չեն գնահատել ՀԿ-ների աշխատանքը՝ նշելով, որ նրանց աշխատանքի արդյունավետությունը կախված է կոնկրետ դեպքից և ՀԿ-ից: Այդպիսի գնահատականներ են հնչել նաև բնապահպան ակտիվիստների գործունեության վերաբերյալ: Նշվում է , որ «….ակտիվիստների գործողությունները միանշանակ չենք կարող գնահատել: Դեպքեր կան, որ շատ են նպաստում ընդհանուր վիճակի բարելավմանը, օրինակ Թեղուտի պաշտպանությունը: Դեպքեր էլ կան, երբ շոուներ են սարքում, գոռգոռոցներ, աղմուկ, աղաղակ, ամեն մի վիճակ անհատական պետք է գնահատել»,-նշել են փորձագետները: Հասարակական կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ այդ է պատճառը, որ շատ հաճախ ձեռնարկատերերը, ծրագրերի ղեկավարները խուսափում են աշխատել հասարակական հատվածի հետ, մտածելով, որ աղմկահարույց վիճակ է ստեղծվելու և նպատակը ոչ թե խնդրի կարգավորումն է լինելու, այլ խնդրի վերաբերյալ աղմուկ բարձրացնելը: Մարդիկ կարծում են, որ ԶԼՄ-ները բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկման կարևոր օղակներից են: Մասնավորապես կարևոր է համարվում հեռուսատեսության դերը, որը տեղեկության տարածման առաջնային աղբյուր է: Հետազոտության քանակական տվյալների համաձայն՝ տեղեկության երկրորդ հիմնական աղբյուրը սոցիալական կապիտալն է, իսկ երրորդ հիմնական աղբյուրը սեփական փորձն է: Մինչդեռ ըստ փորձագետների՝ երկրորդ հիմնական աղբյուրը լրատվական կայքերն են: Որպես հարցի լուծում առաջարկում են հեռուստատեսությամբ հեռարձակել բնապահպանական խնդիրների վերաբերյալ հաղորդաշար, որը կանդրադառնա ոչ միայն բնապահպանական խնդիրներին, այլև կառաջադրի դրանց կարագավորումը՝ փոխանցելով համապատասխան գիտելիք: Բնապահպանական խնդիրները սերտորեն կապված են սոցիալական վիճակի հետ: Հարցման մասնակից փորձագետը նշել է, որ թեպետ կենցաղային խնդիրների տակ կքած է հասարակությունը, բայց եւ ՀՀ-ում ամենից ուժեղ շարժումները բնապահպանական շարժումներն են: Բնապահպանական շարժումներում ներգրավված են լինում մեծ թվով մարդիկ և շարժումները կրում են շարունակական բնույթ: Թեպետ մի խումբ երիտասարդներ օր ու գիշեր պայքարում են պետական կառավարման մարմնի կայացրած երբեմն ապօրինի որոշման դեմ, սակայն հասարակությունը կարծես թե չի տարբերակում առաջնայինը՝ երկրորդականից: «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ-ի հարցմանը մասնակից քաղաքացիների 5.1տոկոսն է խմելու ջրի աղտոտվածությունը կամ սակավությունը համարել բնապահպանական առաջնային խնդիր: Ի դեպ հարցման մասնակից բնակչության մոտ 55 տոկոսն է համարում, որ կա ջրի աղտոտման խնդիր, թեպետ հիմնականում բողոքել են ջրի սակավության ու աղտոտվածության դեմ:
Աղյուսակում ակներեւ է, թե հարցվածները, ո՞ր խնդիրն են համարում բնապահպանական առաջնային խնդիր

Հարցին, թե յուրաքանչյուր ոք ինչ պետք է անի, ինչ քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի լուծվեն նշված բնապահպանական խնդիրները, մասնակիցները հիմնականում նշել են՝ շրջակա միջավայրը չաղտոտել՝ 33.9%, ծառատունկ կազմակերպել` 9.8% և ծառերը չհատել`7.2%: «Եթե ձեր համայնքում առաջանա որևէ բնապահպանական խնդիր, ի՞նչ քայլեր կձեռնարկեք» հարցին ի պատասխան առավել հաճախ նշվել է, որ ոչինչ չեն անի՝ ասելով, որ իրենցից կախված չէ, արդեն հոգնել են, անտարբեր են մարդիկ, այս երկրում ոչինչ չեն կարող անել , իրենք առողջություն չունեն: Իսկ ակտիվ գործողություններ ձեռնարկելուն միտված պատասխանների տոկոսային կշիռը կազմել է 21.8%: Համապատասխան մարմիններին կդիմեն 19.4%-ը:
Անշուշտ, կարեւոր է իրազեկ քաղաքացի լինելը, հասկանալ, որ յուրաքանչյուրս բնության մի մասնիկն ենք: Սակայն բնապահպանական խնդիրների կարգավորման համար առանցքային կարելի է համարել օրենսդրական դաշտի կարգավորումը: Ոլորտի փորձագետները առանձնացրել են երկու հիմնական խնդիր. օրենքները չեն գործում, օրենքները չեն բավարարում ներկա պահանջներին: Միայն օրենսդրական դաշտի կարգավորման դեպքում հնարավոր կլինի լուծել առկա բնապահպանական խնդիրները: Բնապահպանական դաշտը կարգավորող օրենքները հին են և չեն համապատասխանում մեր առօրյա կյանքին: Օրենքներն ունեն բազմաթիվ խնդիրներ ու բացեր: Առկա է ոչ միայն օրենքի պահպանման խնդիր, այլև օրինական դաշտի բացերի խնդիր: Դրանց բնապահպանական խնդիրների կարգավորման երկրորդ տարբերակը հասարակության իրազեկվածության բարձրացումն է: Մարդիկ իրազեկված չեն, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն խնդիրների կարգավորման համար: Հիմնականում նշում են երեք տարբերակ՝ ծառերը չհատել, մաքուր պահել տարածքը, դիմել համապատասխան մարմիններին:
Նոյեմբեր 10, 2015 at 13:08
