

ԷկոԼուր
Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղի բնակիչների` Գեղանուշի պոչամբարի պատճառած վնասների փոխհատուցման պահանջի վերաբերյալ «Դանդի Փրիշլս Մեթալս Կապան» ընկերությունը հունվարի 22-ին կազմակերպել է քննարկում բնակիչների հետ: Պահանջ նամակի տակ ստորագրել է 184 բնակիչ: Ստորագրահավաքին օժանդակել է «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:
Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ ստորագրահավաքն է. առաջինը կայացել է 2006 թվականին, երբ Գեղանուշի 134 բնակիչ ստորագել են պոչամբարի վերշահագործման ծրագրի դեմ ուղղված նամակի տակ, սակայն նրանց կարծիքը հաշվի չի առնվել: Ծրագիրը մշակված է եղել «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության կողմից` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ, և Գեղանուշի պոչամբարը շահագործման է հանձնվել 2008 թվականին:
«Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտը» տարածել է տեսանյութ քննարկումների վերաբերյալ: Ինչպես երևում է տեսանյութից, հանդիպման ընթացքում գյուղացիները պահանջել են համապատասխան փոխհատուցում առողջությանը և գույքին հասցված վնասի համար: «Դանդի Փրիշլս Մեթալս Կապան» ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը հայտարարեց.
«Ինձ ներկայացրեք հակիրճ նամակ, որում պետք է գրեք, որ ունեք պարտեզ այսինչ տեղում, այն այսինչ չափի է, պետք է նամակին կցեք պարտեզի սեփականաշնորհման փաստաթղթերը, պետք է կցեք նաև նկարներ, թե որ տարիներին եք մշակել, որ տարում ինչքան բերք է տվել և երբվանից եք այլևս դադարել մշակել, պետք է նաև կարողանաք քարտեզի վրա ցույց տալ, թե որտեղ է գտնվում ձեր պարտեզը»:
Գյուղացիներն էլ հակադարձեցին. «...Դուք ինձ ապացուցեք, որ պոչամբարը վնաս չի տալիս...Որ դուք ասում եք, ապացույցներ բերեք, ես ինչ ջանքեր պիտի թափեմ, որ էդ ապացույցը բերեմ... Ո՞ր մի բուժհաստատությունն է համարձակվելու՝ ասի՝ պոչամբարի հոտնա պատճառը, որ գլուխը ցավումա... Թող իրենք ապացուցեն, որ էն անձրևը, որ թափվումա ժանգոտ, վնաս չի բնությանը, վնաս չի անասուներին, մարդկանց վնաս չի, ծառերին, ծաղիկներին վնաս չի...»:
Թեժ քննարկումների արդյունքում երկու կողմն էլ, այնուամենայնիվ, չեն հասել ցանկալի արդյունքի:
Մանրամասները` տեսանյութում:
Հունվար 29, 2016 at 18:24
