Կրկին ծառերի խորը էտը որպես վնասատուների դեմ պայքարի միջոց

Կրկին ծառերի խորը էտը որպես վնասատուների դեմ պայքարի միջոց

ԷկոԼուր

Մենք չենք կարող ընդունել այն բացատրությունները, որ ծառերի խորը էտը չի ազդում ծառերի աճին ու զարգացմանը, եւ միաժամանակ վնասատուների դեմ պայքարի միջոց է: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի հետ հասարակայնության ներկայացուցիչների մարտի 21-ի հանդիպման ընթացքում Ավետ Մարտիրոսյանը վստահեցրեց, որ խորը էտի հարցը քննարկվել է ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանի հետ, եւ արդյունքում քաղաքապետարանը որոշում է ընդունել մի քանի ճյուղ թողնել էտված ծառի բնի վրա, որպեսզի չխախտվի ծառի կենսական գործառույթները: «Մենք շատ բողոքներ ենք ստանում, որ միջատները մտնում են բնակելի տներ, խանգարում են բնակիչներին»,- ասաց Ավետ Մարտիրոսյանը:

ԷկոԼուրի դիրքորոշումը հետեւյալն է (այն ներկայացրեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը). «Երեւանի կանաչապատումն ունի հիմնական նպատակ՝մեղմել խիստ միկրոկլիման եւ թթվածին տալ քաղաքին:  Տերեւներ չունեցող ծառերը չեն կարող այդ գործառույթը կատարել: Ճյուղազերծ ծառերի բները կարող են ապրել առանց տերեւ, բայց այդպես էլ կմնան մինչեւ հաջորդ սեզոն, մինչեւ աճեն ճյուղեն ու տերեւները, որոնք նորից էտի կենթարկվեն: Պետք է վնասատուների դեմ պայքարի այլ միջոց գնտել, այլ ոչ թե ոչնչացնել կանաչ զանգվածը»:

Ավետ Մարտիրոսյանը նշեց, որ քաղաքի կանաչապատման խնդիրը   հրատապ խնդիր է: Նա հայտնեց ապրիլի 9-ին նախատեսվող շաբաթօրյակի մասին եւ հրավիրեց հասարակայնությանը մասնակցել ծառատունկի: Ծառատունկի համար ընտրված տարածքների վերաբերյալ հարցին Մարտիրոսյանը պատասխանեց,  որ ընտրվել են այն տարածքները, որոնք ունեն ոռոգման համակարգ՝ Ծիծեռնակաբերդ, Հաղթանակի զբոսայգի, Երեւանի բուսաբանական այգի:

Մարտ 23, 2016 at 18:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր