ՕՐՀՈՒՍԻ ԿՈՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԱՅՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ, ԹԵ ԺՆԵՎՈՒՄ ՆԱ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՕՐՀՈՒՍԻ ԿՈՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԱՅՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ, ԹԵ ԺՆԵՎՈՒՄ ՆԱ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԷկոԼուր

Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Աիդա Իսկոյանը հերքում է հասարակայնության ներկայացուցիչների պնդումն այն մասին, որ Ժնեւում՝ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի 27-րդ նիստում, նա ներկայացրել է կառավարությունը: Հաղորդագրությունը հրապարակված էր «ԱրմԻնֆո» գործակալության կողմից՝ «ՕՐՀՈՒՍԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԹԵՂՈՒՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԿԱՅԱՑՆԻ ՀՈՒՆԻՍԻՆ ԿԱՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ» վերնագրով նյութում, որը մարտի 25-ին տեղադրվել էր նաեւ www.ecolur.org կայքում:

«ԷկոԼուր»-ին ուղղված նամակում Աիդա Իսկոյանը ուշադրություն է հրավիրում հետեւյալ արտահայտության վրա. «Մարտի 18-ին` Ժնեւում, Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի 27-րդ նիստում քննարկվեցին Հայաստանի կողմից Կոնվենցիայի դրույթների կատարման հարցեր: ՀՀ կառավարությունը ներկայացրեց Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Աիդա Իսկոյանը…»:

«Նման արտահայտությունը միջազգային իրավունքի հիմնադրույթների եւ Օրհուսի կոնվենցիայի նպատակների եւ խնդիրների թյուրըմբռնման արդյունք է: Խնդիրը նրանում է, որ պետությունը, վավերացնելով որևէ միջազգային համաձայնագիր (որի տարատեսակ է նաև կոնվենցիան), դառնում է դրա կողմ  ամբողջապես: Կոնվենցիոն մարմիններում ազգային համակարգողը ներկայացնում է ոչ թե պետական այս կամ այն մարմինը, այլ պետությունը` որպես միջազգային համաձայնագրի կողմ:

Մեկ նկատառում ևս, Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի ընթացակարգերի համաձայն` հասարակայնության կողմից ներակայացված հաղորդագրությունների քննության ժամանակ ազգային համակարգողը ներկայացնում է պետությունը, բայց ոչ երբեք կողմերից որևէ մեկի շահերը: Այս առումով կարելի է մատնանշել համապատասխանության կոմիտեի պրակտիկան այլ պետություններից ներկայացված հաղորդագրություններով, երբ կառավարության պաշտոնական դիրքորոշումը ներկայացրել է ոչ թե ազգային համակարգողը, այլ կառավարության կողմից հատուկ լիազորված ներկայացուցիչը»,- նշված է Աիդա Իսկոյանի նամակում:

Ապրիլ 02, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր